HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Մանուկյան. Երիտասարդ գիտնականները պետք է պայքարեն իրենց խնդիրներին լուծում գտնելու համար, կամ էլ՝ արտագաղթեն

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Հրայր Մանուկյան։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի առկա ասպիրանտ (3-րդ կուրս) «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ: Թեման` «Տնտեսական աճի ապահովման ֆինանսական հիմնախնդիրները ՀՀ-ում»: Աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես տնտեսական թեմաները լուսաբանող լրագրող:

Գիտության մեջ նրան ձգում է ռացիոնալիզմը, համակարգվածությունը, ապացուցողականությունը, որոնք համապատասխան աշխարհայացք են ձևավորում ու «ստիպում կյանքին նայել այլ աչքերով, քան կնայեիր գիտությամբ չզբաղվելով ու առանց գիտական մտածողության»:

Հետաքրքրվում է քաղաքականությամբ, «համակարծիք է», որ «Տնտեսագետների և քաղաքական փիլիսոփաների և' ճիշտ և' սխալ գաղափարները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ընդունված է կարծել: Իրականում միայն դրանք էլ կառավարում են աշխարհը (Ջ. Քեյնս 1936թ.)»։ Նաև՝ Ի. Կանտի՝ «Լուսավորությունն այն է, երբ մարդ դուրս է գալիս անչափահասության վիճակից, որում գտնվում է իր մեղքով: Անչափահասությունը` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության սեփական դատողականությունից օգտվելու անկարողությունն է: Անչափահասությունն իր մեղքով. դա այն է, որի պատճառը ոչ թե դատողականության անբավարարությունն է, այլ` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության դրանից օգտվելու վճռականության և քաջության պակասը: Sapere aude! – քաջություն ունեցիր՝ օգտվելու սեփական խելքիցդ (1784թ.)»։

Ե՛վ կյանքի, և՛ մասնագիտական կարիերայի տեսակետից ամենաշրջադարձային պահերը համարում է բուհ ընդունվելը՝ 2004-ին, ասպիրանտուրա ընդունվելը՝ 2010-ին և «168 ժամ» թերթում աշխատանքի ընդունվելը՝ 2008-ի հոկտեմբերին։

Աշխատել և աշխատում է Հայաստանի տնտեսությանը վերաբերող խնդիրների վրա: Տպագրվել է «Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրում և «Вестника РАУ» պարբերականում: Հոդվածներն են` 1. ՀՀ արտաքին պետական պարտքի ծանրության գնահատականը, 2. «Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորությունները ՀՀ-ում», 3. «Հայաստանի տնտեսության վերականգնման որոշ առանձնահատկություններ 2009թ. ճգնաժամից հետո», 4. «2009-2010թթ ՀՀ-ի վերցրած վարկերի օգտագործման գնահատումը»:

Հայաստանում գիտության թերֆինանսավորման հիմնական պատճառը համարում է արժեհամակարգի խեղումը. «Անկախությունից հետո հասարակությունում հարստություն ու իշխանություն ձեռք բերեցին հիմնականում այն մարդիկ, որոնք ոչ միայն բարձրագույն կրթություն չունեին (խոսքը իրական կրթության մասին է, ոչ թե ավագ տարիքում, ասենք, 40 տարեկանում գնած դիպլոմի), այլև զուրկ էին տարրական գրագիտությունից: Իշխանություն ու հարստություն զավթած նման մարդիկ չէին կարող գիտակցել պետության համար գիտության կամ գիտնականի կարևորությունը: Ցավոք, արժեքների խեղման պատճառով գրագետ մեծամասնությունն ու ինտելեկտուալները չկարողացան հակազդել իշխանություն զավթած անգրագետ քրեական տարրերին, որի պատճառով ՀՆԱ-ի մեջ գիտության ֆինանսավորման բաժինն այսօր 0.24% է»:

Խնդիրը կարող էր լուծվել, եթե Հայաստանում ձևավորվեր ժամանակակից արևմտյան մոդելի շուկայական տնտեսություն, երբ գրեթե բոլոր ոլորտներում թեժ մրցակցություն է, իսկ երկիրը կարողանում է ծառայություններ ու վերամշակված արտադրանք արտահանել: Ներսի և դրսի շուկաներում մրցակցությունը կստիպեր գործարարներին՝ մտածել նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների ներդրման մասին` որպես շահույթը կտրուկ մեծացնելու գրավիչ տարբերակ. «Սակայն Հայաստանում այսօր չափազանց վատ վիճակում է (կամ գոյություն չունի) վերամշակող արդյունաբերությունը, իսկ շահույթը մեծացնելն արվում է բացառապես շուկաները մոնոպոլացնելու և քաղաքական գործիքներով մրցակիցներից ազատվելու ճանապարհով: Վերջին 15-17 տարիներին անշեղորեն աճել է Հայաստանի շուկաների կենտրոնացվածությունը (բացառություն են կազմում մի քանի ոլորտներ` հեռահաղորդակցություն, բանկային համակարգ և այլն): Այս պայմաններում չի կարող մասնավոր հատվածը գիտության նկատմամբ պահանջարկ ներկայացնել, ինչն էլ, խեղված արժեհամակարգի պայմաններում, գիտնականին ու գիտությանը այս հասարակությունում դարձնում է չափազանց անկարևոր ու երկրորդական մի բան»:

Վիճակը շտկելու համար, պետք է աշխատել մի քանի ուղղություններով` բարձրաձայնել խնդիրը ԶԼՄ-ներով, պայքարել քաղաքացիական հարթակներում (ինչպես, օրինակ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության դեպքում է), սահմանել մի շարք մրցանակներ՝ գիտնականների համար: Բայց ամենակարևորը, ի վերջո, դեմակրատական ինստիտուտների հաստատումն է (ընտրությունների միջոցով իշխանության փոփոխման հնարավորությունից մինչև ընտրովի արդարադատության կիրառման բացառումը), առանց որի հնարավոր չի լինի հաստատել մրցակցություն՝ քաղաքական համակարգում, հետևաբար նաև` տնտեսությունում (շուկայական ինստիտուտներ):

Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվող տարատեսակ խրախուսական մրցանակաբաշխությունները շատ բարձր է գնահատում։ Համարում է, որ դրանք վիճակը փոխելու կարևոր քայլերից են: Բայց բավականաչփ լրջորեն չեն կարող փոխել իրավիճակը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիմնական խնդիրը խեղված արժեհամակարգն է (որի պարագայում անգրագետ ու հանցագործ տարրերն են հասնում իշխանության ու հարստության) և ժամանակակից արևմտյան դեմոկրատական-շուկայական համակարգի բացակայությունը:

Հարցիս, թե մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս ո՞ր չափանիշը կիրառել՝ տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, պատասխանեց հակիրճ. «Հղումների թիվն ավելի լավ չափանիշ է»։ Իսկ իմ այն դիտողության վերաբերյալ, որ քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա մրցանակաբաշխություններում փորձարարները սովորաբար տուժում են, ասաց.  «Պետք է լուծել գիտություն-տնտեսություն կապը ապահովելու համար անհրաժեշտ խնդիրները, այդ ժամանակ նյութական բազան էապես կբարելավվի»:

Կարծում է, որ Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները կապված են գիտության ոլորտում ցածր աշխատավարձերի ու թոշակների (ասպիրանտների դեպքում) հետ, ինչն ստիպում է երիտասարդ գիտնականներին՝ աշխատել այլ ոլորտներում և ոչ թե զբաղվել հետազոտական գործունեությամբ: Սա համեմատաբար հեշտ լուծվող հարց է (թեև գործող իշխանությունները դրան էլ չեն գնում): Ավելի ծանր են խեղված արժեհամակարգի այլ դրսևորումները (գիտնականի դերն ու սոցիալական կարգավիճակը և այլն), որոնց պարագայում երիտասարդ գիտնականը որևէ հեռանկար չի տեսնում մեր երկրում:

–Հրայր, ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյո՞ք իսկական գիտնականի միակ գործը գիտությամբ զբաղվելը չէ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։ Գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

–Երիտասարդ գիտնականները պետք է պայքարեն՝ իրենց խնդիրներին լուծում գտնելու համար, կամ էլ՝ արտագաղթեն երկրից: Այո՛, գիտնականի գործը պետք է լինի բացառապես գիտությամբ, երբեմն նաև` մանկավարժությամբ զբաղվելը, բայց դա չի նշանակում, թե նա չպետք է մտածի նյութականի մասին: Նա պետք է ոչ միայն ֆինանսապես բավարար չափով ապահովված լինի` որպես հատուցում իր գիտահետազոտական գործունեության, այլև այդ ապահովվածությունը պետք է գրավիչ լինի հասարակության մյուս շերտերի համեմատ: Միայն այդ դեպքում մտածողության գիտական հակվածություն ունեցող երեխաներն ու երիտասարդները կփորձեն գիտնական դառնալ, իսկ հակառակ դեպքում՝ կունենանք միայն եզակի նվիրյալներ, որոնցով ժամանակակից շուկայական աշխարհում չես կարող զարգացած գիտություն ունենալ:

–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

–Գործողությունների մեջ չեմ տեսնում, մոտեցումների առումով էլ դժվարանում եմ պատասխանել:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։

–Այո, թողնում է, կանայք ավելի քիչ հնարավորություններ ունեն տղամարդկանց համեմատ։

–Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ  արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

–Կարծում եմ՝ դրա ներդրումը շատ կարևոր է, որովհետև շատ թեկնածուներ պաշտպանելուց հետո դադարեցնում են հետազոտական գործունեությունն ու լճանում են:

–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

–Հայաստանում չեմ պատկերացնում։

–Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

–Ինքնազարգացման ու կատարելագործման ավելի լայն հնարավորություններ։ 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter