Իշխանասար գյուղից Սիսիան տանող ճանապարհը մենք որոշեցինք անցնել ավտոստոպի միջոցով: Առաջին իսկ պատահած մեքենան՝ կապույտ ՌԱՖ-ը, հաճույքով վերցրեց մեզ: Պարզվեց` սա Սիսիան – Շամբ-Լծեն-Սիսիան երթուղայինն էր, որ գյուղից գյուղ է տեղափոխում սիսիանցիներին: Վարորդը կամ ինչպես ինքն իրեն անվանեց՝ «ավտոբուսի շոֆեր» Մելիքը պատմեց, որ նախընտրական շրջանում ստիպված է եղել Սերժ Սարգսյանի քարոզչական բուկլետը դնել մեքենայի դիմապակուն, բայց ինքը Պարույր Հայրիկյանին է հավանում:
Մելիքը երկու դպրոցահասակ երեխաներ ունի, զբաղվում է նաեւ առեւտրով եւ անասնապահությամբ. «Ես համ գիծն եմ քշում, համ էլ խանութով եմ զբաղվում: Ծնողներս էլ անասուններն են պահում: Կինս դպրոցում է աշխատում, երեխաներս էլ սովորում են. տեսնենք եթե ուզենան, կընդունվեն, կշարունակեն»,- ասում է Մելիքը:
Ամեն առավոտ նա գործի է գցում կապույտ ՌԱՖ-ը, քշում Սիսիանի այդպես էլ չվերականգնված ճանապարհներով, անցնում գյուղեգյուղ, հավաքում իր մշտական ուղեւորներին ու կրկին շարժվում դեպի Սիսիան: Չնայած մեքենայի անհարմարավետությանն ու ճանապարհների անսարք վիճակին՝ Մելիքը սիրում է իր աշխատանքը. «Հա, սիրում եմ էս գործը: Գյուղացի են, նստում են, խոսում ենք, մինչեւ տեղ կհասնենք էլի»,- ասում է նա:
Մելիքը երբեմն հոգնում է դռդռացող մեքենայի ձայնից, բայց չի դժգոհում. «Դե, գործ ա, անում ենք էլի. ավելի լավ ա, քան պարապ մնալը»,- ասում է նա:
Մեկնաբանել