HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննիչին ու դատախազին չի՞ հետաքրքրում, թե ով է ներարկել «հանկարծամահ» եղած դասախոսին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Ենգիբարյանը այս տարվա մայիսի 23-ին մերժել է նույն վարչական շրջանի ոստիկանության քննիչ Վ. Պողոսյանի որոշման դեմ Նոնա Սարգսյանի բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Քննիչը քրեական գործ չէր հարուցել Նոնայի մոր` Վերա Ղազարյանի մահվան դեպքով, մինչդեռ հանգուցյալի հարազատները պնդում են, որ Վ. Ղազարյանի մահը վրա է հասել «Արթմեդ» ԲՎԿ-ի բժիշկ Աշոտ Քոսյանի  մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով:

Դատախազը պարզել է, որ  հիմնավոր չէ Աշոտ Քոսյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները պատշաճորեն չկատարելու հետեւանքով Վերա Ղազարյանին մահ պատճառելու փաստը, հետեւաբար բժիշկի արարքում հանցակազմ չկա;

Հիշեցնենք, որ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, 63-ամյա Վերա Ղազարյանն այս տարվա մարտի 9-ին, հարազատների պնդմամբ, նորմալ ինքնազգացողությամբ գնացել է աշխատանքի եւ դասերը վերջացնելուց հետո` ժամը 12.30-ի սահմաններում, անձնական ավտոմեքենայով ուղեւորվել «Արթմեդ» կենտրոն, որտեղ ողնաշարի ճողվածքի բուժման համար պետք է ստանար երկրորդ ներարկումը: Մինչդեռ ժամեր անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ Վերա Ղազարյանը, ներարկումը դեռ չստացած, մահացել է:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 266 եզրակացության` Վ. Ղազարյանի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից: Մահացածի հարազատներն էլ պնդում են, որ Վերա Ղազարյանը մահացել է երկրորդ ներարկման ժամանակ (առաջին ներարկումն արվել է մարտի 4-ին` ծոծրակի հատվածում):

Թեեւ բժիշկ Քոսյանը հերքում է, որ այդ օրը հիվանդին ներարկել է, սակայն նույն փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ դիակի գոտկային շրջանի աջ հատվածում հայտնաբերվել է կետային բնույթի վերք, որը ներարկման հետեւանք է:

Ինչպես քննիչ Վ. Պողոսյանը, այնպես էլ դատախազ Մ. Ենգիբարյանը գտնում են, որ երկրորդ ներարկման հետքը չէր կարող կատարվել բժիշկ Ա. Քոսյանի կողմից, քանի որ «Վերա Ղազարյանը նրա աշխատասենյակ մտել է շնչահեղձ վիճակում եւ, բացի այդ, ժամանակի առումով  ֆիզիկապես բժիշկը չէր կարող այդ կարճ ժամանակահատվածում կատարել այդ ներարկումը»:

Իսկ թե ինչպես եւ ով է ներարկել Վերա Ղազարյանին, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքի վրա, ինչն էլ հիմք է տալիս հարազատներին եզրակացնելու, որ թե' առողջապահության նախարարությունը եւ թե' իրավական համակարգի աշխատողները կոծկում են մահվան իրական հանգամանքները:

Դատախազը իր որոշման մեջ գրել է նաեւ, որ Վերա Ղազարյանը, մահվան օրը հասնելով բժիշկի աշխատասենյակի դռան մոտ, իրեն վատ է զգացել եւ խնդրել է ոմն Ա. Մարգարյանին, որ նա հերթը զիջի իրեն:

Նոնա Սարգսյանն ասում է, որ իրենք չեն ճանաչում բացատրություն տված Ա. Մարգարյանին: Ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը կողմնակալ ձեւով են գործն ուսումնասիրել, քանի որ նույն օրը բժիշկի սենյակի դռան մոտ Վերա Ղազարյանին հանդիպել է նրա ծանոթներից մեկը:

Վերջինս հարազատներին ասել է, թե Վ. Ղազարյանը հիվանդանոցում լավ տրամադրություն ուներ, բավականին աշխուժ էր եւ դեմքին անհանգստության նշաններ չկար: Դատախազը հարազատներից չի հետաքրքրվել, թե արդյոք նրանք ունեն վկաներ, որոնք հիվանդանոցում կամ այդ օրը տեսել են Վ, Ղազարյանին, հակառակ դեպքում նրանց որոշումների մեջ կլիներ նաեւ Ա. Մարգարյանի վկայությանը հակասող այլ վկայություն:

Բացի այդ, Վերա Ղազարյանի վատ ինքնազգացողության մասին վկայություն է տվել նաեւ բժիշկ Քոսյանի ծանոթ` Հենրիկ Պետրոսյանը, ով աշխատել է Վերա Ղազարյանի հետ նույն քոլեջում եւ հենց նա էլ իր գործընկերուհուն խորհուրդ է տվել բուժման համար դիմել Ա. Քոսյանին: Նոնան ասում է, որ մոր ինքնազգացողության մասին Հ. Պետրոսյանը բացատրություն տալ չէր կարող, քանի որ նա հիվանդանոց է գնացել մահը գրանցվելուց հետո, հետեւաբար չէր կարող ենթադրել թե իր բացակայության ժամանակ Վերա Ղազարյանն ինչ վիճակով է հասել բժշկի աշխատասենյակ եւ ինչ տեսք ուներ:

Հանգուցյալի դստեր պնդմամբ, մոր մահվանից րոպեներ անց հիվանդանոց են գնացել նաեւ քոլեջի այլ դասախոսներ, սակայն քննիչը նրանցից բացատրություն չի վերցրել եւ բավարարվել է միայն Հ. Պետրոսյանի ասածներով, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ «հաշվի առնելով տեղազննության արձանագրության բացակայությունը» այդ ժամանակ ստույգ որոշել, թե երբ է վրա հասել Վ. Ղազարյանի մահը, հնարավոր չի եղել:

Թե ինչո՞ւ տեղազննում չի արվել, ո՞վ է ներարկել Վերա Ղազարյանին եւ ի՞նչ պայմաններում, ինչո՞ւ են քննիչն ու դատախազը միակողմանի բացատրություններով որոշումներ կայացրել, որոնցով էլ մերժել են քրեական գործի հարուցումը, հարցեր են որոնց պատասխանը ոչ մի պետական մարմին չի տալիս:

Առողջապահության նախարարությունը նույնպես կրավորական դիրք է ընդունել եւ չի խառնվում գործին: Հարազատներին այլ բան չի մնում, քան վերադասության կարգով բողոքարկել որոշումները:

Նոնա Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Ենգիբարյանի որոշումը բողոքարկելու է ՀՀ գլխավոր դատախազին:

Մեկնաբանություններ (3)

AREV
zzvum em bolor tget ev angraget bjiskneric..... nranq en kor&anum mer kyanq@
zhenya
Sireli Nona patkeracnum em ko aprumnere. Dipuk e asvac uzheghi mot misht el tuyln e meghavor
Վ. Առաքելյան
Մեր քննիչները և դատախազները դագաղագործներից ավելի են հետաքրքրված թե հատկապես ով և ինչպես է հանցանք կատարում, չէ որ ոչ թե աշխատավարձը այլ հանցագործներն են նրանց ճարպակալացնող եկամուտն ապահովում: Դրությունն ինչ որ չափով կփոխվի, եթե հանցագործությունը բացահայտելը գործարքային դառնա և բացահայտման համար նախատեսված այդ գումարը ասենք լրագրողը կարողանա ստանալ, թողնելով կաշառք ստացած ,,չհետաքրքրված,, քննիչ-դատախազին ու կաշառատուին փաստի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter