HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է վճարելու դասախոսների չվճարված աշխատավարձը (վիդեո)

Սրբուհի Գրիգորյան Սիսիան

 «Այլընտրանք չի մնում, քան կտրուկ միջոցների դիմել. ի վերջո դրա պատասխանատուն ո՞վ է լինելու»,- Սիսիանի նախկին հումանիտար քոլեջի նախկին դասախոս Արկադի Հովհաննիսյանի մտահոգությունները իր տարիներ շարունակ չվճարված աշխատավարձի հետ են կապված: Հաշվարկել է՝ պարտքը կազմում է ավելի քան 350.000 դրամ:

Քանիցս դիմել է քոլեջի ղեկավարությանը: Դիմումներից մեկին ի պատասխան տնօրենից ստացել է հետեւյալ պատասխանը՝ «Հայտնում ենք, որ առայժմ չենք կարող վճարել նախկին հումանիտար քոլեջից ձեզ չվճարված աշխատավարձը: Այդ հարցը կլուծվի քիչ ավելի ուշ, հումանիտար քոլեջի մասնաշենքի վաճառքից, ինչպես նաեւ Ձեր կողմից պարապած «Իրավագիտություն» մասնագիտության առաջին կուրսում դասախոսությունները լիարժեք կազմակերպելու մասին հարցի մեջ պարզաբանումներ մտցնելուց հետո: 10.07.2012թ.»:

Նախկին հումանիտար քոլեջը, ինչպես նշվում է պատասխանում, ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 11-ի 781 Ն որոշմամբ, միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ վերանվանվելով ՀՀ ԿԳ նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության:

Տնօրեն նշանակվել է նախկին տնտեսագիտական քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը, ով էլ ավելի հաճախ իրեն աշխատավարձերի պարտքերի մարման հարցով դիմած նախկին դասախոսներին պատասխանում է. «Ես ի՞նչ կապ ունեմ էդ պարտքերի հետ, գնացեք ձեր նախկին տնօրենից ուզեք: Արկադի Հովհաննիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, գիտի, որ նախկին տնօրենի առջեւ նախկին աշխատավարձերի վճարման պահանջ չի կարող դնել:

Նա մասնագիտորեն բացատրում է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները եւ պարտականությունները անցնում են վերջինիս»: Ասել է թէ՝ տվյալ դեպքում կառավարության վերոգրյալ որոշման օրինական ուժ մեջ մտնելուց հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները անցել են նրա իրավահաջորդին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին:

Ի դեպ, Սիսիանի պետական քոլեջը նախկին հումանիտար քոլեջից ժառանգել է մոտ 22 մլն դրամի հասնող պարտք:

Ինչպե՞ս են գոյացել պարտքերը

Սիսիանի հումանիտար քոլեջի դասախոսների խոսքով՝ իրենց քոլեջը միշտ էլ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ ունեցել է: Հաստատության վերջին տնօրեն Վազգեն Բաբայանը քոլեջի տնօրենի պաշտոնում աշխատանքի ընդունվելուց հետո մարել է քոլեջի աշխատողների աշխատավարձերի նախկին պարտքերը:

30 տարիների մանկավարժական ստաժ ունեցող Արմենուհի Հայրապետյանը Սիսիանի հումանիտար քոլեջում դասավանդել է երկար տարիներ: «Ի սկզբանե շատ քիչ գումար ենք վճարվել, անգամ 200 դրամ, դեռեւս 92 թվականից, բայց հետո կամաց-կամաց ավելացել ա գումարը»,-ասում է նա: Արմենուհի Հայրապետյանի համար ավելացած գումարը հասել էր ընդամենը 16-19 հազար դրամի, սակայն դա էլ տարիներ շարունակ չի ստացել ամբողջությամբ: Չի լռել, դիմել է տնօրինությանը: Ահա թե ինչ են պատասխանել. «Գումար չկա, վճարովի երեխաները քիչ են, ուշացումով են կատարում վճարումները, ուսանողների թիվը նվազել է»: Հետո ավելացնում է. «Մենք էլ դա ընդունել ենք որպես նորմալ երեւույթ: Ըմբռնումով ենք մոտեցել հարցին, բայց արդյունքում ի՞նչ ստացվեց, իմ աշխատավարձը մոտ 300 հազար դրամի չափով չստացա»:

Քոլեջի դասախոսներին բացատրել են, թե ինչու են իրենք վճարվում մասնակի: Արմենուհի Հայրապետյանը բացատրությունը հիշում է բառացի. «Միշտ էլ ասել են, որ մենք վճարվում ենք ե՛ւ բյուջեից, ե՛ւ արտաբյուջեից : Բյուջեից տալիս ենք, իսկ արտաբյուջեից հետո կտանք: Որից էլ առաջացել են պարտքերը»:

Քոլեջի նախկին դասախոս Լեւիկ Ասատրյանի եւ նախկին հումանիտար քոլեջի տնօրեն Վազգեն Բաբայանի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերից մեկում հստակ նշված է. «Աշխատանքի վարձատրության ամսական չափը (ժամային, դրույքաչափը) սահմանվում է ՝ անվճար 0,43-13.330, վճարովի 0,16-4960, ց/հն (ցիկլային հանձնաժողովի նախագահ)՝ 3100 եւ վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ, մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»: Գործատուն անտեսել է պայմանագրի այդ կետը՝ աշխատավարձը ժամանակին վճարելու մասով: Քոլեջի դասախոսներն այդ կարգով (միայն պետպատվերով սովորող ուսանողներին դասավանդելու համար) վճարվել են սկսած 2007 թվականից մինչեւ 2011 թվականի հունիսի 11-ի կառավարության որոշումը:

Մենք այս առիթով ընդամենը երկու հարց ուղղեցինք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը. «Արդյո՞ք ԿԳ նախարարությունը տեղյակ չի եղել, որ 2007 թվականից հումանիտար քոլեջի դասախոսները վճարվել են մասնակի, որի պատճառով էլ գոյացել են պարտքերը: Եթե տեղյակ է եղել՝ ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի այդ պարտքը չաճի, եւ Ժառանգելով Սիսիանի հումանիտար քոլեջի պարտքը՝ Սիսիանի պետական քոլեջն ինքն էլ հայտնվել է ոչ այնքան շահավետ վիճակում: Հենզել Առաքելյանը ներկայում հրաժարվում է վճարել պարտքերը՝ նշելով, որ ինքն անձամբ կապ չունի այդ պարտքերի հետ, եւ որ քոլեջը ներկայում ֆինանսական միջոցներ չունի դա անելու համար, ուրեմն ե՞րբ եւ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը»: Մենք իհարկե պատասխան ստացանք, բայց որը, համենայն դեպս հիմա, լույս չի սփռում խնդրի վրա:

«Հարցի պատասխանը կտրվի 30 օրվա ընթացքում, քանի որ համակողմանի պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք: Սիսիանի պետական քոլեջի տնօրենը 2011 թվականի հուլիսից օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել է, վերակազմակերպման ձեւով քոլեջին միացած, Սիսիանի պետական հումանիտար քոլեջի կուտակած պարտքի մարման վճարումներ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը դիմել է ուսումնական հաստատության տնօրենին»: Առայժմ սա է ԿԳ նախարարության պատասխանը:

Խնդրի մասին ԿԳ նախարարությունում ամեն դեպքում տեղյակ եղել են, եւ քոլեջների միավորումը նաեւ Սիսիանի հումանիտար քոլեջում ստեղծված ֆինանսական ծանր կացությունն է եղել: Այդ մասին տեղեկանում ենք նաեւ վերակազամակերպման աշխատանքները համակարգելու համար ձեւավորված հանձնախմբի ղեկավար, նախարարության աշխատակից Մարո Կարախանյանի տեղական «Սիսիանի ձայն» թերթին տված հարցազրույցից: Թերթի 2011 թվականի հուլիսի 25-ի համարում կարդում ենք. «Մարո Կարախանյանի խոսքով՝ Սիսիանում նման փոփոխության նախարարությունը գնացել է երկու՝ Սիսիանի պետական հումանիտար քոլեջում ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակի եւ դիմորդների թվի նվազման պատճառով»:

Սիսիանի նախկին հումանիտար քոլեջի տնօրեն Վազգեն Բաբայանն այդ մասին լռում է: Խոսակցություններ են պտտվում, որ նա ուղղակի չի ուզել, որ քոլեջը օր առաջ փակվի, որովհետեւ քոլեջի դիմորդների թիվը նվազում էր ամեն տարի: Սա էլ իր բացատրությունն ունի. քոլեջը պատրաստում էր հիմնականում մանկավարժ կադրեր, իսկ միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժները աշխատանք չէին գտնում:

Ըմբռնում. մինչեւ ե՞րբ

«Ճիշտ է, իրենց կողմից օրենքի խախտում է թույլ տրվել, բայց ես ընբռնումով եմ մոտեցել էս հարցին: Մտածել եմ՝ էդ վիճակը միտումնավոր չեն ստեղծել, դրա համար ձեռնպահ եմ մնացել, բայց ինչքա՞ն ձեռնպահ մնամ»,- ասում է քոլեջի նախկին դասախոս Արկադի Հովհաննիսյանը: Երկար ժամանակ խնդիրը այլընտրանքային ճանապարհով, այս դեպքում դատարանի միջնորդությամբ լուծելուց ձեռնպահ էր մնում նաեւ մաթեմատիկայի դասախոս Լեւիկ Ասատրյանը: Սակայն մի օր… Իր աշխատանքային պայմանագրի լուծման պատճառով աշխատանքից ազատվելուց հետո Լեւի Ասատրյանը վճռական որոշում կայացրեց եւ (06.02.12 թ.) «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հենզել Առաքելյանից 343.000 ՀՀ դրամ վերջնահաշվարկով չվճարված աշխատավաձի բռնագանձման պահանջի հայցով դիմեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Լեւիկ Ասատրյանի հայցին ի պատասխան՝ արդեն Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը ներկայացրեց իր հիմնավորումները. «Ըստ կնքված պայմանագրի՝ պետբյուջեի գծով հատկացումներից Լյովա Ասատրյանն ամսական ստացել է անվճար սովորող ուսանողների համար սահմանված գումարը, իսկ գումարի մյուս մասը միանգամայն օրինական կարգով չի վճարվել դարձյալ վճարովի եւ ոչ մի ուսանող չլինելու պատճառով»:

Ուշադրություն դարձնենք տնօրենի «միանգամայն օրինական կարգով» ձեւակերպման վրա: Տնօրենի կարծիքով՝ դասախոսները ոչ ավել, ոչ պակաս միանգամայն օրինական կարգով չեն ստացել իրենց աշխատավարձի մի մասը:

«Բայց մենք մեր պարտավորությունները պատշաճ ձեւով կատարել ենք, չէ՞»,- ասում է Արկադի Հովհաննիսյանը:

Լեւիկ Ասատրյանին աշատանքից ազատել էին՝ առանց պարտքերը մարելու եւ արձակման նպաստ հատկացնելու՝ անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում է վերջնահաշվարկի կատարման օրը՝ աշխատանքային պայմանագրի լուծման օրը:

Մեջբերում ենք քոլեջների վերակազամակերպման աշխատանքները համակարգելու համար ձեւավորված հանձնախմբի ղեկավար, նախարարության աշխատակից Մարո Կարախանյանի տեղական «Սիսիանի ձայն» թերթին տված հարցազրույցից. «Կրճտումների ընթացքում խստագույնս կպահպանվեն աշխատանքային օրենսգրքի բոլոր դրույթները: Չի կարելի թույլ տալ ոչ մի օրինախախտում,- նշում է Մարո Կարախանյանը: -Բայց եւ բոլոր մանկավարժներին աշխատանքի տեղավորելու շռայլություն նույնպես հնարավոր չի լինի ցուցաբերել, այլապես շատ կարճ ժամանակամիջոցում վտանգի տակ կարող է դրվել նաեւ վերակազամակերպված, նորաստեղծ Սիսիանի պետական քոլեջի գործունեությունը» (Սիսիանի ձայն, 25-ը հուլիսի, 2011 թվական):

Դառնանք Լեւիկ Ասատրյանի հայցին:

Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի: «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից հօգուտ Լեւիկ Ասատրյանի բռնագանձել 321.000 դրամ, որից աշխատավարձ 298.000 ՀՀ դրամ, արձակման նպաստ 23.000 դրամ:

Բացի այդ՝ դատարանի վճռով քոլեջից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվեց 6420 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար: Եւս 6860 դրամ պետական տուրք վերադարձվեց Լեւիկ Ասատրյանին:

Սիսիանի նախկին հումանիտար քոլեջում աշխատած դասախոսները գլխավորապես (չկարողացա կոնկրետ թիվ ճշտել նախկին եւ ներկայի տնօրենների խուսափողական պատասխանների պատճառով) ազատվել են աշխատանքից: Մեկը մյուսի հետեւից սկսվեցին արձակվել նմանատիպ հրամաններ. «Քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյան թիվ 17 հրաման.

«Դասավանդում տարրական դասարանում» մասնագիտության 2-րդ կուրսը փակելու մասին

կուրսի հետագա գործունեությունը գտնել աննպատակահարմար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուրսի 6 ուսանողներից, սկսած սեպտեմբեր ամսից, դասի է ներկայացել միայն մեկ ուսանող»:

Արմենուհի Հայրապետյանն ասում է. «Ուղղակի բաժինները միացնելուց հետո բնականաբար պրոբլեմներ առաջացան, որը հիմնականում կապված էր մեր քոլեջի հետ, որովհետեւ երեխաները թվով քիչ էին: Սկզբում բաժինները միավորեցին, հետո էլ տնօրենը կրճատեց՝ պատճառաբանելով, որ ժամ չկա, իմ դեպքում՝ մանկավարժության եւ մանկավարժության պատմության ժամեր: Էդպես: Արդեն մեկ տարի է՝ չեմ աշխատում, զգում եմ, որ հոգիս խամրում է»:

Կրճատված որոշ դասախոսների ներկայում ցանկանում են հետեւել Լեւիկ Ասատրյանի օրինակին եւ իրենց խախտված իրավունքները վերականգնել դատական ճանապարհով: Բայց սա արդյո՞ք բխում է քոլեջի շահերից: Այդ դեպքում քոլեջը ստիված կլինի կատարել նաեւ լրացուցիչ վճարումներ: Խոսքը դատական ծախսերի եւ տույժերի մասին է:

Արկադի Հովհաննիսյանը դարձյալ բացատրում է մասնագիտորեն: «Գործատուն պարտավոր է աշխատավարձը վճարել մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, չվճարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 0.15 տոկոսի չափով տուժանք: Ի դեպ, էդ տուժանքն էլ պետք է վճարվի քոլեջի կողմից»:

«Թող բողոքեն,- ասում է Հենզել Առաքելյանը,- թող էս քոլեջն էլ էն մեկի ճակատագրին արժանա»:

Անդրադարձ 

Դառնանք ՀՀ ԿԳ նախարարության գրությանը, որտեղ նշվում է, որ Սիսիանի պետական հումանիտար քոլեջի կուտակած պարտքի մարման աշխատանքներ Սիսիանի պետական քոլեջը կատարել է, որոնց վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար էլ նախարարությունը դիմել է ուսումնական հաստատության տնօրենին, սակայն ԿԳ նախարությանը անհրաժեշտ է մոտ մեկ ամիս մեր ուղղած հարցերին պատասխան տալու համար: Մենք որոշակի պարզաբանումներ արդեն ստացել ենք Հենզել Առաքելյանից: Նրա խոսքով՝ 22 մլն դրամի հասնող պարտքից քոլեջը ցայսօր կարողացել է մարել կենսաթոշակային հիմնադրարմին պարտք մայր գումարը՝ 8 միլիոն դրամի չափով: Այդ գործողությունների պատճառով քոլեջի աշխատողները, տնօրենի խոսքով, 2-3 ամիս աշխատավարձ, իսկ պետպատվերով սովորող ուսանողները՝ կրթաթոշակ չեն ստացել:

Մնացած պարտքերի մարումը Հենզել Առաքելյանը հնարավոր է համարում քոլեջի հաշվեկշռում գտնվող (դրան դեռ կանդրադառնանք) Սիսական 31 շենքի վաճառքի պարագայում:

Փաստաթղթային շիլաշփոթ. ո՞վ է շենքի սեփականատերը

Սիսական 31 հասցեի շենքը, որի մասին խոսեցինք վերեւում, ներկայում օգտագործվում է Սիսիանի համայնքապետարանի կողմից: Նախկին կուսշրջկոմի շենքը Սիսիանի շրջխորհրդի գործկոմի 1991 թվականի հոկտեմբերի 15/30 որոշմամբ Սիսիանի հումանիտար քոլեջին տրվել էր սեփականության իրավունքով: Մինչեւ 1998 թվականը քոլեջը գործունեություն ծավալել է այդ շենքում: 1998 թվականին Սիսիանի քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանի եւ քոլեջի տնօրեն Վասիլ Ավետիսյանի համաձայնությամբ քաղաքապետարանը եւ քոլեջը փոխանակել են շենքերը: Պատճառները հստակ են եղել՝ քոլեջի շենքում ուսանողների օրեցօր ավելացող թվի հետ կապված լսարանների պակաս էր զգացվում (Սիսական 41 հասցեի շենքն այդ խնդիրը կլուծեր), իսկ քաղաքապետարանին, որպես վարչական շենք, առավել հարմար էր Սիսակ Նահապետի հրապարակի բարձունքում տեղակայված Սիսական 31 հասցեի շենքը: Տեղափոխությունը կատարվել է ընդամենը համաձայնագրի շրջանակում:

Արդեն նշեցինք, որ Հենզել Առաքելյանը պարտքերի մարումը հնարավոր է համարում միայն քոլեջի հաշվեկշռում գտնվող շենքի վաճառքի պարագայում: Բայց կարո՞ղ է քոլեջը դա վաճառել…

Ըստ Հենզել Առաքելյանի՝ վերակազմավորման արդյունքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի օգոստոսի 8-ի N 927-xx/բ հրամանով Սիսիանի պետական քոլեջին է փոխանցվել նաեւ քաղաքապետարանի կողմից օգտագործվող 758,3 քմ տարածքով շենքը, եւ քոլեջը միանգամայն օրինական կարգով կարող է այն վաճառել:

Քաղաքապետարանում գտանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 20.09.2004 թվականին տրամադրած փաստաթուղթը, որով Սիսական 31 հասցեի վարչական շենքի սեփականատերը, 19.11.1991 թ. թիվ 15/30 ոշոշմամբ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Սիսիանի պետական հումանիտար քոլեջն էր, ինչո՞ւ՝ «էր», որովհետեւ փաստաթղթի վրա կատարված է ուղղում, որի համաձայն շենքի սեփականատերը արդեն 26.09.2011 թվականից Հայաստանի Հանրապետությունն է: Այդ փաստաթղթի օրինականությունը չի ընդունում Հենզել Առաքելյանը: Նրա՝ քաղաքապետարանին ուղղած նամակներից մեկում կարդում ենք. «Ձեր այն պատճառաբանությունները , որ այդ շենքը պատկանում է պետությանը, անհիմն է, քանի որ ոչ Սիսիանի պետական հումանիտար քոլեջը եւ ոչ էլ Սիսիանի պետական քոլեջը չեն կնքել հանձնման-ընդունման պայմանագիր՝ այն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու մասին»:

Քաղաքապետարանը որպես հիմք ընդունում է վերոնշյալ փաստաթուղթը եւ պատրաստվում է Սիսական 41 հասցեի շենքի իր սեփականությունը համարվող հատվածը փոխանակել ՀՀ- ի սեփականությունը համարվող Սիսական 31 հասցեի շենքի հետ:

Մինչ ԿԳ նախարարությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, Սիսիանի պետական քոլեջում, Սիսիանի քաղաքապետարանում փորձում են գլուխ հանել ստեղծված շիլաշփոթից, իսկ մենք սպասում ենք ԿԳ նախարարությաննն ուղղված մեր հարցերի պատասխաններին, կրճատված դասախոսները շարունակում են մտորել՝ «Մինչեւ ե՞րբ» եւ պատրաստվում են դիմել դատարան:

«Ցանկացած մարդ, եթե աշխատում է, ուզում է իր աշխատանքի արդյունքը ստանալ, իմ աշխատանքի արդյունքներից մեկն էլ այդ գումարով պետք է երեւար»,- ասում է 30 տարի մանկավարժ աշխատած, հիմա գործազուրկ Արմենուհի Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter