Վահրամաբերդի 300 աշակերտի համար նախատեսված դպրոցում ընդամենը 150 երեխա է սովորում
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանն անցյալ տարի՝ փետրվարի 12-ին, կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր՝ հաղթելով մրցակցին: Ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն գյուղի զարգացման քառամյա ռազմավարական նոր ծրագիրը դեռևս հանձնված չէ թղթին: Աղվան Մարտիրոսյանն ասաց, որ իներցիայով շարունակել են առաջնորդվել 2008-2012 թթ. համար կազմված ծրագրով, իսկ նոր ծրագրով դեռևս լրջորեն չեն զբաղվել:
Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Նարինե Սուքիասյանն էլ պատճառաբանեց, թե որոշ ծրագրեր կային, որոնք պիտի սկսվեին ու ավարտվեին 2012թ. ընթացքում, այդ պատճառով նոր քառամյայում դրանք ընդգրկելու կամ չընդգրկելու հարցում պիտի սպասեին:
«Օրինակ, մշակույթի տան կառուցումը,- նշեց համայնքապետը,- նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը կազմված էին, բայց էլի չէի հավատում, թե կառուցվելու է: Մեր համայնքում, ես չգիտեմ ինչն է պատճառը, բայց էնքան դժվարությամբ են ծրագրեր իրականացնում, որ հավատս չէր գալիս, թե այս կառույցն ունենալու ենք: Սա էլ նախագահի նախընտրական ծրագրերի շրջանակում էր, երևի դրա համար էլ կյանքի կոչվեց»:
Ըստ նախահաշվի՝ շինարարության արժեքը 234 մլն դրամ էր: Շինությունը կառուցվել է երկրաշարժից փլված ակումբի շենքի տեղում, որից միայն մի պատն էր պահպանվել՝ Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարով:
«Որմնանկարը, մեզ հասած տեղեկություններով, կոչվում է ոչ թե «Հայաստան», այլ «Սպասում», բայց էս պարագայում ամենակարևորն էն է, որ արդարացավ վահրամաբերդցիների 24 տարվա սպասումը՝ փրկվեց որմնանկարը, այն մնաց գյուղում, և արդյունքում մենք ունեցանք ահա այսպիսի հոյակապ շինություն, որը շահագործման հանձնվեց 2012թ. հոկտեմբերին»,- ասում է Աղվան Մարտիրոսյանը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ նորակառույց շենք են տեղափոխվել համայնքապետարանը, գրադարանը, փոստի բաժանմունքը և արվեստի դպրոցը:

«Մեկ-երկու սենյակ ուզում ենք կահավորել նարդի-շախմատի սեղաններով, արդեն հայտարարություն ենք տվել, որ բիլիարդի սեղան ենք ուզում գնել, թենիսի սեղան ենք տեղադրելու, մի խոսքով, ցանկանում ենք վահրամաբերդցիների ազատ ժամանակը կազմակերպելու հնարավորություն ստեղծել»,- նշում է Աղվան Մարտիրոսյանը:
1880 բնակիչ ունեցող գյուղական այս համայնքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ մշակում են հացահատիկ և կարտոֆիլ: Լինելով հարթավայրային բնակավայր՝ այստեղ անասնապահությունն այնքան էլ զարգացած չէ, ինչպես լեռնային շրջաններում:
Մոտ 6 մլն դրամ սեփական եկամուտ ունեցող Վահրամաբերդի բյուջեն այս տարվանից մասնատվել է: Համայնքների վարչատարածքային բաժանման մասին օրենքում 2008թ. կատարված փոփոխությունների արդյունքում Վահրամաբերդին պատկանող հողատարածքներից 250 հա-ը տրվել է հարևան Մարմաշեն համայնքին: «Դա էլ նշանակում է, որ մեր բյուջեից 1 մլն 300 հազար դրամը մուտք է լինելու Մարմաշենի բյուջե»,- ասում է Աղվան Մարտիրոսյանը:
Վահրամաբերդցի Սոս Ավագյանը գյուղում սեփական հողակտոր չունի: Սեփականաշնորհման ժամանակ Վահրամաբերդում չի ապրել, 1995-ին է վերադարձել ու հիմա 5 անձից բաղկացած ընտանիքը պահելու համար վարձակալած 6 հա հողն է մշակում:
«Հիմի էն 2 հա-ի փողը պիտի Մարմաշեն տանիմ,- բացատրում է Սոսը,- բայց ըդիք ինչքանով է ճիշտ՝ մեր բյուջեն փող օր չմտնի, մեր գյուղի գործերն ինչով բդի առաջ էրթան: Հեչ խելքին մոտիկ բան է, օր Մարմաշենի գյուղապետը գա մեզի համար լույս քաշե, իհարկե չի գա, բայց արի ու տես, օր հողի վարձը իրան բդի տանք: Անարդար որոշում է, իմ կարծիքով»:
Վահրամաբերդի սեփական եկամուտները մոտ 6 մլն դրամ է, որից հողի հարկը կազմում է մոտ 3 մլն դրամ: 1 մլն 300 հազար դրամը հողերի ընդունում-հանձնումից հետո կմուտքագրվի Մարմաշեն համայնքի բյուջե: Վահրամաբերդը պետությունից դոտացիա ստանում է 21 մլն դրամի չափով:
Տարեկան 1 մլն 200 հազար դրամ տրամադրվում է դպրոցի շենքում գործող նախակրթարանին, որտեղ մոտ 30 երեխա է հաճախում: 3 մլն 100 հազար դրամ բյուջեից հատկացվում է երաժշտական դպրոցին, մոտ 14 մլն դրամ էլ կազմում է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը:
Համայնքապետն ասում է, որ սեփական եկամուտներից պակասող 1 մլն դրամն այդքան էլ մեծ գումար չէ, սակայն դրանով կկարողանային սոցիալապես անապահով ընտանիքների համար աջակցության գումար ապահովել, փողոցները խճապատել, գիշերային լուսավորության կետերն ավելացնել:
«Դե, ամեն դեպքում գումար է, որ պակասում է մեր աղքատիկ բյուջեից, և որով ինչ-որ մանր-մունր գործեր կկարողանայինք իրականացնել: Կառավարությունը խոստացել էր, որ այդ այսպես կոչված «վնասը» փոխհատուցելու է դոտացիայի գումարն ավելացնելու հաշվին, բայց միայն 3 տարի հետո: Փաստորեն, մինչև էդ պիտի մի կերպ յոլա գնանք»,- ասում է Աղվան Մարտիրոսյանը:
Գյուղից և ավանային մեկ թաղամասից բաղկացած Վահրամաբերդի ղեկավարումը վերջին տարիներին մի փոքր դժվարացել է: 120 հա-ի վրա գտնվող գյուղական բնակավայրի կազմում 2007թ.-ից ընդգրկվեց նաև նրա վարչական տարածքում գտնվող Լենգեսավանը՝ 4 բազմաբնակարան շենք 210 բնակչով: 1928թ. հիմնադրված ավանի 3 հարկանի բազմաբնակարաններում հիմնականում բնակվում են նախկին ԼենԳԷՍ հէկ-ի աշխատակիցների ընտանիքները:
Երկրաշարժից հետո հէկ-ը 10 տարի չգործեց, 1997թ. սեփականաշնորհվեց և կոչվեց «Գյումրի» հէկ, ստեղծվեցին նոր աշխատատեղեր: Ավանը երկրաշարժից հետո, ինչպես և խորհրդային տարիներին, Գյումրի քաղաքի ենթակայության էր և միայն 5 տարի առաջ մեկ որոշումով քաղաքաբնակ համարվողները դարձան գյուղաբնակներ:
«Հմի մեր հասցեն կկոչվի գ.Վահրամաբերդ, Լենգես թաղամաս,- ասում է Ռազմիկ Նիկոյանը:- Մենք հըմի էլ, ինչխոր առաջ, հողազուրկ ենք, անասուն էլ չունինք: Բոստանի պես բանըմ ունինք, կանաչի բան կցանենք, բայց հող, որպես էդպիսին չունինք: Ես գէս-ն եմ աշխատել, բայց հըմի թոշակառու եմ, տունն եմ: Գէս-ը 23 աշխատող է մնացել, առաջվա նման չէ, օր ըսեմ, թե աշխատատեղ կա, աշխատինք -ապրինք, հող չունենալն էլ աչքերիս չերևա»:
Լենգեսավանի մեկ այլ բնակչուհի՝ թոշակառու Աիդա Ամիրխանյանը, տառապում է շաքարախտով: Ասում է, որ Վահրամաբերդի բնակիչ դառնալուց հետո պոլիկլինիկա հասնելն իր համար 3 անգամ դժվարացել է: «Էն ժամանակ ավտոբուսը կնեստեինք, ուղիղ կերթայինք Գյումրիի դանիական հիվանդանոցն օր դեղ ստանայինք, հըմի բդի մեկըմ էրթաս հարևան Մարմաշեն գյուղի բուժամբուլատորիա, ընդեղից ուղեգիր տան, հետո նորից բդի տրանսպորտ նստիս օր հասնիս Գյումրի, ընդեղից էլ Ախուրյան, օր ինչ է թե պոլիկլինիկայից քեզի հարակավոր դեղերը ստանաս»,- դժգոհում է տիկին Աիդան:
«Ես շատ գուզեմ դպրոցի մասին խոսամ,- հարևանուհուն ընդհատելով՝ շարունակում է լենգեսավանցի Նաիրա Հակոբյանը:- Երկու երեխես դպրոցահասակ են: Ամեն օր ոտով 2 կմ կանցնին Վահրամաբերդի դպրոցն էրթալու համար: Քաղաքաբնակից գյուղաբանկի անցնելու հետ ըսածս կապ չունի: Պրոբլեմը միշտ էլ եղել է, բայց լուծում տվող չի եղել: Մեկ-մեկ կմտածես, թե ավելի հեշտ է տրանսպորտով երեխուդ Գյումրի տանիս դպրոց, քան թե գյուղի մեջ կեթան էս քարուքանդ ու ցեխոտ փողոցներով»:
Վահրամաբերդ համայնքի ղեկավարը լավատեղյակ է գյուղի խնդիրներին, պարզապես, ինչպես բոլոր փոքր բյուջե ունեցող համայնքներում, այնպես էլ Վահրամաբերդում 2 կամ 3 մլն դրամով շատ քիչ բան է հնարավոր իրականացնել:
«Փողոցների բարեկարգումը մեր ցավոտ կողմն է, կարողանում ենք կոպճային եղանակով ամրացում կատարել, բայց դե դա մնայուն բան չի: Գյուղում ընդամենը 17 կետ գիշերային լուսավորություն ունենք անցկացրած, որ էլի ցածր ցուցանիշ է: Աշխատել ենք, որ հատկապես լուսավոր լինի գյուղի միջով անցնող Գյումրի-Ամասիա մայրուղին: Բավականին վտանգավոր ճանապարհատված է, մարդիկ երեկոյան անցուդարձ են անում, վթարների հավանակությունը մեծ է»,- բացատրում է համայնքապետը:
Բացի դրանից՝ ինչպես նշեց, խմելու ջրագծի հիմնանորոգման, մանկապարտեզ կառուցելու ծրագրեր ունեն, սակայն սեփական բյուջով հնարավոր չէ դրանք իրականացնել:
Վահրամաբերդում զբոսաշրջության զարգացնելու հրաշալի նախադրյալ է ստեղծում հարևանությամբ, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի միջնադարյան վանական համալիրը, որը գյուղից հեռու է ընդամենը 2 կմ: Ամռանն այստեղ բավական շատ օտարերկյա զբոսաշրջիկներ են այցելում, սակայն վանք տանող ճանապարհն անմխիթար վիճակում է: Մեկ անգամ եկողը խուսափում է երկրորդ անգամ գալուց:
«Եթե մեզ օգնեին, կարողանայինք ասֆալտապատ ճանապարհ ունենալ, ակտիվ ընդգրկված լինեինք զբոսաշրջային երթուղիներում, որոշ ինֆրաստրուկտուրաներ փորձեինք զարգացնել, գուցե այդ ժամանակ էլ վահրամաբերդցին սկսեր մտածել հյուրատների մասին: Բիզնեսի մի ձև էլ դա է, որ էսօր գյուղացուն կկապեր գյուղին»,- կարծիք է հայտնում Աղվան Մարտիրոսյանը:
Վերջին տարիներին տան դուռը հիմնովին կողպել ու Վահրամաբերդից հեռացել է 12 ընտանիք: Ամեն տարի գյուղից 400-450 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Պակասել է ծնելիությունը: 300 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցում ներկայում ընդամենը 150 երեխա է սովորում:
«Ես 3 երեխա ունիմ, իրեք տեղ կաշխատիմ, հող կմշակեմ, հազիվ կհասցնեմ ընտանիք պահեմ,- արդարանում է վահրամաբերդցի Սոսը:- Մարդիկ հըմի մեկ-երկու երեխուց ավել չեն ունենա: Ունենան, ինչո՞վ պահեն: Գիտեք, թե առաջվա գյուղացին է, օր ինքը կապրեր, սաղ քաղաքն էլ հետը կպահեր: Հմի մենք կարտադրենք, չենք կրնա իրացնե: Կաշխատինք, բայց չենք կրնա ապրի: Վատն էն է, օր էսօր վերևները գյուղացուն մենակ խոստումներով կկերակրեն: Թե չէ, ինչ է էղել, գյուղը գազը քաշած, ջուրը կա, լույսը կա, բայց հլը արի տես քանի տոկոսն է ի վիճակի էդ ամենը վայելելու»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել