HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպեսզի գիրքն ավելի մոտենա ընթերցողին. ցուցահանդես-տոնավաճառ՝ Խնկո Ապոր գրադարանում

Սոնա Սահակյան

Փետրվարի 21-23-ը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի կունենա մանկապատանեկան գրքի երևանյան 9-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Այն արդեն մի քանի տարի է՝ կազմակերպվում է մշակույթի նախարարության, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի և Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի աջակցությամբ:

«Ամեն տարի 2-3 անգամ նմանատիպ միջոցառում է կազմակերպվում, որի հիմնական նպատակներից է գիրքը ներկայացնել շուկային, ընդլայնել պահանջարկը, ծանոթացնել վերջին տարիներին հրատարակված գրականությանը` հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով»,- ասաց Խնկո Ապոր մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:

Նա նշեց, որ ներկայացվող գրքերի շարքում են մանկապատանեկան ամսագրեր, գեղարվեստական, ուսուցողական, օտար լեզուներ ուսուցանող և տարբեր բնույթի գրականություն:

«Քանի որ մեր օրերում մարդիկ շատ զբաղված են և չեն կարողանում գրախանութներ այցելել, մենք այս միջոցով փորձում ենք ընթերցող-գիրք կապը պահպանել: Ինչպես նաև այստեղ ներկայացված գրքերն ավելի մատչելի են, քան գրախանութներում»,- ավելացրեց Մ. Հովսեփյանը:

Ծրագրի շրջանակներում կազմակերպում են տարբեր ակցիաներ, նվիրատվություններ, վիկտորինաներ, և հաղթող երեխաները պարգևատրվում են գրքերով: Պատահում է նաև, որ որևէ դպրոց է հաղթող ճանաչվում և հրատարակչության կողմից գիրք է ստանում: Ցուցահանդես-վաճառքին մեծ է դպրոցականների մասնակցությունը, իսկ վերջին օրը հիմնականում ընտանիքի անդամների, տատիկ-պապիկի ուղեկցությամբ գալիս են երեխաները:

Ցուցահանդեսին ներկա են գտնվում նաև արտասահմանից հյուրեր, որոնք ցանկություն ունեն հայերեն լեզվով հետաքրքիր գիրք ձեռք բերել:

Տիկին Հովսեփյանը ցավով նշում է, որ դպրոցներն իրենց միջոցներով գիրք ձեռք բերելու ցանկություն դեռևս չեն հայտնել:

Ցուցահանդես-վաճառքի բացմանը փետրվարի 21-ին ներկա կլինեն գրողներ, մտավորականներ, հրատարակիչներ, այնուհետև կհաջորդի երաժշտական գրքերի շնորհանդեսը, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում կլինի:

«Երեխաները հնարավորություն կունենան շփվել գրողների հետ, որը մեծ ազդեցություն կթողնի գրքի հանդեպ»,- նշում է Մ. Հովսեփյանը:

Ցուցահանդես-տոնավաճառի վերջին օրը «Ես գիրք եմ ստեղծում» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվեն երեխաների կողմից գրված շարադրությունները, կկայանա «Ես նկարազարդում եմ» խորագրով նկարչական մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը և «Իմ ստեղծած գիրքը» շնորհանդեսը:

«Գիրքը գրադարանի պատերից դուրս է գալիս»,- ասում է փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատ ուշադրությունը գրքի հանդեպ մեծացել է` շնորհիվ գրադարանի կազմակերպած միջոցառումների:

Ապրիլ-մայիս ամիսներին ցուցահանդես-տոնավաճառն անցկացնում են գրադարանի հարթակում կամ Ազատության հրապարակում, որպեսզի պատահական մարդկանց ուշադրությունը ևս գրավեն և գիրքը ավելի մոտեցնեն հասարակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter