Սերժ Սարգսյանի վստահված անձինք տեղամասերում «արտոնյալ» են
Էջմիածնի թիվ 19/13 ընտրատեղամասում քաղաքապետարանի աշխատակիցները, ԵԿՄ-ական երիտասարդներն ու ավագանու անդամները ուղղորդում են ընտրողներին: Ավագանու անդամներից մեկը հենց մուտքի մոտ ընտրողներին բացատրում էր, թե քվեաթերթիկում, իր նախընտրած թեկնածուի անունը որ համարի տակ է:
«Գիտես չէ, նախավերջինին ես ընտրելու»,- ընտրողներին ասում էր ավագանու անդամը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին: Հանձնաժողովի անդամները դիտորդի դերում էին եւ չէին միջամտում: Ավագանու անդամը արդարացավ, թե իր քրոջն է ուղղորդում, մինչդեռ նա Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու ցուցում տալիս էր «քրոջ» շուրջը հավաքված մոտ 10 ընտրողի:
Հանձնաժողովի անդամները, նախագահ Սուրեն Եղիազարյանի գլխավորությամբ, լռում եւ պասիվ գործելաոճ են որդեգրում, երբ տեղամաս մտնում են մարդիկ, ովքեր ընտրելու համար չեն եկել: Մի քանի երիտասարդներ զբաղված են տաքսիներով ընտրողներ բերելով: Նրանց կարգադրում է թիվ 19/13 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Բենիկ Շամիրյանը:
Նա անարգել մոտենում է ստորագրված ընտրացուցակներին եւ հեռախոսով ցուցումներ տալիս: Երբ հետաքրքրվեցինք, թե ում անուններն է փնտրում, վստահված անձը նշեց. «Տեսնեմ ընտանիքիս անդամները եկել են ընտրության, թե ոչ»:
Բենիկ Շամիրյանը տեղամասի ներսում շատ քիչ է լինում: Նրա գործառույթը հիմնականում դրսում ցուցումներ տալն է: Նա նույնիսկ իր օգնությունն առաջարկեց այլ ընտրատեղամասերում քվեարկող հանձնաժողովների անդամներին քվեարկության տանելու հարցում:
Նշենք, որ ժամը 15-ի դրությամբ 1949 ընտրողից քվեարկել է 550-ը: Բ. Շամիրյանը նույնպես դժգոհում է, որ մարդիկ չեն գալիս ընտրությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել