
Մի՞թե պատմությունը կրկնվում է, կամ նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհարաժեշտության մասին
Հին, բայց ոչ հնացած խոսք է` պատմությունը կրկնվում է: Քսաներորդ դարում Ռուսական կայսրությունը երկու անգամ (թեև երկրորդ անգամ ՍՍՀՄ անվանումով) տրոհվեց` 1917-18թթ. և 1991թ.: Երկու անգամ էլ Հարավային Կովկասում առաջացան պետություններ, երկու անգամ էլ տարակարծություններ առաջացան այդ պետությունների սահմանների վերաբերյալ, և երկու անգամ էլ այդ իրավիճակը հանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարավային Կովկասի մասով) հաղթող դուրս եկավ:
Առաջին անգամ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը համոզեց-պարտադրեց հայկական զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ: Օրինակ` լայնորեն հայտնի է Արևելյան Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնի (William Thomson) 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշանական ամսաթիվ) ներկայիս Բերդաձոր գյուղում զորավար Անդրանիկին փոխանցված նամակի պատմությունը:
Նամակով Թոմսոնը Անդրանիկին հորդորում էր այլևս առաջ չշարժվել և չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էր նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պետք չէ ավելորդ բարդություններ ստեղծել. առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայասատանյան է լինելու, քանի որ բացառապես հայաբնակ էր:
Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած հավակնություններին և հոխորտանքին, երբեք, անգամ Թուրքիայի ռազմական օժանդակությամբ, ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկողություն (effective control) հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ իհարկե մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշևիկյան կուտը:
Թոմսոնը ճիշտ էր կամ մասամբ ճիշտ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյոք այդ որոշումն ի կատար ածվե՞ց:
Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ:
Ա/. Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը` Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ:
Բ/. Անդրբեջանի Հանրապետությունը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա, և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց:
Գ/. Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր հայտնի Տասնչորս կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 1918թ. հունվարի 8-ին: Այս անվիճելի սկզբունքն էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի` Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 1920թ. փետրվարի 24-ին հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը:
Դ/. Դաշնակից ուժերը Հարավային Կովկասում, ի սատարում իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:
Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք սրտի, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք ի՞նչ ունենք մենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը)` դիմացը խոստանալով համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի:
Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդյոք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորո՞ւմ է խաղաղությունը: Իհարկե ոչ: Իմ խորին համոզմամբ` այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում. այնքան ակնհայտ են տարբերությունները:
Հիմա` ամենակարևոր հարցը. ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսված էր նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին` Հարավային Կովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 1920թ. նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագային սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս` ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) «սկզբունքնորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները» (taking into account, in principle, of ethnographical data) (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, signed by representatives of British Empire, France, Italy, Japan, in the book: Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson, (prepared by Ara Papian), Yerevan, 2011, p. 106):
Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել երկու տարբերակով` նախնական` հիմք ընդունելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները, որոնցով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետության մաս, սակայն Հայաստանը Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները` հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը, որով Հայաստանի Հանրապետությանն է անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ադրբեջանին:
Այսօր ակնհայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջումի: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ-ն ուներ մինչև 1988թ.:
Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ադրբեջանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտավորությունները (լայն առումով` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու, իսկ ավելի նեղ առումով` զինադադարը հարգելու)` իրականացնում է Ադրբեջանին սիրաշահելու խիստ վտանգավոր քաղաքականություն:
Ի վերջո, խաղաղության պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռված լինեն: Ադրբեջանի կորցնելիքը հաստատ ավելի շատ է լինելու, և հետևանքն` ավելի աղետալի: Նաև թող մի քիչ էլ Արևմուքի գլուխը ցավի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն ավելի նվազ է, քանի նավթային աշտարակների կամ նավթա//գազամուղների:
Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժվար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի ակունքները գալիս են գրեթե երկու տասնամյակի խորքից: Սակայն այլ ելք չկա: Հատկապես` քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայությունն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխությունների հիմնական մղիչը:
Ի վերջո, եթե աշխարհի քաղաքական մեծավորները այսօր պատրաստ չեն կենսագործելու առնվազն երեք փաստաթղթի մեջ (տես` Հայաստանի սահմանները որոշող [Ազգերի լիգայի] հանձնախմբի զեկույցը և առաջարկները, 24 փետրվարի, 1920թ.; Սևրի պայմանագիր, հոդված # 92, 10 օգոստոսի 1920թ.; Վիլսոնի իրավարար վճիռ, հավելված 1, թիվ # 2) ամրագրված իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հավատարիմ կմնան իրենց այսօրվա կիսաբերան խոստումներին:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
21 հունիսի 2011թ.
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել