
«Երբեք կյանքը չափից շատ լուրջ մի ընդունեք, մեկ է՝ երբեք նրանից կենդանի դուրս չեք պրծնի»
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Պայծառ Մանթաշյանն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 2009թ. դեկտեմբերից ընդունվել է ասպիրանտուրա, իսկ այս տարվա ընթացքում պլանավորում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է ֆոտոռեֆրակտիվ նյութերում լազերային նոր եղանակներով երկչափ և եռաչափ միկրո- և նանոմետրական պարբերական կառուցվածքների ձևավորմանը: Հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներին:
(Պայծառի պատասխանը հարցաշարին այնքան ամբողջական է, որ որոշեցի ներկայացնել պատասխանները՝ նշելով միայն, թե ինչ հարցի շուրջ է խոսվում)։
Մասնագիտական ընտրության հարցում որոշում կայացնելու մասին. –Դպրոցական տարիներին երբևէ չէի մտածում, որ կընտրեմ այս բնագավառը: Ուսուցիչներս միշտ նշում էին, որ մաթեմատիկական մտածելակերպ ունեմ: Ես շատ էի սիրում լեզուներ: Ես և քույրս առանձնակի մեծ հաճույքով անգլերեն էինք պարապում: Այդ պատճառով բոլորին թվում էր, որ ես էլ քրոջս պես կդառնամ լեզվաբան: Բայց ես, ի զարմանս բոլորի, տասերորդ դասարանում որոշեցի ծրագրավորող դառնալ և սկսեցի մաթեմատիկա և ֆիզիկա պարապել: Ինչքան շատ էի ֆիզիկա սովորում, այնքան շատ էր մեծանում այն որպես մասնագիտություն ընտրելու ցանկությունս: Եվ փոխելով որոշումս` ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ:
Նախասիրություններս շատ են, ցավոք սրտի, ժամանակս` քիչ: Շատ եմ սիրում գրքեր կարդալ, ճամփորդել, հետաքրքրվում եմ լատինամերիկյան պարերով:
Սիրում եմ ասույթներ, սակայն կուզեի առանձնացնել մեկը` «Երբեք կյանքը չափից շատ լուրջ մի ընդունեք, մեկ է՝ երբեք նրանից կենդանի դուրս չեք պրծնի» (Էլբերթ Հաբարդ) :)
Իմ մասնագիտական կյանքի ամենաշրջադարձային պահն եմ համարում ասպիրանտուրա ընդունվելը: ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելուց հետո, ես սկսեցի աշխատել ոչ իմ մասնագիտությամբ` գիտակցելով, որ գիտության ոլորտում աշխատելով շատ դժվար է Հայաստանում փող վաստակելը: Սակայն գիտությամբ շարունակելը իմ համար մնացել էր որպես մի չիրականացած երազանք: Մեկ տարի անց իմ այժմյան ղեկավարը, որն ինձ ճանաչում էր ուսանողական տարիներից, զանգահարեց և առաջարկեց ընդունվել ասպիրանտուրա Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Ես անչափ ուրախ էի այդ առաջարկի համար. այդ պահին ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն էի զգում:
Մեր փորձարարական խումբը զբաղվում է ֆոտոռեֆրակտիվ միջավայրում ֆոտոնիկ ցանցերի (արհեստականորեն ստեղծված միկրո- և նանոկառուցքավորված նյութեր) ստեղծման լազերային եղանակների մշակմամբ և իրականացմամբ: Միջազգային ամսագրերում ունենք տպագրված հոդվածներ: Մասնակցել եմ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում կազմակերպված միջազգային գիտաժողովներին, ինչպիսիք են` ISWLA’11 (International Student Workshop on Laser Applications 2011, Բրան, Ռումինիա) SPIE Photonics Europe 2012 (Բրյուսել, Բելգիա), IONS’12 (International OSA Network of Students, Նեապոլ, Իտալիա) և այլն: Գիտաժողովների ժամանակ մեր աշխատանքները միշտ էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել արտասահմանցի գիտնականների մոտ:
Այցելել եմ մի քանի արտասահմանյան գիտական կենտրոններ (Գենտի համալսարան, Բելգիա, Պադովայի համալսարան, Իտալիա), որտեղ ներկայացրել եմ մեր հետազոտական խմբի կողմից կատարված աշխատանքները: Անցած տարի Գենտի համալսարանից ստացա առաջարկ դառնալ համատեղ ասպիրանտ, որի արդյունքում նվազագույնը վեց ամիս պետք է հետազոտություններ կատարեի այնտեղ: Քանի որ իմ ատենախոսության ավարտին մնացել էր մեկ տարի, հրաժարվեցի այդ առաջարկից: Մարտ ամսին կրկին կմեկնեմ Գենտի համալսարան` հետազոտություններ կատարելու:
Մեր խումբը կապեր ունի մի շարք Եվրոպական գիտական կենտրոնների հետ: Մենք համագործակցում ենք Պադովայի համալսարանի, Մադրիդի համալսարանի, Ֆրենչ-Կոմտե ՍՏ Բեզանսոնի ինստիտուտի (Ֆրանսիա) հետ: Պատրաստել և Գիտպետկոմի հայտարարած մրցույթին ենք ներկայացրել նաև համատեղ ծրագիր Գերմանիայի Մյունսթերի համալսարանի հետ:
Համատեղ ծրագրերի ներկայացումը և համատեղ հետազոտությունների իրականացումը զարգացնում է մեր խմբի ինտեգրվածությանը միջազգային հանրությանը, որը շատ կարևոր է մեր հետագա գիտական գործունեության և նոր համատեղ ծրագրերի իրականացման համար: Ինչ վերաբերվում է ներքին համագործակցությանը, ապա գիտեմ որոշ հետազոտական խմբեր, որոնք կատարում են համատեղ աշխատանքներ:
Անկեղծ ասած, մրցանակների չեմ դիմել մինչ օրս: Միայն վերջերս մասնակցել եմ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «առավելագույն հղումներ ունեցող հոդվածների» մրցույթին, որի ժամանակ արժանացել եմ խրախուսավճարի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գիտնականի հաճելի է ստանալ մրցանակ, որը գնահատում է իր կատարած աշխատանքը:
Ինչ վերաբերում է դրամաշնորհներին` դրանք շատ կարևոր են: Առանց դրանց հնարավոր չէ լուրջ հետազոտություններ կատարել` մանավանդ փորձարար լինելու պարագայում: Մեր խումբը հետազոտություններ է կատարում դրամաշնորհների միջոցով ձեռք բերված սարքավորումներով: Ուղղակի, դրամաշնորհների զուտ թղթաբանության վրա այնքան ժամանակ է կորչում, որ գիտությամբ զբաղվելու համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց եթե մի պահ հայտնվում ես մի իրավիճակում, որ դրամաշնորհ չունես, ստացվում է մի որոշ ժամանակահատված պետք է մի կերպ գոյատևես մինչ մյուս դրամաշնորհ ստանալը:
Բարեբախտաբար, մեր հետազոտական խումբն ունեցել է բազմաթիվ դրամաշնորհներ, որոնց շրջանակներում աշխատել եմ նաև ես: Ես ինքս վերջերս արժանացա «Ասպիրանտների հետազոտությունների աջակցման դրամաշնորհին», որը ինչ-որ չափով կօգնի ավարտին հասցնել թեկնածուական աշխատանքս:
Մեր աշխատանքներում ընդգրկված են 5-6 համահեղինակներ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր ուրույն ներդրումն ունի կատարված հետազոտությունների մեջ:
Հայաստանում գիտության թերֆինանսավորումը. –Ցավալի է նշել, բայց մեր երկրում գիտությունն ընդհանրապես չի կարևորվում, և մեր կառավարության դիրքորոշումը միայն խթանում է երիտասարդ գիտնականների արտահոսքը: Գիտնականի աշխատավարձով հնարավոր չէ նույնիսկ գոյատևել, էլ չեմ խոսում բարեկեցիկ կյանք ունենալու մասին:
Շատ խրախուսելի են վերջերս իրականացված մրցանակաբաշխությունները, բայց դրանք լրջորեն չեն կարող փոխել իրավիճակը: Իհարկե, դրական տեղաշարժ նկատվում է, որը պայմանավորված է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվ գործունեությամբ: Դրա շնորհիվ բարձրաձայնվում են գիտնականներին հուզող հարցերը: Խումբը կարողացել է նաև հասնել շոշափելի արդյունքների՝ երիտասարդ գիտնականներին ֆինանսավորման համար որոշակի գումարներ հայթայթելով: Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը: Միայն նման ակտիվ քննարկումների և գործունեության շնորհիվ կարող ենք հույս ունենալ, որ որևէ բան կարող է փոխվել դրական ուղղությամբ:
Չափանշների մասին. տպագրությունների քանա՞կ, թե՞ հղումների թիվ. –Կարծում եմ, որ այդ երկու չափանիշներն էլ կարևոր են գիտական աշխատանքները գնահատելու համար:
Տեսաբանների և փորձարարների համար կիրառվող չափորոշիչները. –Իհարկե, փորձարարների համար ավելի դժվար է, բայց նույնիսկ այսպիսի ֆինանսավորման պայմաններում Հայաստանում կան այնպիսի փորձարարական խմբեր, որոնք կարողանում են մրցակցել միջազգային առաջատար խմբերի հետ: Մի պահ պատկերացրեք, թե ինչ արդյունքների կարող էին հասնել այդ խմբերը, եթե ունենային պատշաճ ֆինանսավորում:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Անընդմեջ գիտնականը պետք է մտածի ֆինանսավորում հայթայթելու մասին, չկան ժամանակակից սարքավորումներ: Անհրաժեշտ է ավելացնել գիտության ֆինանսավորումը մեր երկրում և զարգացնել միջազգային կապերը արտասահմանյան առաջատար գիտական կենտրոնների հետ:
Կոռուպցիան գիտական աշխարհում. –Անկեղծ ասած՝ մեր ոլորտում կոռուպցիայի հետ երբևէ չեմ առնչվել:
Չեմ աշխատել արտասահմանում, բայց կարճատև ժամանակով այցելել եմ եվրոպական մի քանի գիտական կենտրոններ: Առաջին հիմնական տարբերությունը, որ ես նկատել եմ Եվրոպայում, հասարակության կողմից գիտնականի գնահատված և հարգված լինելն է: Երբ տեսնում ես՝ ինչ հնարավորություններ և սարքավորումներ ունեն արտասահմանյան հետազոտական կենտրոնները, ինչ ֆինանսավորում են ստանում արտասահմանցի գիտնականները, սկսում ես էլ ավելի գնահատել մեր հայ գիտնականներին, որոնք շարունակում են աշխատել այս «ոչ մարդկային» պայմաններում:
Գիտական աշխարհում գենդերային խնդիրը. –Համալսարանում ուսանողական տարիներին մեր դասախոսներից շատերն էին թերահավատորեն վերաբերվում աղջիկներին` համարելով, որ ֆիզիկան աղջիկների համար չէ: Բայց վերջին տարիներին նման խտրականություն չեմ նկատել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում:
Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը. – Միշտ մտածել եմ PostDoc անել արտասահմանում, որովհետև դա խթանում է երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին:
Հայաստանում մնալու ցանկությունը շատ մեծ է, բայց այստեղ գիտությամբ վաստակելը շատ ծանր է: Ինձ համար միայն երկու տարբերակ եմ տեսնում` մնալ Հայաստանում և հրաժարվել գիտությամբ զբաղվել կամ լքել հայրենիքը և շարունակել զբաղվել սիրելի մասնագիտությամբ: Ավաղ, առայժմ ուրիշ ելք չեմ տեսնում:
Երիտասարդ գիտնականներին կմաղթեի համբերություն և նորանոր ձեռքբերումներ:
Զրուցեց Մանե Հակոբյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել