HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Վարպետյան. ի գիտություն ԱԱԾ-ի

Նախաընտրական այս շրջանը հարուստ է արտառոց միջադեպերով, բայց հավելվում են առավել ապշեցուցիչները:

«Հայկական վարկած» կայքի 2013/02/15 թողարկման, «Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը» հաղորդաշարի 3-րդ բաժնում, հեղինակ Ա.Վահանյանը հանգամանալից ներկայացնում է հոկտեմբեր 27-ի ահաբեկչության իր վարկածը, և այն ավարտում բացառիկ արտառոց հետևյալ եզրահանգմամբ.

«Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին»:

Այսու, պարզվում է, որ «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին վերջ կտրվի արտերկրում մեր ինչ-ինչ կապերի բացահայտմամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս:

Հիշեցնենք, որ այս արտառոց անհեթեթությունը հրապարակվում է նախընտրական մի ժամանակահատվածում, երբ Հայապահպան նախաձեռնությունների համակարգման խորհուրդի «Ա. Վարպետյան-70» հոբելյանական միջոցառման առնչությամբ դիմվել և ստացվել է Մշակութային նախարարության արտոնությունը (տես ներքեւում): Մինչդեռ ՀՀ նախագահին ուղղված հայրենիք մեր կարճատև այցելության հայցը մնացել է անպատասխան և քննարկվում է ԱԱԾ գրասենյակներում:  Նկատի առնելով, որ նշյալ կայքը հաճախ է անդրադառնում ԱԱԾ  նյութերին, պետք է ենթադրել, որ «Հա, մեկ էլ 27...»  և «արտերկրում մեր ինչ-ինչ կապերի» վերջաբանը ակնհայտորեն առնչվում է վերջին հանգամանքի հետ, ըստ երևույթին, մի նոր զրպարտանքով հիմնավորելու համար թե՛ ընթացիկ մերժումը և թե՛ ընդհանրապես մեկ տասնամյակ է ի վեր մեր «գլխին սարքված գործը»:

Ուստի պարտ են ազդարարել.

- Սույն հայտարարությունը գալիս է աներկբա վկայելու, որ հայրենիքից մեր վտարումն ու տասնամյա հալածանքները հիրավի կապված են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ:
- Իրականում, մեր վտարման ու հալածանքների բուն պատճառների փնտրտունքներն էին, որոնք տարիներ հետո մեզ մղեցին «Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությանը: Այն մենք հրապարակեցինք  www.eutyun.org կայքում, իսկ անցյալ տարի վերջնականապես փակեցինք:

- Ոչ մեկ օտար տերություն այդ մասին տեղյակ չէ: Հետապնդումների հետ կապված ստիպված ենք եղել գրավոր սոսկ ակնարկել միայն 1-2 երկների, այդ թվում Ֆրանսիայի իշխանություններին, հայցելով իրենց միջամտությունը: Ոչինչ ավելին, բացարձակապես ՈՉԻ՛ՆՉ:

- Մենք մեր ամբողջ գիտակցական կյանքը կատարելապես անվարձահատույց նվիրել ենք հայ ազգի ինքնաճանաչման, պատմական ապաքինման և հարատևման որոնումներին: Հասել ենք աննախադեպ բացահայտումների ( կարևորագույնները՝ անտիպ) և կյանքի մայրամուտին՝ առանց երբևէ քաղաքականությամբ զբաղվելու կամ լինելու որևէ կուսակցության թե այլ կառույցի անդամ, բացի մեր իսկ հիմնադրած «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարից ու նրա «Հարատևման Ուխտ»  նախորդից:

- Պատրաստ էինք ամենայն համարել անցած, այսքանից հետո շարունակել ներդնել մեր կարողությունները նշյալ նպատակներին և երկրի բարօրությանը (այդ մասին առաջարկել ենք ՀՀ նախագահին, նշյալ հղմամբ): 

Իսկ եթե այս սովորական խառնակչություն չէ կամ ընթացիկ խարդավանք, և եթե այդ կեղտը մեր վրայից մաքրելու փոխարեն պիտի շարունակվեն առավել բանսարկումներ, ասպետորեն հայտարարում ենք.

Դիմելու ենք հարակից բոլոր տերություններին և համապատասխան հաստատություններին, խնդրելով բացահայտել մեր անձի հետ կապված որևէ ապօրենի, սքող կամ կասկածելի արարք, ինքներս մեր կողմից ներկայացնելով մեզ հետ կապված ամենայն, մինչև վերջին մանրուքը:
Հուսանք, որ այդժամ «հոկտեմբեր 27-ի» խնդրականը վերջնականապես կփարատվի:

Ալեքսանդր Վարպետյան


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter