Ծանր–քան քար. Ավագ Եփրեմյան
ԱՆՔԱՐՈՎ
Ընտել շնչառմամբ (չորս քառատող,
նույնը չորիցս քառատողը,
նույնիսկ՝ եթե էլ բառաթող ես,
ու չորս անգամ չորսն անգամ ատող)
այստեղ վերջին քայլքն անող կիրքը
ետ քե՞զ է փարվում, ամայն աշխարհ,
որտեղ քարերը (սե՞ր էր, վաշխա՞ռք)
աղաղակել են ամբողջ գիրքը…
նույն կերպ են փլվել (...վես-չփարվես)
քարե տաճար ու բառապարանք
(մահը թեման էր, սյուժեն էր կյանք),
եւ կա՛նք - քանի՜ կանգ կաս, կույտարվե՛ստ։
Մենակ մնացիր, Երկինք, անե՛լ,
առ իս՝ միշտ անդուլ-խուլուհամր…
քար եմ, ըմբոշխնի՜ր դառնահամը,
ընկած քար, որ կեզ քառաբանեց։
ՄԵԶՆԻՑ ԴՈՒՐՍ
Սահման է, եւ ահա խաղաղ մահեր են ինձ այցելում,
բարեհաճ են նրանք, առանց հետին մտքի, եւ նրանց
սահքը դեպի ինձ, սա՜հքն ուրվագծող անգույն կայծերում
աղետի հետք անգամ չկա, բայց դեռ չկա նաեւ, թե ինչ է գրած
այնտեղ, ուր գրած պիտի լիներ… այնպիսի բաներ,
որ մարդը դեռ չի գրել (պռնկին պիտի մոռացվի Ելիցը),
եւ դրանցից մեկն էլ ահա, գուցե, խաղաղությամբ կբաներ՝
թե երկինքը որ կա, երկի՜նքը… մեզանից դուրս է երիցս։
Մեզնից դուրս ինչ կա՝ երկինքն է, ինքն է հենց,
այս կամ այն ամայն աշխարհում նույնն է մարդը՝ նույն
աներկինքն է՝ իր սահմաններից կառչած սահմանահեղձ
եւ միշտ անտուն։ Չեմ հիշի` ո՞ւմ տան առջեւ էր… բալենու
ճյուղերից էին կախված մահերը՝ կանչող ու կարմիր ու կարմիր,
շողշողուն - հատ առ հատ - ասես տան անընդհատ խոստում…
… Տունը, կարմիրը, եւ ահա` հիմա արդեն երկինքն էլ - ճախրելով առ մի -
ճխում են այնտեղ՝ մերձ այն սահմանին, որ կա այլեւս միայն իմ խոսքում։
ԺԱՆԳՈՏ ԿԵՌԵՐ
Անունդ ասա, ազգանունդ, ահա եւ՝ Ուրիշ չկա,
ինքդ էլ արդեն վաղուց… ինքդ ես դժոխքդ,
քո փողոցներում, քո փլատակներում պիրկ ճկած
աղեղ է ստվերդ, եւ դեռ հմայված` շողքդ…
իբր դեռ պիտի բանի աղեղը։ Մի կյանքը բավեց.
բանի եւ աղեղի ասքերը հատ-հատ մեռել են,
ամբողջ խոսք ասելու փորձերն (անմա՞հ) ավեր
տարածությունը պահող այն հին կեռերն են,
որոնցով ձեռքեր ու ոտքեր գամեցին փայտին…
այլեւս՝ ժանգոտած, եւ այսօրերը քննող ոչ մի ասք
չի հիշում դրանք, երկնքում պատկերն է անհայտի
հայտնվել դարձյալ. աստղեր են՝ փշեր են ու տատասկ…
Այդ գանձերի հողը խրված ամեն բահի
կոթն է միայն մնում ձեռքերի մեջ ու ելքերի եռքը.
քո ճշմարտությունից մի շյուղ տուր ինձ ու քեզ պահիր
ստվերները ճկող՝ ազատ դժոխքների այս տարերքը։
ԻՆՁՆԻՑ՝ ԻՆՁ
Շարունակվողը միշտ չէ, որ կյանքն է։
Ինչո՞ւ է, ուրեմն, հապաղում գրության մահը.
մի՞թե բանաստեղծությամբ լայնքն ու երկայնքը
դեռ սվաղված չեն, եւ մի՞թե էլի՜ պիտի գրվեն - ամառը,
ագռավը, քարը, անձավը, կամ սրանք՝ ազատությունը
հայրենիք չունի, ցերեկը, ասենք, չունի թիրախ,
իսկ գիշերը՝ խարիսխ, երեւի… Կամ՝ ռիթմի երբեմնի ավյունը
մեզ մեզանից ազատել է ու մեզ հանձնել է իրար՝
ազատությունից մինչեւ վերջ՝ մինչեւ հայրենիք…
իսկ ճամփին՝ դարձյալ ազատ բառեր - տես երկրորդ,
օրինակ, քառատողը - միեւնույն անճառ վայրերից
վտարված՝ ամենախոս բերանների երկրով
թափառող։ Շարունակվողը միշտ չէ, որ կյանքն է։
Խոսքը՝ հատկապես։ Շնչակտուրը՝ մասնավորաբար։
Այսպես խեղդվող տողերի՝ հանգերով փակվող ջանքն է
ազատվում քեզնից՝ չշարունակված «ի սկզբանե Բան»։
ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ
հասմիկը՝ վարսերում վարդը,
թե՞ վարդը բոլորած հասմիկը,
կամ դարձյալ կործանված մարդը.
այս տեքստում՝ ես այսինքն՝
եթե՝ սերե՜րս, ուրեմն՝
ապրել եմ, վերքե՜րս՝ դեռ կամ,
մենք առմիշտ կույրեր ու խուլեր ենք,
մեզ միշտ է հարկավոր ներկան.
բայց քանի՞ հրաժեշտ կա մարդու մեջ,
քանի՞ հանդիպում.
տարածությունը որքան սնամեջ,
ժամանակն՝ այնքան դիպուկ.
այսինքն՝ գալիս է վարդով հասմիկը
(մեղքերից ամենագոցը).
իսկ երբ գնա, փլատակն ինքը՝
Կոլիզեյումը-չէ-Զվարթնոցը,
նախանձելու է ինձ, այսինքն՝
աղավաղեցին իմ «ձույլ ավարտը»
տարածությունս խլած հասմիկը,
եւ ժամանակս ճխլած վարդը։
ԵՍԱԿԵՆՏՐՈՆ ԽՈՍՔ ԱՌ ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ
Իմ եկած տեղից մինչեւ այստեղ
ճանապարհ չկար, որ հավաստեր՝
թե հասա, սակայն անհարկավոր
հասնելս միայն հուղարկավոր
լինի, գուցե թե, այստեղերում՝
քաղաքում, կյանքում եւ աստղերում։
Իմ եկած տեղից մինչեւ դուք… Ձեր
երեւումները - արդեն առձեռն՝
երերուն երկրում, հակված որին՝
երկինքը - ի՞նչ վաշխ - իր շնորհի
բուն հարկը նույնիսկ չի հավաքի
անանուն կրտսեր ու ավագից:
Ժամանակն անցավ. մի քանի խորթ
բառ է մնացել, որոնք կոկորդ
ու շուրթ են քերծում` նրա տեղակ
փորձում աստղերից մինչեւ քաղաք
հետ հոսել - կրկնել ճանապարհը...
Կրկնակ տեսիլքը շեկ ապառ է...
եւ բոցերն էլ չեն տարբերակում`
ո՞ր հրաշափառ ավերակում -
աստղերի, կյանքի ու քաղաքի -
հոդաբաշխ ձայնը աղաղակի
ասքն ամայության - վերջին սիրո
տուրքը` վերջաշեշտ փառածիրով…
ՎԱՍՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ
Ահա մեծ-մեծ մտքերը, որ չարժեն կյանքի մեկ վայրկյանը,
ահա եւ ամբողջ կյանքը, որ կես միտք անգամ չարժե,
բոլոր վեց պատերը, որոնց ճնշումն հավասար է այն անկյանը,
որտեղ ահա կծկվել են մարդն ու հրեշտակը՝ անկյալը,
ու չեն զորում ոչ տրված մի միտք, ոչ ինքնակա վայրկյան
անգամ տեղաշարժել...
Ահա ճակատագրված պատճառը,
որ փնտրում է ոտնահետքերն անժառանգ հետեւանքի,
հար ազատ հետեւանքը` անկեզ պատճառի կրունկը տրորող,
ու դարձյալ հայտնվում է մարդը,
ու դարձյալ՝ ոչ առանց հիշյալ հրեշտակի,
հիմա էլ նա հույն է, որ ավերում է -
միգում իր - ուրվական-հեշտանքի`
ճնշող անկյունների Տրոյան, աստվածամարտ գրոհով։
Վայրկյա՞ն, թե՞ միտք էր միգոտ-մոլեգին ու երբեք
պարտադիր չեղած, այլեւս անհետեւանք Տրոյան,
միշտ Ուրիշի Կամքով բազում պատճառ հյուսած
ղպտի-հուրի-հույնը,
ինքնին հետեւանքը` հետեւանքը մսխող`
նրա մյուս բոլոր անդուլ երեսները՝ հռովմայեցին,
հետեւանքին` պատճա՞ռ… պատճառներին`
նրանցով կազմված մեր անկյու՞նը՝ սույնը,
սույն` կամ ճնշող քրքիջ կամ վեհ վայնասունը...
տարատեսակ` պատմաշառագունած երկինքների,
որով մեզ բոլորիս հմայեցին։
Երկար պատմություն է... Պատճառն այլեւս հազիվ թե,
բայց հետեւանքներից մեկը, անկասկած,
հատնելու է քո արարք-կյանք կարծած համբերությունը,
ու նույն ժամանակ հավերժական է
այս հույժ դիցերի ճակատամարտը.
նրանք կարող են եւ երբեք կանգ չառնել...
բայց դու... կփակես, դու պիտի փակես պարբերությունդ.
ահա նրանց ու քո միջեւ եղած տարբերությունը,
իսկ եկողն ահա` վեցապատ աստծո
նույն լուսնի վրա հաչող հաջորդ միտք
(թե՞ վայրկյան, թե՞ կյանք)` մեկ ուրիշ մարդ է։
ՀԱՄԼԵՏ
Այդ խաղն այստեղ արդեն չէին խաղում, -
Հանդիսատես չկա, բեմը - խարխուլ,
Անզոր մեկնություն են՝ կրքեր-բախում...
Սեւագիր է անգամ արյան գինը:
Ինքը՝ Դանիան... մի հի~ն մեկնություն է,
Լինե՞լ, թե՞ չլինել - թափվող ձյունը
Ճերմա՛կ սպանում է երկվությունդ.
Դու գնում ես դեպի Բնագիրը:
Լուսանկարը՝ Մարիամ Ավագյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել