
Լյուդմիլա Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը համարում է «ուտոպիա» և «ֆանտազիաների շարքից»
«Հերթական վերարտադրության ընտրություններ էին»,- «Հետքի» հետ զրույցում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները բնորոշեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա ասաց, որ իր համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտիվները:
«Եթե նա դիմելու է Սահմանադրական դատարան և վիճարկելու է ընտրությունների արդյունքները և պահանջելու է նախագահակi ընտրությունների երկրորդ փուլ, մենք կքննարկենք և կորոշենք, թե ինչ ձևով ենք նրան օժանդակելու: Նման դեպքում, կարծում եմ՝ պետք է օժանդակել: Բայց ինձ համար առ այսօր անհասկանալի է, թե ինչ է պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե նա պահանջում է, որ Սերժ Սարգսյանը վաղը մինչև ժամը 5-ը գա շնորհավորի իրեն և իշխանությունը վերադարձնի ժողովրդին, ապա դա ուտոպիա է, և ես չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի, որ դա ֆանտազիաների շարքից է»,- ասաց Լ. Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը նաև չի հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչու է մի բան պահանջում, երբ գիտի, որ դա իրագործելի չէ:
Լ. Սարգսյանն ասաց, որ առաջիկա րոպեներին ՀԱԿ-ը հանդես կգա հայտարարությամբ, և իր անձնական կարծիքը չի տարբերվում Հայ ազգային կոնգրեսի կարծիքից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել