
Խմբված երիտասարդներ և Սերժ Սարգսյանի՝ 10/19-ից 10/18 ընտրատեղամաս այցելող վստահված անձ
Խաչիկ Դաշտենցի անվ. միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասի առջև ժամը 16:50-ի դրությամբ մի քանի երիտասարդ էր խմբված: Նրանք ամեն կերպ խուսափում էին լուսանկարվելուց, միանգամից շրջվում էին, բայց չէին հեռանում ընտրատեղամասի առջևից:
Հարցին, թե արդյոք ընտրողներ են, երիտասարդները պատասխանեցին, որ արդեն ընտրել են: Հարցին, թե ինչու են հավաքվել ընտրատեղամասի առջև, պատասխանեցին. «Մեր բակն ա որովհետև, ամեն օր ենք էստեղ կանգնած, վաղն էլ էլի մեզ ստեղ կանգնած կտեսնեք»:
«Էս դպրոցն ենք էկել նախ, ստեղ ենք, էլի, սովորել մի 20 տարի: Համ էլ առիթ ա՝ ընկերներին հանդիպելու: Օրինակ՝ Աշոտին 4 տարի չէի տեսել»,- ասաց նրանիցից մեկը: «Ընտրությունները լավ առիթ ա՝ հանդիպելու»,- ասաց մյուսը:
Նրանց մոտեցավ մի տղամարդ՝ Հովսեփ Հարությունյանը, ով քիչ անց մեզ ասաց, որ Սերժ Սարգսյանի վստահված անձ է: Րոպեներ առաջ Հովսեփ Հարությունյանը մոտեցել էր 10/19 ընտրատեղամասի հանդիպակաց մայթին տեղակայված 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ղազարյանին և ցածրաձայն ինչ-որ բան ասել նրան: Հարցին, թե ինչու էր գնացել ուրիշ ընտրատեղամաս, Սերժ Սարգսյանի վստահված անձը պատասխանեց. «Ես ուղղակի գնացի, ընդեղ ընկերոջս տեսա, կարոտել էի, տեսա ու էկա»:
Մեր հարցին, թե արդյոք երիտասարդները նույն բակից են, Հովսեփ Հարությունյանը պատասխանեց՝ «երևի», իսկ հետո ասաց, որ իրենց բակից են, ինքն էլ է նույն բակից, նրանց բոլորին ճանաչում է, երիտասարդները «իմ ընկերների, իմ հարևանների էրեխեքն են»:
«Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդ Դավիթ Զաքարյանն ասաց, որ առավոտից 10/19 ընտրատեղամասում է, խախտումներ չի նկատել և ընտրատեղամասից բացակայել է կարճ ժամանակով:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Ռուզաննա Կոստանյանը «Հետքին» ասաց, որ ժամը 16:55-ի դրությամբ քվեարկել է 1910 ընտրողից 803-ը:
Հարցին, թե ինչու են երիտասարդները հավաքվել ընտրատեղամասի առջև՝ Ռուզաննա Կոստանյանը արձագանքեց, թե ո՞ւր են: Երբ հանձնաժողովի նախագահին մատնացույց արեցինք խմբված երիտասարդներին, նախագահն ասաց. «Ընտրություններ ա, կանգնած են, իրենց բակն ա, մեր բակի էրեխեք են»:
Ռուզաննա Կոստանյանը նշեց, որ 10/19 ընտրատեղամասում «բացարձակ ոչ մի խախտում» չի արձանագրվել: «Շատ հանգիստ, շատ նորմալ սկսել ենք, կարգով առաջնորդվում ենք, ամեն ինչ նորմալ է»,- հավելեց նա:
Մեկնաբանել