
Վանաձորն ու Սպիտակը վստահում են Րաֆֆին, մյուս 6-ը՝ Սերժին
Լոռու մարզում կա 8 քաղաք, որտեղ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում առավելություն է ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն երկու կարեւոր համայնքներում՝ Վանաձորում ու Սպիտակում, առաջատարը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկայացնենք ԿԸՀ պաշտոնական տվյալները:
Այսպես՝ Սպիտակում (թիվ 29/25-29-33 տեղամասեր) «Ժառանգության» առաջնորդը ստացել է 4626 ձայն, իսկ ՀՀԿ նախագահը՝ 3556: Աղետի գոտու բնակիչներն, այսպիսով, վստահել են ընդդիմադիր գործչին:
Ալավերդիում (31/32-31/46) հաղթել է Սերժ Սարգսյանը, սակայն նրա ձայների տարբերությունը մեծ չի եղել՝ 3912-ը՝ 3159-ի դիմաց:
Ալավերդու հարեւան քաղաքներից Ախթալայում (31/53-31/55) երկրի ներկայիս ղեկավարին սատարողները կրկնակի շատ են եղել: Սարգսյանը ստացել է 762 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 373:
Նույն պատկերն է նաեւ Շամլուղում (31/56-31/57), որտեղ Սարգսյանի անվան դիմաց գրանցվել է 258, իսկ Հովհաննիսյանի առաջ՝ 136 ձայն:
Թումանյան քաղաքում կա միայն մեկ տեղամաս՝ 32/66, որտեղ ձայների ճնշող առավելությամբ հաղթել է Սերժ Սարգսյանը: Նա ստացել է 897 քվե, իսկ Հովհաննիսյանը՝ ընդամենը 59:
Ստեփանավանում (32/28-32/38) ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ս. Սարգսյան՝ 4999, Ր. Հովհաննիսյան՝ 3755:
Տաշիրում (32/01-32/06) ՀՀԿ առաջնորդի առավելությունն ակնհայտ է եղել ԿԸՀ թվերի համաձայն: Նրան, ըստ այդմ, քվեարկել է 4539 ընտրող, իսկ ընդդիմադիր թեկնածուին՝ 920:
Մարզկենտրոն Վանաձորում տեղամասերը բավական շատ են (29/01-29/16, 29/54, 30/05-30/37, 31/01-31/09): Հանրապետության երրորդ քաղաքում, ինչպես եւ Գյումրիում, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած առավելությունը փոքր է եղել: Րաֆֆին ստացել է 28445 ձայն, իսկ գործող նախագահը՝ 28348 քվե:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել