HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն, Մոնտեվիդեոն եւ Ստեփանակերտի օդանավակայանը` հակառակ բանաձեւերին

Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան եւ Բաքուն  դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին: Հակահայ բանաձեւը, որ առաջադրվում է Բաքվի ներկայացուցչի եւ հովանավորվում Անկարայի կողմից, կրոնական հանգամանքի շեշտակի օգտագործմամբ համաիսլամական է դառնում նման վեհաժողովների ընթացքում. Եգիպտոսի դեպքում եւս տարաբնույթ ուղղություն պիտի չունենար: 

Այստեղ անշուշտ հիմնական թիրախը քարոզչական բնույթ ունի, նկատի ունենալով նման բանաձեւերի անարդյունավետությունը իրավաքաղաքական գետնի վրա. այսուհանդերձ թուրք-ադրբեջանական մարտավարությունը կարեւոր նպատակ է հետապնդում: Իսլամական այս երկրները ի վերջո ՄԱԿ-ի անդամ պետություններ են. Արցախի խնդրի նկատմամբ ՄԱԿ-ում տեղի ունենալիք քվեարկությունների ենթահող պատրաստելու են միտված եւ նրանց դիրքորոշումներն են կանխապատրաստում: Իսլամական երկրները իրենց վեհաժողովների եւ ՄԱԿ-ի համագումարներում Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշում պահելու հետեւողականության հանձնառությունը վերահաստատում են ամեն առիթով: 

Այս մարտավարության զուգահեռ ուղղությունը` Բաքվի կողմից արցախյան հակամարտության բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելն է: ՄԱԿ-ը թիվ 822,853,874 եւ 884 բանաձեւերով հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն ջանում է այդ բանաձեւերի իրավաքաղաքական տրամաբանության պարունակում լուծել հարցը: Իսլամական վեհաժողովների բանաձեւերը փոխադրել ՄԱԿ, որին զուգահեռ բանակցային ձեւաչափը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ:

Եգիպտոսի վեհաժողովի որդեգրած բանաձեւը նույն հանկերգներ է բովանդակում` տարածքային ամբողջականություն, ՄԱԿ-ի որդեգրած բանաձեւերի գործադրության պահանջ, մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժողովրդագրական բռնի ձեւափոխման դեմ բողոք, ինչպես նաեւ տնտեսական ապօրինի գործունեության ընդգծում: Այս բանաձեւում հատուկ մի կետ կարող է դիտարկվել իբրեւ հակազդեցություն Արցախի ապահոված հստակ առավելությանը: Բանաձեւը կոչ  է ուղղում պետություններին՝ իրենց պաշտոնական ներկայացուցիչներով չներգրավվելու ապօրինի գործունեության: 

Այս կետի ետեւում կանգնած թուրք-ադրբեջանական մտահոգությունը ավելի մասնակիորեն մեկնաբանելու համար օգտակար է նկատի ունենալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարությունում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուլուսի Քըլըճի  հետեւյալ հայտարարությունը.- «ՄԱԿ-ի կողմից որդեգրված չորս բանաձեւերում ադրբեջանական հողամասերի բռնագրավումը բացահայտ եւ հստակ կերպով նշված է: Հետեւաբար, բռնագրավված հողամասերի վերեւ գտնվող օդային տարածքը եւս Ադրբեջանին է պատկանում:

Բռնագրավված հողերի վերեւ թռիչքները ներկա կացությունում լարվածություն կստեղծեն եւ տագնապի խաղաղ լուծմանը կհարվածեն: Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողեր են (…): Այդ հողերի վերեւ բոլոր թռիչքները ապօրինի են: Մաղթում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ավելի արմատական միջոցառումներ կորդեգրի կանխարգելելոււ համար թռիչքները, որոնք հավելյալ լարվածության կարող են հանգեցնել: Կհուսանք, որ Հայաստանը Ադրբեջանի բռնագրավյալ հողամասերի վերեւ թռիչքներ չի կատարի: Հայաստանը պետք է բռնագրավված հողերից անմիջապես հեռանա»: 

Այժմեական երկու խնդիր նկատի ունի թուրք դիվանագետը այս հայտարարությունում: Առաջինը՝ կարող է Մոնտեվիդեոյի նախաճանաչման քայլը եղած լինել, իսկ երկրորդը, որ ուղղակի է ասվում` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման տեսանելիությունը: Այն կոչը` պետություններին չներգրավվելու «ապօրինի» գործունեություններում  նման երեւույթների է ակնարկում՝ առաջինի դեպքում անուղղակի, իսկ երկրորդի դեպքում՝ ուղղակի: 

Բանաձեւերի հաջողության դիմաց գետնի վրա քաղաքական ձախողություններ է կրում Բաքուն: Թե՛ Մոնտեվիդեոն եւ թե՛ Ստեփանակերտի օդանավակայանը այդ բանաձեւերի անարդյունավետությունը ընդգծող փաստեր են, որոնց վրա լուսարձակների կենտրոնացումը անհրաժեշտ նկատելը չի ենթադրում բնականաբար իսլամական վեհաժողովների թե ՄԱԿ-ում թուրք-ադրբեջանական գործոնի արձանագրած առավելությունների թերագնահատումը: Իսկ այստեղ, հայկական կողմի ճիգերի գերլարում պետք է Սփյուռքի  հասարակական կազմակերպությունների եւ պետական դիվանագիտական մեքենաների համակարգված աշխատանքները գործնականացնելու ուղղությամբ: 

Նախադրյալներ կան մտածելու որ իրոք, Մոնտեվիդեոն առաջնորդվում է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, իսկ Ստեփանակերտի օդանավակայան առաջին ժամանողներից կլինեն ԵԱՀԿ-ի բանագնացները: Այս վերջին իրողությունը կարող է  համոզիչ դարձնել, որ բանակցային գործընթացի ձեւաչափը պիտի շարունակի մնալ ԵԱՀԿը: Հակառակ` Անկարայի եւ Բաքվի ճիգերին եւ անցկացրած բանաձեւերին։

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter