
Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում
Քիչ առաջ Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում «Հետքի» լրագրողը ընտրակեղծիքի դեպք հայտնաբերեց:
Երիտասարդ տարիքի մի կին քվեարկելուց հետո մոտեցավ քվեատուփին, որպեսզի քվեաթերթիկը կնքի, սակայն «Հետքի» լրագրողի պահանջից հետո անձնագիրը ստուգվեց և պարզվեց, որ անձնագրի «տերը» 1957 թ. ծնված ոմն Ժանետա Գեղամյանն է:
ԻԵԿ ՀԿ դիտորդ Դավիթ Խաչատրյանը դեռևս դրսից նկատել էր, որ կինը ներս մտավ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ, Նորաշենի գյուղապետ Արտուշ Սարգսյանի հետ՝ դրսում երկար խոսակցություն ունենալուց հետո:
Բարձրացված աղմուկից հետո կինը գյուղապետի օգնությամբ արագ հեռացավ, կազմվեց արձանագրություն, գրանցվեց մատյանում:
Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Սարգսյանն ասաց, որ Ժանետա Գեղամյանը ծանր հիվանդ է և չի կարողացել գալ ընտրության, իսկ նրա փոխարեն ընտրող կնոջ մասին ասաց, որ «մտավոր հետամնաց է», սակայն կինը բոլորովին էլ նման տպավորություն չէր թողնում: Տիկին Հրանուշը հրաժարվեց ասել նրա անունը՝ պնդելով, որ գյուղի 3500 բնակչի անունը անգիր չգիտի, մինչդեռ դրանից առաջ «պարծենում էր», որ գյուղում ծնվել-մեծացել է, և չկա մարդ, որին «յոթ պորտով» չիմանա:
Ի դեպ, գյուղապետը ժամանակ առ ժամանակ մեկ ժամով անհետանում է տեղամասից, իսկ նրա գալստյան հետ մեկտեղ ընտրողների հոսքն անմիջապես շատանում է:
Ժամը 6-ի դրությամբ այս ընտրատեղամասում մոտ 1500 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 750 ընտրող:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել