
Դատարանը մերժեց Հայկազ Քոչինյանի բողոքը
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի բողոքի դատաքննությունը ` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից իր դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Լոռի մարզի դատախազի կողմից Հակյազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու 05.12.2012թ.-ի որոշումը կայացվել է «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները» հոդվածի նյութերով:
«Նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ պարոն Շիրոյան դուք պետք է ճշտեիք ուղարկվել է, թե ոչ կողմին դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը»,- ասաց դատավոր Մարինե Մելքոնյանը: Դատախազ Արմեն Շիրոյանը դատավորի հարցմանը պատասխանեց, որ կողմին քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի ուղարկվել, բայց դա չի խանգարել որոշման բողոքարկմանը: Դատախազը դատարանին հայտնեց, որ պատասխանի հետ ունի նաև ավելացում: Վերջինս հայտնեց, որ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 290 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատախազի որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելը բողոքարկելը օրինական է այն անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Վերջինիս վերաբերյալ Արմեն Շիրոյանը նաև հիշատակեց Սահմանադրական դատարանի 2009թ.-ի դեկտեմբերի 7-ի արձանագրության մեջ նշված` դատախազի որոշումները բողոքարկող անձանց իրավունքի իրացման նախապայմանները, այն է` եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
«Վերջինիս դեպքում հետևում է, որ անձը դատախազի որոշումը կամ գործողությունը բողոքարկելիս պետք է դիմի նախ վերադաս դատախազին: Հայկազ Քոչինյանը Լոռու մարզի դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի բողոքարկել վերադասության կարգով»,- ասաց դատախազ Ա. Շիրոյանը: Նա հայտնեց, որ Հայկազ Քոչինյանի բողոքը անհիմն է և ենթակա է մերժման:
«Եթե որոշումը չեք տվել Հայկազ Քոչինյանին, ինչպես կարող էր նա բողոքարկել, ես նախորդ նիստում էլ էի ուզում պարզել, արդյոք դուք բացատրել եք Հայկազ Քոչինյանին որոշման բողոքարկման կարգը, որ նա կարող է բողոքել վերադասության կարգով»,- դատախազին հարցրեց Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը:
«Պարոն Ոսկանյան, իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կողմին ուղարկելու օրենսդրական կարգավորում կա՞»,- պաշտպանին հարցրեց դատավոր Մելքոնյանը: Պաշտպանը հայտնեց, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կողմին ուղարկելու մասին օրենսդրական կարգավորում չկա: Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:
Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություններ չեղան: Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:
Դատավոր Մարինե Մելքոնյանը հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի` Հայկազ Քոչինյանի բողոքը ` Լոռու մարզի դատախազի քրեական գործ հարուցելու մասին 05.12.2012թ.-ի որոշումը վերացնելու և 55 2112 քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության պատճառով կարճելու`վարույթն իրականցնող մարմնին պարտավորեցնելու վերաբերյալ`մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` հրապարակման պահից 10 օրվա ընթացքում:
Մեկնաբանել