HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունաքիմիկատների իրական ծավալը Հայաստանում դեռ անհայտ է

Նելլի Դանիելյան

Թունաքիմիկատների լքված պահեստի որոնումները մեզ տարան Արարատի մարզի Մասիս կայարանի տարածքում տեղակայված «Բերրիություն» ընկերություն:

Ներկայում այն գյուղատնտեսական պարարտանյութերի եւ սերմնացուի պահեստ է, մինչդեռ նախկինում հայտնի է եղել որպես թունաքիմիկատների պահեստ: Հենց այս`  թունաքիմիկատների նախկին պահեստում էր ամբարվել նաեւ անցյալ տարի աշնանը Ռուսաստանից Հայաստան ներկրված բարձրորակ ցորենի սերմնացուն:

Մի՞թե տարածք այցելած կառավարության ղեկավարն ու անդամներից եւ ոչ մեկը չէր նկատել այն, ինչ նկատեցինք մենք` ընկերության պահեստին մոտենալով: Հեռվից արդեն օդում զգացվում էր քիմիական նյութերի սուր հոտը, իսկ երբ մոտեցանք լքված պատերին, պատկերն առավել քան խոսուն էր: Այն պահեստը, որտեղ այժմ սերմնացու եւ պարարտանյութեր են պահվում, բավական մեծ ու հիմնավոր մի շինություն է, դրա երկաթյա մի քանի դարպասները կողպված են, ամուր տանիքն էլ պաշտպանում է պահեստը տեղումներից ու արեւի ճառագայթներից: Պահեստի վերջում, անմիջապես պատից այն կողմ մի ավիրված շինություն կա, որի մի պատը ներկայիս պահեստի շենքի հետ ընդհանուր է: Սա էլ հենց,  «Բերրիություն» ընկերության մեզ ուղեկցող աշխատակիցների մեկնաբանմամբ, թունաքիմիկատների «պահեստն» է:

Շինության մետաղյա ցանցից պատրաստված դուռը ոչ միայն կողպված չէր, այլեւ ընդհանրապես չէր փակվում` ժամանակի ընթացքում թաղվելով մուտքի քանդված հողի մեջ: Պատերը կիսաքանդ էին, տանիքն ու հատակն  ընդհանրապես բացակայում էին, ինչի հետեւանքով թույնով հագեցած անձրեւաջրերն ուղղակի ներծծվում են հողի մեջ:

Առանց որեւէ պահպանության, ուղղակի բաց երկնքի տակ այստեղ ավելի քան 1 տոննա թունաքիմիկատ է թափված գետնին. Պարկերը պատռվել ու քայքայվել են անձրեւի ու արեւի ներգործությունից, պլաստմասսե տակառները` ճաքել: Դրանցից դուրս թափված քիմիկատներն այնպես են խառնվել միմյանց, որ դժվար է կռահել, թե ինչ նյութեր են պահվել պահեստ կոչվող այդ ավերակում:

Արտահոսքն այստեղից անխուսափելի է, իսկ մեր անհանգստությունը, թե թունավոր նյութերը չե՞ն թափանցի արդյոք նոր պահեստ, Մասիսի «Բերրիություն» ՓԲԸ գյուղատնտես Մյասնիկ Գրիգորյանը փորձեց փարատել. «Այնտեղ 2 պատ պանել է դրված, մենք էլ պարարտանյութն այնպես ենք դնում, որ իրար չխանգարեն: Թույներն էն կողմ են դրված, մենք սելիտրան էս կողմ ենք դրել»: Ընկերության աշխատակիցը մեզ վստահեցրեց, որ ջրերի հոսքն այստեղ բացառված է: Դեպի լքված պահեստը մեզ ուղեկցող աշխատակիցները պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ ինչ-որ արտասահմանցի փորձագետ էր եկել, որը պահեստից փորձանմուշներ վերցնելու համար քիմիական պաշտպանության հատուկ համազգեստ ու հակագազ է հագել եւ նոր միայն մտել պահեստի տարածք: Դա այստեղ մշտապես աշխատող հայերին զվարճացրել էր: Իսկ աշխատակիցներից մեկն էլ, մեր անհանգստությանն ի պատասխան, կատակեց, թե քիմիկատներն այնքան են հնացել, որ դրանք նույնիսկ կարելի է ուտել ու ողջ մնալ: Մեր այցելության պահին պահեստի հարակից տարածքում երեխաներ էին խաղում, որոնց մուտքն այստեղ ոչ ոք չի արգելում: Պահեստի գոյության մասին գիտեն նաեւ պատկան մարմինները, տեղյակ են նաեւ, որ դրանում առկա թույները ենթակա են ոչնչացման:

Արտակարգ իրավիճակների նախարարության վերջերս կատարած հաշվառման արդյունքում  Հայաստանի միայն 4 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք) այսպիսի 9 պահեստ է հայտնաբերվել, մնացած մարզերում հաշվառումն ընթացքի մեջ է: Հաշվառված պահեստներում ընդհանուր առմամբ շուրջ 56 տոննա Ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի քիմիական միջոցներ կան, որոնք թեեւ անպիտան են դարձել գյուղատնտեսության մեջ օգտագործվելու համար, սակայն պահպանել են իրենց վտանգավոր հատկությունները եւ ի զորու են թունավորել շրջակա միջավայրը` թափանցելով հողի եւ լուծվելով ջրի մեջ:

Այս տխուր ժառանգությունը մեզ է հասել նախկին Հայգյուղքիմիա միավորման լուծարումից հետո: Խորհրդային տարիներին գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատների վերահսկողությամբ եւ բաշխմամբ զբաղվող «Հայգյուղքիմիա» միավորումը  90-ականների սկզբին` անկախացումից հետո, լուծարվեց, իսկ տարբեր մարզերում տեղակայված գրասենյակների շենք-շինությունները, այդ թվում եւ նախկին պահեստները մասնավորեցվեցին` դրանցում առկա քիմիկատներով հանդերձ: Նոր տերերը վաճառեցին այն ամենը, ինչ ենթակա էր վաճառքի, իսկ թունաքիմիկատներն այդպես էլ մնացին անտերության մատնված:

Թե անցած 21 տարիների ընթացքում ինչպես է ապահովվել վտանգավոր այդ թույների պահպանությունը, պետական որեւէ կառույցի չի հուզել: Եվ այժմ պարզվում է, որ պահեստների նոր տերերն ուղղակի դրանք թափել են բաց երկնքի տակ` այս ձեւով ազատելով իրենց տարածքը անպիտան ապրանքից:

Պահեստների նոր տերերին ի պահ տրված թույների ծավալի մասին որեւէ հստակ տեղեկատվություն պետական որեւէ մարմնում չի պահվել, որեւէ պետական մարմնի չի վերապահվել նաեւ դրանց պահպանման վերահսկողությունը: Այդ է եղել պատճառը, որ դրանց գոյության մասին կառավարությունում նույնիսկ մոռացել են: Համենայնդեպս, այդպես են իրենց անտարբերությունը մեկնաբանում այսօրվա իշխանությունները:

Եվ ահա, 21 տարի ուշացումով կառավարությունը փորձում է լուծել թունաքիմիկատների վնասազերծման հարցը: Այս նպատակով կառավարությունում  անցած տարի հատուկ հանձնաժողով է ձեւավորվել` Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ:

Հանձնաժողովի աշխատանքներն առայժմ սահմանափակվում են հանրապետության տարածքում առկա թունավոր նյութերի հաշվառումով, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկվեն հետո, պարզ չէ: ԱԻՆ  բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ գրասենյակի փորձագետների մասնակցությամբ այժմ մշակվում է համապատասխան փաստաթուղթ, որում նկարագրված կլինեն ռիսկերն ու հնարավոր լուծումները: Հովհ. Եմիշյանի խոսքով, միայն այդ փաստաթղթի պատրաստ լինելուց հետո միջազգային հանրության հետ կքննարկվեն մեր երկրում կուտակված թունաքիմիկատների ոչնչացման տարբերակներն ու ֆինանսավորումը: «Ցանկացած դեպքում դրա լուծումը ոչնչացումն է»,- նշում է պրն Եմիշյանը` հավելելով, որ դա կարող է լինել եւ հանրապետության ներսում, եւ դրսում: Բայց այս դեպքում ծագում է երրորդ երկրի տարածքով տեղափոխման խնդիրը, իսկ առաջին տարբերակով ոչնչացման համար Հայաստանը պետք է ձեռք բերի համապատասխան սարքավորումներ:

Մեր զրուցակիցը չթաքցրեց, որ քննարկվում է նաեւ երրորդ տարբերակը, որ ամենաանցանկալին է, այն  է` թունաքիմիկատների հավաքում եւ հետագա կոնսերվացում` մինչեւ դրանց ոչնչացման ֆինանսական հնարավորության ստեղծումը: Այսպիսի դառը փորձ  Հայաստանում արդեն կա Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի պարագայում, որի վտանգավորությանը բազմիցս անդրադարձել են բնապահպանները եւ լրատվամիջոցները: Այստեղ պահվող թունաքիմիկատներն արդեն մի քանի տասնամյակ սպասում են ոչնչացվելու իրենց հերթին: 2001 թ. Հայաստանը միացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Սթոքհոլմի կոնվենցիային` պարտավորվելով հայտնաբերել թեժ կետերը եւ հաշվառել ոչնչացման ենթակա նյութերի ծավալները: Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի` թունաքիմիկատները պետք է ոչ թե վերամշակվեն կամ վնասազերծվեն, այլ ոչնչացվեն, ինչը եւ կլինի խնդրի վերջնական լուծում: Կոնվենցիայի ստորագրումից 10 տարի անց, սակայն, դեռ ոչ միայն չի բացառվում դրանց հետագա պահման տարբերակը, այլեւ հստակ հաշվառված էլ չէ, թե ինչ ծավալի թունաքիմիկատ կա հանրապետության տարածքում:

Մասնագետները չեն բացառում նաեւ, որ, բացի թունաքիմիկատների կուտակման արդեն հայտնի դարձած վայրերից, Հայաստանում կարող են լինել նաեւ այլ` մասնավոր տարածքներ կամ անհայտ վայրեր, որտեղ ժամանակին թափվել կամ թաղվել են ժամկետանց, օգտագործման համար անպիտան քիմիական նյութեր:                        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter