
Քսան տարի սպասել եք, մի քիչ էլ սպասեք
Շնորհակալություն արձագանքի համար: Զարմանալի է Ձեր արձագանքը, քանի որ այս տարվա փետրվարի 15-ին Ձեզ հասցեագրած մեր նամակը մնացել է անպատասխան: Եթե Դուք պատասխանեիք, գուցե «անճշտություններ» չլինեին:
Մեզ հայտնի է, որ ՄԱԿ-ը շատ փակ կառույց է դառնում, երբ իր ծրագրերին առնչվող տեղեկատվություն է պահանջվում, հատկապես, երբ դա ֆինանսական բնույթի տեղեկատվություն է:
Այժմ իրավիճակը ընթերցողներին ներկայացնենք` ավելի ընկալելի դարձնելու համար:
Բաքվից, Սումգայիթից եւ այլ բնակավայրերի իրենց տներից բռնի տեղահանված փախստականները, որոնց համար նախատեսված էր շենքը, 20 տարի ինչ-որ կացարաններում` անտանելի պայմաններում սպասում էին բնակարանի:
Եւ ահա հայտնվում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները եւ ասում` ձեզ համար սոցիալական տուն ենք կառուցում եւ ձեզ կապահովենք բնակարաններով:
2010 թ. հունիսին հանդիսավոր արարողությամբ Երեւանի արվարձանում գտնվող Քասախ գյուղում 20 փախստականներին հայտարարվեց, որ այդ տները կառուցվել են իրենց համար, եւ իրենք կարող են արդեն ապրել այնտեղ:
Փախստականների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը, որոնք կարծես թե խորը շունչ քաշեցին, որ իրենց վերջին օրերը կանցկացնեն հարմարավետ բնակարաններում:
Շուտով կլրանա մեկ տարին, բայց փախստականները շարունակում են մնալ իրենց նախկին կացարաններում. շենքի դռները փակ են: Որովհետեւ պարզվել է, որ հատակը բետոնապատ է, իսկ պատերի վրա վտանգավոր ճաքեր կան, այնքան վտանգավոր, որ խորհուրդ չեն տվել այնտեղ բնակություն հաստատել:
Մեր երկու հոդվածներում խոսքը եղել է արդեն ավարտված կառույցի մասին` 20 բնակարանով, մյուս 25-ը, որ նոր շենքում է լինելու, դեռ պատրաստ չէ, եւ մենք այդ մասին հոդվածում չենք գրել:
Եւ այսպես, 1 մլն դոլար է ծախսել ՄԱԿ-ը այդ շենքը կառուցելու համար: Շենքը կառուցվել է մի ձեռնարկության հիմնակմախքի վրա, այսինքն` հիմք չի փորվել: 1 մլն դոլարի հիմնական մասը` 760 հազար դոլար, ճապոնացի հարկատուների փողերն են: Այն ճապոնացիների, որոնք իրենք օգնության կարիք ունեն:
Այսօր Քասախում 25 հազար դոլարով կարելի է 2 սենյականոց բնակարան գնել, իսկ 50 հազար դոլարով հնարավոր է գնել առանձնատուն` հողամասով: Հիմա հարց եմ ուզում ուղղել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին` արդյոք ՄԱԿ-ում չի՞ եղել որեւէ մասնագետ, որ առաջարկեր 20 ընտանիքների խնդիրը լուծել հենց այս ճանապարհով:
Եւ ամենակարեւոր հարցը` պարզե՞լ եք, արդյոք, թե ինչպես է ծախսվել այդ 1 մլն դոլարը երկհարկանի այդ չարաբաստիկ շենքը կառուցելու համար, որտեղ նույնիսկ հատակ չկա:
Մասնագետները կատարված աշխատանքը գնահատում են մոտ 600 հազար դոլար: Պրն Դամթյու Դեսալեյնե, Դուք դարձյալ ժամկետ չեք նշում, գրում եք` նրանք կտեղափոխվեն «որքան հնարավոր է շուտ»: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ Ձեր նշած «որքան հնարավոր է շուտ»-ը կտեւի առնվազն մեկ տարի, եթե նույնիսկ վաղը սկսեն դրանով զբաղվել:
Դուք մարդկանց այդտեղ չտեղափոխվելու համար նշում եք երկու պատճառ.
«Առաջին հերթին` այս հետաձգումը կապված է իշխանությունների եւ շահառուների միջեւ կնքվող օգտագործման պայմանագրերի փաստաթղթային աշխատանքների հետ: Երկրորդ` մինչ այդ մենք շենքի պատերի վրա նկատեցինք որոշ ճաքեր»: Կարծում եմ` իրական պատճառը մեկն է` այնտեղ վտանգավոր է ապրելը: Հուսով եմ` Դուք դրա մասին տեղեկացված եք:
Հարգելի Դամթյու Դեսալեյնե, ես գիտեմ, որ այդ ծրագիրն իրականացվել է մինչեւ Ձեր` Հայաստանում աշխատանքի նշանակվելը, բայց միեւնույն է` այս իրավիճակի համար պատասխանատու է ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Վերջում ուզում եմ տեղեկացնել, որ խմբագրության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Քասախ եւ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու այս խնդիրը:
Մեկնաբանել