
Կարեն Հովհաննիսյան. երիտասարդ գիտնականը մեզ մոտ լավ հեռանկար չի տեսնում
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Կարեն Հովհաննիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Բնագավառը՝ տեսական ֆիզիկա: Ատենախոսության վերնագիրը՝ «Սառեցման ֆունդամենտալ քվանտային սահմանափակումները»։ Postdoc Բարսելոնում՝ ICFO - The Institute of Photonic Sciences հետազոտական ինստիտուտում:
-Կարեն, ծանոթության կայացման մի քանի հարց: Ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ, նախասիրություններ, կյանքի, մասնագիտական կարիերայի շրջադարձային պահեր:
-Դժվար է պատասխանել… Երևի մտածելակերպս է այնպես ձևավորվել, որ դա հետաքրիր է դարձել ու հետո էլ այնպես է դասավորվել, որ կոնկրետ այդ հետաքրքրությունն է մասնագիտություն դարձել: Հետաքրքրվում եմ շատ բաներով: Երբ մի բան «սպառվում է», անցնում եմ մեկ այլ բանի: Գրականությունն ու ֆիզիկան դեռ չեն սպառել իրենց: Իսկ շրջադարձային պահերը շատ դժվար են տարբերակվում սովորականներից. ժամանակը ցույց կտա: Դե, ու` կյանքիս մասնավոր պատմությունները դժվար թե հետաքրքրեն ընթերցողին…
-Լավ, այդ դեպքում, անցնենք գիտությանը վերաբերող հարցերին… (հարցեր, որոնք չեն հնչելու, բայց հասակալի կդառնան պատասխաններից)
-Թե կոնկրետ ինչ գիտական խնդիրների վրա եմ աշխատել և աշխատում հարցի վերաբերյալ ասեմ, որ հիմնականում հետաքրքրվում եմ քվանտային մեխանիկայի և վիճակագրական ֆիզիկայի խնդիրներով: Տպագրություններ և հաջողություններ ունեմ: Կարծում եմ՝ մանրամասն թվարկելու կարիք չկա, առավել ևս, որ կա Google Scholar, որտեղ կարելի է գտնել ցանկացած հեղինակի աշխտանքներն ու դրանց վրա հղումները: 2012-ին թեկնածուականս էի պաշտպանում ու աշխատանք փնտրում/ընտրում: Հասցրել եմ մասնակցել միայն մեկ դպրոց-գիտաժողովի, որը նվիրված էր քվանտային ֆիզիկայի հիմունքներին, և հանդես գալ մի քանի զեկույցով, որոնք ունեին դասախոսության ձևաչափ, ներկայացրել եմ «քվանտային թերմոդինամիկա» բաժինը:
Գիտական համագործակցություններն ու/կամ դրամաշնորհները, որտեղ ընգրկված է մեր խումբը, բավական շատ են թվարկելու համար: Իմ փորձով կարող եմ ասել, որ նման «ընդգրկվածությունները» շատ օգտակար են մասնավորապես նրանով, որ որակապես հեշտացնում են մարդկանց տեղաշարժերը և, այդպիսով, ընդլայնում «գիտական խումբ» գաղափարը` ի «ոլորտով հետաքրքրված մարդիկ» գաղափար: Այդ դեպքում, մի նախագիծը կարող են անել շատ տարբեր գիտելիքներով մարդիկ՝ այդպիսով, ստանալով արդյունքներ, որ մեկ մարդը չէր կարող ստանալ. ամեն ինչ իմանալ հնարավոր չէ:
Հայաստանում բնագավառների մեծ բազմազանություն չկա: Կան որոշ բնագավառներ, որտեղ մարդիկ արդյունավետ աշխատում են: Տեսական ֆիզիկայում մեզ մոտ կան հատուկենտ շատ արդյունավետ մարդիկ: Բայց այդ «հանրությունները» փոքր են, և, կարծում եմ, բավական ինտեգրված իրար հետ: Ավելի մեծ ու լուրջ նախագծերի համար, իմ կարծիքով, պետք են ավելի շատ ակտիվ աշխատող երիտասարդներ, նրանց կրթող, լավ ու ժամանակակից հետազոտություններին համապատասխան, և նրանց ստեղծագործական մղումները խրախուսող ղեկավարներ:
Թվարկածս երեք բաղադրիչներն էլ կաղում է մեզ մոտ: Ասելքիս միայն քննադատություն չէ թերևս. շատ ակտիվ երիտասարդներ էլ կան, շատ լավ դասախոսներ էլ կան ու տաղանդավոր ու պրոֆեսիոնալ գիտնականներ էլ կան: Խոսքը վերջիններիս քանակության և միջազագային կապերի քչության մասին է: Ինչպես նաև, մի քիչ հնացած կրթական ծրագրերի մասին: Բայց սա իմ դիտարկումն է, և կարող է՝ միայն փոքր մասով է համապատասխանում իրականությանը: Ուրախ կլինեի, որ այդպես էլ լիներ:
Գիտական մրցանակները կարևոր են, եթե տրվում են ոչ թե լավ ուսանող լինելու համար (նմաններից ունեմ) այլ միջազգային մասշտաբով, մեկից ավել կարևոր և ազդեցիկ արդյունքներ ունենալու համար: Դրանցից չունեմ, ցավոք, հուսով եմ՝ դեռևս: Այնուամենայնիվ, դրանք չպետք է նպատակ հանդիսանան:
Եթե անձնական ներդրումս զգալի չի լինում, համահեղինակությունից հրաժարվում եմ (միջինում 2-4 հեղինակ են): Առհասարակ, քանակապես գնահատել թե ով ինչ ներդրում ունի, իմ կարծիքով, հնարավոր չէ, առավել ևս՝ տեսական աշխատանքներում, եթե բացառենք տրիվիալ դեպքերը, երբ հեղինակներից ռեալ միայն մեկն է ամեն ինչ արել կամ հեղինակներից ինչ-որ մեկն ուղղակի ինչ-որ հաշվարկ է արել՝ առանց բովանդակությանը միջամտելու կամ այլ դեպքեր: Մնացյալ դեպքերում դա ուղղակի կոլեկտիվ ստեղծագործություն է:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները հարցի շուրջ… Սա շատ գլոբալ և առանձին թեմա է, իսկ ես արդեն հասցրի շատ խոսել: Կարծում եմ՝ ամեն ինչն էլ փոխկապակցված է. պետության մոտեցումը և հասարակության գնահատականը որոշում են միմյանց, և մեզանում երկուսն էլ ագրեսիվ արհամարհական են: Այդ վերաբերմունքի և ֆինանսավորամն սղությունը բերել են համակարգի (և դրա ոչ բոլոր, բայց որոշ կարկառուն ներկայացուցիչների) փտման: Այդ մթնոլորտը խիստ քայքայիչ ազդեցություն է ունենում հետազոտողի վրա, անգամ եթե նա հաջողացնում է (արտաքին դրամաշնորհների կամ այլ միջոցով) համեմատաբար անկախ լինել այդ ամենից:
Երևի մի պահ մի բան սխալ է գնացել: Չէ՝ շատ բան: Վերը գրածս իմ տեսած պատկերն է, որը լուծում չի առաջարկում: Հնարավոր լուծում կարող է, երևի, լինել այն, որ փտած համակարգը թողնել ու զուգահեռ ստեղծել լավ համակարգ: Այդ դեպքում, վերջինում գտնվող առողջ տարրերը կանցնեն այդտեղ, կգա նաև երիտասարդությունը, կգա նաև դրսում գտնվող լավ գիտնականների որոշ մասը: Կգան արտասհամանցի լավ գիտանականներ, ու Երևանը կունենա միջազգային գիտական կենտրոն(ներ) ունեցող քաղաք՝ ինչպես շատ եվրոպական քաղաքներ: Դրա համար պետք են հստակ չափանիշներ (կարելի է օգտագործել, ասենք, եվրոպական գիտական հասարակությունում շրջանառվողները. չեմ ասում, որ դրանք իդեալական են, բայց աշխատում են), համապատասխան ֆինանսներ և հետևողականություն:
Մարդկային ռեսուրս կա: Պարզեցված և քիչ թե շատ ակնհայտ տեսություն է, և ըստ էության, հանգում է նրան, որ եթե պետությունն ուզի՝ կանի: Ու գումարներ էլ կան: Հարուստ երկիր չենք, բայց ՀՆԱ-ի մի երկու-երեք տոկոսն ու դրա օպտիմալ կիրառումը կարծես կբավականացնեն: Գիտություն ասելով՝ հասկանում եմ հենց գիտությունը, որն ինժեներիան չէ, չնայած որ շատերը խառնում են ու, չափազանցացրած ասեմ, ուզում են մարդիկ լաբորատորիայում նստեն ու օրը մի սարք պատրաստեն ու ծախեն: Դե դա անհեթեթություն է: Երկիրը ներդնում է գիտության մեջ երկրի ապագայի համար: Ու կոնկրետ կառավարիչը կոնկրետ այդ պահին չի շահում դրանից:
Վերևում գրածիցս ակնհայտ է, որ մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխությունները՝ որպես խնդրի լուծում, չեմ տեսնում: Չնայած, համարում եմ, որ լավ է. ինչ վատ է՞ որ: Առավել ևս, որ եթե ճիշտ արվի այդ ամենը, դա կարող է նաև նպաստել հասարակության կողմից գիտությունը կարևորել սկսելու գործընթացին:
Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս բոլոր չափանիշներն էլ կարևոր են: Բայց ազդեցության զգալի գործակցով տեղերում տպագրելը, իհարկե, լավ է, սակայն այդքան էլ դժվար չէ: Իսկ թարմ հետազոտությունները չեն կարող շատ մեծ հղումներ ունենալ, քանի որ ժամանակ է պետք: Էնպես որ, դրանց հետ մեկտեղ պետք է լինի նաև առողջ գիտական հանրություն, որը կկարողանա ադեկվատ գնահատական տալ: Բայց դե մենակ դրա վրա էլ չես հիմնվի…
Իսկ Ձեր նշած մրցանակաբաշխության ոչ անունն է ադեկվատ, ոչ էլ անվանակարգը: Դա կմեկնաբանեմ կարճ. «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» բառակապակցությունը զրկված է որևէ իմաստից և ենթադրվող իմաստն էլ, բացառությամբ շատ հազվագյուտ դեպքերի, ոչ մի կերպ չի չափվում:
Եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա... կարծում եմ, որ ազդեցության գործակիցների մասին ինֆորմացիա կա, և, հետևաբար կարելի է չափել՝ ինչ ուզեք: Տեխնիկապես՝ հաշվիչով: Այդ չափանիշը իդեալական չէ, բայց գոնե օբյեկտիվ է: Այնպես որ, լավն է: Միակ խնդիրը համահեղինակներն են, որոնք որոշ ոլորտներում շատ են, ու հաճախ շատ համահեղինակներ հոդվածների մեջ ներառվում են առանց որևէ երևացող պատճառի (կներեք ռուսիզմ(ներ)իս համար):
Մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու, քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները… Այո, կա այդպիսի բան: Միակ օբյեկտիվ և պարզ լուծումը, որ մտքիս գալիս է, այն է, որ փորձարարների ու տեսաբանների համար առանձին մրցանակաբաշխություններ լինեն: Վեջին հաշվով, դրանք մարդկային գործունեության տարբեր ոլորտներ են, անգամ եթե փորձում են հասկանալ նույն երևույթները:
Այո, h-index-ը օգտակար մեծություն է: Ֆիզիկայում նման մեծությանը կանվանեին witness, բայց ոչ measure: Այդ մեծ փորձարարական կոլաբորացիաները շատ դժվար է դասակարգել. այնտեղ ընդրկված են լինում տարբեր մասնագիտությունների մարդիկ, և անշուշտ, հեղինակների բանակից միայն քչերն են էական բաներն անում: Այնպես որ, դա բարդ է, փառք աստծո, որ ես չպիտի դա որոշեմ:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրների շուրջ կանեմ միայն մի մեկնաբանություն. երիտասարդ գիտնականը մեզ մոտ լավ հեռանկար չի տեսնում:
Շատ լավ է, որ գիտնականներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են վիրտուալ կամ իրական հարթակներում: Թե արդյո՞ք գիտնականը դադարում է գիտնական լինել, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին Ձեր հարցին պատասխանեմ այսպես՝ գիտնականը դադարում է գիտնական լինել այն ժամանակ, երբ դադարում է գիտությա՛մբ զբաղվել։ Իսկ թե զուգահեռ ինչ է անում՝ իր իրավունքն է: Որ գիտնականը սովորական մարդ չէ, դա, իմ կարծիքով, սխալ կարծիք է, բայց, ցավոք, Ձեր տված այդ հարցն արտահայտում է հասարակության վերաբերմունքը:
Վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում… ասեմ, որ ինչ-որ փոքր բաներ տեղի են ունենում: Դեռ, մեղմ ասած, ամեն ինչ լավ չէ, ու մեծ հարց է, թե լավանու՞մ է արդյոք:
Թե որքան է տարածված գիտական աշխարհում կոռուպցիան, չգիտեմ, կոնկրետ ինձ հետ չի պատահել: Դրամական կաշառքների մասին չեմ լսել: Բայց շահագործման կամ, հակառակը, «լավություն» անելու դեպքեր պատահում են: Կարծում եմ, գիտության, համենայն դեպս` ֆիզիկայի ոլորտում համեմատաբար քիչ են այդպիսի բաները:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր, կարծում եմ, համարյա չկա: Կամ գուցե՝ մի քիչ: կախված կոնկրետ երկրում ընդհանուր նախախնամությունների ուժգնությունից: Մեզանում, կարծում եմ, քիչ է այդ ազդեցությունը: Ուղղակի գիտնականն իր երիտասարդությունն անցկացնում է ճանապարհորդելով, և կանանց համար դա միշտ մի քիչ ավելի ցավոտ է:
Ապագաս ու մասնագիտական հետագա աճս՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում հարցին՝ ինձ համար դեռ շուտ է նման գուշակություններ անելը: Տեսականորեն Հայաստանում հնարավոր է լինել գիտնական:
-Այս և բոլոր տարիներին երիտասարդ գիտնականներին կմաղթեի զբաղվել նրանով, ինչ հետաքրքիր է, ու ընտրած գործը` լավ անել: Երբ ամեն մարդ իր տեղում է ու լավ է իր գործն անում, շահում են բոլորը:
Մեկնաբանել