HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետնին ընկած հացն էլ սրբություն է

Անդրանիկ Հակոբյան

Մանկությունից ի վեր ընդեղեններից այս մեկը հատկապես շատ եմ սիրում: Իմ ծննդավայրում, հետագայում իմացա, որ մի շարք շրջաններում ևս, այդ հրաշքին գուզ են ասում: Մեզ մոտ բերում էին աշնանը հարևան Եղեգնաձորից՝ կարտոֆիլի հետ փոխանակելու: Երեխաներս անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է ավարտվեր գուզ-կարտոֆիլ կամ կարտոֆիլ-գվիժ անհասկանալիորեն երկար ձգվող փոխանակումը:

Դպրոցում իմացա, որ ազնվական այս ընդեղենն ու նույնքան հրաշալի այս հատապտուղը համապատասխանաբար կոչվում են ընկույզ և ալոճ:

Երկուսի հրեղեն համը բերաններումս փորձենք պատկերացնել, թե այդ հրաշքը, որ հայոց լեզու է կոչվում, ժողովրդի լեզվի վրա որտեղից և ուր է հասել:

Չեմ պատրաստվում վիճել, թե գուզն է ժամանակի մեջ դարձել ընկույզ, թե ընկույզը՝ գուզ: Բայց մի բան պարզից էլ պարզ է, որ ժողովրդի լեզուն հազար-հազար տարի սնել ու հասակ է տվել իր լավագույն որդիներից մեկին՝ գրական հայերենին:

Լեզուն կենդանի օրգանիզմ է, աընդհատ լցվում ու հարստանում է նորանոր բառամթերքով, որ բերում են ժամանակը, սոցիալական միջավայրն ու բազմաշերտ հարաբերությունները: Լեզվի համար սոցիալական ասվածն ավելի լայն ընդգրկում ունի, քան միայն կենցաղն ու կենսակերպը: Մեր հոր ու մորից, մեր բնից ու աշխարհից /սևակյան լեզվով/ թանկ այս հայերենը երկրի ու ժողովրդի պատմական մակընթացություններին համընթաց ունեցել է վերելքների ու վայրէջքների բազմաթիվ շրջաններ՝ չդադարելով հարստանալ ասպատակողների լեզվից անգամ և ազնվորեն սնելով անգամ իր թշնամիների լեզուն: Երևի այն հույսով, թե հայերենի առատությունն իր լեզվում կմեղմի ավարառուի ու ասպատակի նրա կոշտ հոգին:

Զարմանքով ու հիացմունքով ասեմ, որ լեզուն հրաշալի գիտի իր անելիքը՝ թաթերի վրա է քայլում, եթե բարձրանում է, և կրունկների վրա՝ երբ իջնում է: Ասել է, որ լեզուն երբեմն գնում է հասարակական ու պատմական պրոցեսների ետևից, երբեմն էլ՝ առջևից: Երկու դեպքում էլ հարմոնիան չի խախտվում, որովհետև կշեռք պահողը ժողովուրդն է, որ միշտ ու ամենուրեք բառաշինությամբ է զբաղված՝ երբեք չմտածելով այդ մասին ու ինքն իրենից դափնիներ չսպասելով:

Մայր կոչվող այս ժողովուրդը մորենական իր դերի համար ոչ մեկից շնորհակալություն չի սպասում, բայց խանդաղատանքով իր զավակներից ակնկալում է մորենական լեզվի հանդեպ որդիական հնազանդություն ու սեր:

Այսօր բոլորս ենք մտահոգ, որ համատարած լեզվամերժություն կա, հատկապես երիտասարդների կողմից, որոնք շփվում են կեղծ ու շինծու կինոհերոսների լեզվով: Բայց արժե, որ ավագներս հիշենք, թե ինչ եռանդով էինք տրվել հիպիական ամենակուլ շարժմանը՝ տղայական մեր հրաշալի մազերը ծամ սարքելով, մեր լայնափող անդրավարտիքներն ու կար տված վերնաշապիկներն էլ հետը, և խոսում էինք ոչ մաշտոցյան լեզվով: Հիշում եմ՝ օր չկար, որ մեծերից մեկը ցավն ի սիրտ չասեր՝ մեր աչքը լույս, թե սրանք էլ մարդ կդառնան: Կասեին մտահոգ, թանկ բան կորցնողի երկյուղածությամբ:

Անցան տարիներ, ու արցախյան գոյամարտն իրենց ուսերին առան նույն տղաները, որոնք մի օր նույն այդ ուսերին երկար ծամեր էին կրել:

Սակայն կյանքն այլ բան համոզեց, որ լեզուն պաշտպանելն ավելի հեշտ էր, քան լեզուն պահպանելը:

Իմ սերնդի հնարավոր ազատախոհությանը հակակշռում էր պետության համակարգված, ամենօրյա ու նախանձախնդիր աշխատանքը հայոց լեզվի ու մեր մշակույթի պահպանության ուղղությամբ: Ցավոք, կոմունիստական գաղափարախոսությունն իր ծանր ներկայությամբ ամեն ինչ դարձնում էր կեղծ ու շինծու, որի հետևանքով էլ այդ ջանքերը չէին տալիս անհրաժեշտ արդյունքը: Ժամանակը համոզեց, որ բացարձակ արժեքներին՝ մայրենի լեզվին ու ազգային մշակույթին, կեղծ միջոցներով վերաբերվելը համարժեք է ինքնասպանության: Այսօրվա պատկերը մեր աչքի առաջ է, և բոլորս էլ պատկերացում ունենք:

Լեզուն, ինչպես ծովը, ինքնամաքրման հատկություն ունի: Գրական լեզուն մայր գետն է, ուր թափվում են մեր զրնգուն լեռներից եկող մաքուր ու զուլալ բարբառները՝ ապահովելով գետի մաքրությունը պղտորումից: Սակայն ապավինել միայն լեզվի ինքնամաքրման հանճարին, մանավանդ որ մեր գրական մշակույթից գրեթե դուրս է մնացել հայոց բազմերանգ բարբառը, նշանակում է նույն այդ լեզվի զավակներիս դնել խաղից դուրս՝ մեզ պահելով դասալիքի խարանը:

Այսօր լեռներում ծվարած իմ գյուղում ընկույզը գուզ ճանաչող մեր մանուկները մայրենի լեզվին ավիշ ու զորություն են հաղորդում ավելի, քան լեզվի քերականության ակունքները անընդհատ պղտորող, օրվա ընթացքն ու պահանջները չիմացող կղերական լեզվաբանը: Իբրև հոգածու ծնող՝ լեզուն, այս դեպքում նաև եկեղեցին հաճախ իրենց զավակների հետ համերաշխությունը պահպանելու համար պետք է գնան նրա պահանջների ետևից: Այո, որդուդ հասկանալի ու նրա զգացմունքներին հասանելի լինելու համար պետք է կոտրել քերականական կարծրատիպերը, ամեն օր լինել նոր՝ ամեն օր մատուցվելով նորովի:

Մեղա գալով հարցնեմ, թե կանոններ ու պատվիրաններ սովորեցնող մեր հոգևոր ու աշխարհիկ ուսուցիչները հիշո՞ւմ են այս մասին, թե՞ իրեց խնդիրը անաշխարհիկ, միս ու արյունից զուրկ կանոններ սովորեցնելն է միայն, որի արդյունքում ամեն աստծու օր ավելանում են լեզվի ու հոգու աղանդավորները:

Աստծու սիրուն, եկեք իրար մեղադրելու փոխարեն ուղղորդենք ու հուշենք պետության բաժինն իրեն, ժողովրդինն՝ իրեն, մասնագետինը՝ իրեն: Մայրենիի իմ ուսուցչուհի Ժենյա Հարությունյանը թե հիվանդ չլիներ, տեղին ու արդարացի բոլորին էլ երկուս կնշանակեր:

Կնշանակեր ու կհայտարարեր. «Հայաստանի Հանրապետություն, քո ամենամեծ զորությունը քո մայրենին է, ում նկատմամբ պատշաճ խնամք ու հոգածություն չտանելու համար, նստիր, անբավարար: Հայ ժողովուրդ, /և ժողովուրդը Մաշտոցի դստեր առաջ գլխահակ կլսեր իր վճիռը/ բավարարվելով հայրերի ստեղծածով, թերացել ես մայրենիի փառաբանության քո ամենօրյա աղոթքին զավակներիդ մասնակից դարձնել, պահապան դարձնել լեզվի տաճարին, նստիր, անբավարար»:

Ընկեր Հարությունյանի գնահատականների հրապարակումից հետո հայրենիք կոչվող դասարանում երկար ու ծանր լռություն կիջներ:

Մեկնաբանություններ (7)

Հ. Ներսեսյան
Շատ հավանեցի ուսուցչուհու վճիռը: Տեղին էր: Մաշտոցի որդիների և դստրերի վճիռները պետք է լինեն պարբերեբար: Միայն այդպես կսթափվի մեր օտարատենչ ժողովուրդը:
Աշոտ Ալեքսանյան
Համամիտ լինելով հոդվածի հետ, խնդրում եմ բոլորին հնարավորինս խոսել հայերեն:
Գագիկ
Հինգ եմ նշանակում Ձեզ և Ձեր պես մտածողներին, մտահոգվողներին`իմ երեխաների և թոռների լեզուն անաղարտ պահելու համար, թեկուզ Դոն Քիշոտի անուն վաստակելու գնով:
Yervand
Համամիտ լինելով հոդվածիՆ....(Ոչ թէ հոդվածի հետ)
Գ.Ա.
Հոդվածագիրը հանրությանն է ներկայացրել հայոց լեզվի պահպանելու և պաշպանելու խնդիրները.Ամբողջությամբ համամիտ լինելով Ա.Հակոբյանի տեսակետին, միաժամանակ գտնում եմ որ այսօր մեր պետականության և հատկապես լեզվի պահպանության գործում առաջին թշնամին դա մեծածավալ արտագաղթն է
Է.Է
> Մարդ լինել` նշանակում է ոչ միայն տիրապետել գիտելիքների, այլև եկող սերունդների համար անել այն, ինչ նախորդներն արել են մեզ համար... Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այս կարևորագույն խնդիրն ըստ արժանվույն բարձրաձայնելու համար...
Արևիկ Հարությունյան
Հեղինակի մտահոգությունը առավել քան արդիական է: Հատկապես հոգնած և զզված եմ իմ ազգային արժանապատվությունը ոտնահարող եթերաբարբառից: Ի վերջո պետական այրերը երբևիցե պետք է գիտակցեն, որ մեր նման փոքր ազգի համար լեզուն ռազմավարական նշանակություն ունի հզորների խաղաղ, բայց խիստ վտանգավոր զինատեսակների դեմ պայքարելու գործում, որ մեր մայրենին այն արժեքավոր և անգնահատելի զենքն է, որը ներկայում և ապագայում մեզ թույլ է տալու կուլ չգնալ աշխարհաքաղաքական համակենտրոնացման գործընթացներին և պահպանել մեր ինքնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter