«Հրապարակ». Թատերականի դիպլոմն ու հայրիկի ջանքերը
Երեկ ՀՀԿ ԱԺ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի 37-ամյա որդին` Արման Սահակյանը, նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետգույքի վարչության պետ: Թե ինչ է մտածել կառավարության ղեկավարը նրան այս պաշտոնին նշանակելիս, դժվար է ասել, քանի որ Արման Սահակյանը թատերական ինստիտուտի շրջանավարտ է, աշխատել է «Հրազդան» մարզադաշտում, «Դար 21» հեռուստաընկերությունում, որոնք պատկանում են նրա քեռուն` Աշոտ Աղաբաբյանին «Բուռնաշ» մականունով:
Ապա եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը, իսկ 2004-2006թթ.` Երևանի փոխքաղաքապետ` մշակույթի, սպորտի գծով:
Նա Աջափնյակի ՀՀԿ կառույցի ղեկավարն է և ՀՀԿ խորհրդի անդամ: Ժամանակին փորձեց դառնալ Աջափնյակի թաղապետ` չհաջողվեց:
Տևական ժամանակ է, ասում էին, որ Գալուստ Սահակյանը որդու համար մի հարմար պաշտոն էր փնտրում, և այդ հնարավորությունը ստեղծվեց, երբ Պետգույքի երկարամյա վարչության պետ Կարինե Կիրակոսյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց:
Նրա ազատման պատճառն այդպես էլ մութ մնաց, թեև լավատեղյակները պնդում են, որ մի քանի ամիս առաջ վարչությունում Վերահսկիչ պալատը ստուգումներ էր սկսել, որոնք անսպասելի ու արագ ընդհատվեցին:
Վարչությունում վարկածներ են շրջանառվում, որ պետի առաջ որոշակի պայման էին դրել, ինչին, հուրախություն Գալուստի, վերջինս համաձայնել էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել