HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ ջավախքահայ դատապարտվեց

Երեկ Ախալքալաքի շրջանային դատարանը, Արարատ Եսոյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման դատապարտեց Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» եւ միեւնույն ժամանակ «Ջավախք-ինֆո» լրատվական կայքի գործադիր տնօրեն Արամ Բաթոյանին` զենքի ձեռքբերման ու պահպանման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Արամ Բաթոյանն արդեն երկու տարի  է` Ռուսաստանի Դաշնությունում է: Նրա ընտանիքը դեռեւս ապրում է Ախալքալաքում, երեխաներից աղջիկը` 2.5, իսկ տղան 1 տարեկան է:

2008թ-ի հուլիսի 21-ին, վրաց-օսական պատերզամից օրեր առաջ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք ակտիվիստների հետ ձերբակալվեց նաեւ Արամ Բաթոյանը: Հիշեցնենք, որ այդ օրը ձերբակալվել էր նաեւ «Միասնական Ջավախքի» («ՄՋ») նախագահ Վահագն Չախալյանը: Իսկ դրան նախորդել էր հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ հնչած պայթյունը եւ Գուրգեն Շիրինյանին` պայթյունի կազմակերպման մեջ մեղադրելը:

Զենք պահելու մեղադրանքը հենց ձերբակալության օրվանից էր առաջադրվել Արամին. «Կալաշնիկով» տեսակի զենքն իբրեւ հայտանաբերվել էր ռադիոկայանի սպունգապատ սենյակում` հենց սպունգի հետեւում:  «Ինձ մեղադրեցին նրա համար, որ ես էի պատասխանատու ռադիոյի այդ սենյակի համար ու որ դա իմ աշխատասենյակն էր, համապատասխանաբար ենթադրվում է, որ «պահված» ավտոմատն ինձ է պատկանել»,-«Հետքին» տված բացառիկ հարցազրույցում պատմեց Արամը:

Նրան երկու օր պահելուց հետո եւ մեկ ամիս երկրից չհեռանալու ստորագրությամբ միայն ազատ են արձակել: Երկու ամիս Արամը երկրից չի հեռացել, սակայն ազատ արձակվելուց հետո առաջացած առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հեռանալ` սրտի բուժման նպատակով:  Ինչից հետո իրավապահները հայտարարել են, որ Արամը խախտել է երկրից չհեռանալու պայմանը, եւ Ախալցխայի շրջանային դատարանը նրան 2 ամսվա ազատազրկման է դատապարտել ու հետախուզում հայտարարել:

Դրանից հետո Արամին երկու նոր մեղադրանք էլ է առաջադրվել` ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին ծեծի ենթարկելու ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածներով: Այդ «զանգվածային անկարգությունները» վերաբերում են 2007թ-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, հոկտեմբեր ամսին «ՄՋ»-ի բողոքի ակցիաներին: «Բայց ես տեսաերիզ ունեմ, որտեղ երեւում է, որ ես ոչ մի անօրինական բան չեմ անում: Ես այնտեղ չեմ էլ եղել, ընդամենը մի պահ` երբ քրոջս եմ օգնել դուրս գալ, եւ նրա հետ հեռացել եմ»,-պատմում է Արամը: Արամի քույրը հաշվապահ է եւ հաշվետվություն է տարել, այդ պահին եղել է մունիցիպալիտետի շենքում, ու երբ տեսել է, որ ներսից դռները փակել են, խուճապի է մատնվել եւ զանգել եղբորը` Արամին ու օգնության կանչել: Դատարանում ուսումնասիրված տեսաերիզում միայն այս կադրերն են եղել, թե ինչպես է Արամն օգնում քրոջը եւ դուրս բերում շենքից:

Դատարանում հետազոտված մյուս տեսաերիզներում Արամին նույնիսկ չեն գտել: «Ինչը չի եղել, ցույց տալ չեն կարող»,-ասում է Արամը:

2009թ-ի ամառվանից հեռակա կարգով ընթանում են Արամի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունները: Դատավարության մասնակից նրա հարազատների վկայությամբ` Արամի հանցանքը դատարանում չի ապացուցվում: Դատարանում վկայություն տվող երկու ոստիկաններն ասել են, որ չեն ճանաչում Արամին: Հարցին, թե այդ դեպքում ոնց է ծեծել կամ դիմադրություն ցույց տվել իրենց, խոստովանել են, որ Արամն իրենց չի ծեծել, հաջորդող հարցին, թե ուրեմն ինչու է մեղադրանք գրել, ոստիկանները չեն կարողացել պատասխանել: Զենքի հայտնաբերման մասով փաստաբանը միջնորդել է փորձարկել, թե արդյոք «Կալաշնիկով» տեսակը կտեղավորվի ռադիոտաղավարի պատերին փակցված սպունքի հետեւում, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը:

Արամը չի մասնակցում դատավարություններին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանում է:  «7 տարվա անընդմեջ գործունեությունից հետո «Երիտասարդական ռադիոկայանը» փակվեց հենց այդ պատրվակով` իբր զենք հայտնաբերեցին, հիմա էլ ինձ դատապարտեցին: Եթե նույնիսկ լուցկու տուփ թաքցնես այդ սպունքի հետեւում, միեւնույն է` կերեւա: Նրանք այդ զենքը դրել էին եւ իբրեւ թե «հայտնաբերեցին» ռադիոկայանից, որպեսզի փակեն Վրաստանում գործող միակ հայկական ռադիոն»,-վստահ է Արամը: Նշենք, որ թե ռադիոկայանը, թե «Ջավախք-ինֆո» լրատվական կայքը 2008թ-ի հուլիսի 21-ից հետո չեն գործում:

Արամը չի թաքնվում ոչ մեկից, բայց դեռեւս չի վերադառնալու Ջավախք: Նա ՌԴ քաղաքացիություն ունի եւ կացության վկայական: Թե ինչպես է դասավորելու նրա ընտանիքի հետագա վիճակը, դեռեւս չգիտի. կինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել, սակայն Վրաստանի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը մեկ դադարեցվում է, հետո նորից սկսվում, իսկ իրենք դեռ սպասում են:

Դատարանն Արամին 4 տարվա ազատազրկել է երկու մեղադրանքներով` զենքի պահպանման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն համար, իսկ ոստիկանապետին ծեծի ենթարկելու եւ դիմադրություն ցույց տալու մասով արդարացվել է:  Արամի կարծիքով այս ամենը` շարունակական ձերբակալությունները եւ ակտիվիստների հետապնդումները մեկ նպատակ է հետապնդել. «Վրաստանը պատրաստվում էր հարձակվել Հարավային Օսիայի վրա, եւ նրանք կարծում էին, որ մեր կազմակերպությունները փակելով, Վահագնին ու Գուրգենին ձերբակալելով, կկարողանան անվտանգ դարձնել իրենց թիկունքը»:

Արամը բողոքարկելու է դատավճիռը` վերադաս ատյանում: «Իմ նպատակը արդարության հասնելն է: Կգա ժամանակ, երբ այդ տոտալիտար ռեժիմը կտապալվի, եւ ես հավատում եմ վրաց ժողովրդին: Դա այն ժողովուրդը չէ, որին կարելի է կառավարել բլիթով ու մտրակով: Կարեւորն այն է, որ նրանք հասկանան, որ մենք` Վրաստանի հայերս իրենց հետ ենք եւ չմերժեն մեր աջակցությունը, այլ պահանջեն մեր մասնակցությունը»,-ամփոփում է Արամը:

Լուսանկարում` Արամ Բաթոյանը և որդին` Արտեմը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter