Սահման. Կովը կհասկընա՞, չի հասկընա, անցնում է (վիդեո)
Հայ-վրացական սահմանամերձ Ձորամուտ գյուղը Վրաստանից բաժանում է մեկ բլուր: Գյուղից սահմանը չի երեւում: Բլրի հակառակ կողմում Վրաստանի Տումանիս գյուղն է: Ձորամուտցիներն ասում են, որ գյուղի սահմանային գծում հայ-վրացական սահման չի գծվել: Ստեղծված իրավիճակում վրացի սահմանապահները խոչընդոտում են հայ գյուղացիներին` իրենց սահմանամերձ 60 հա սեփական վարելահողերն ու խոտահարքներն օգտագործելու հարցում:
Ձորամուտցիներն ունեն 555 գլուխ անասուն, որից 244 գլուխը խոշոր եղջերավորներ են: Նրանք սահմանամերձ իրենց հողերի, այդ թվում նաեւ արոտավայրերի օգտագործումը կարեւորում են հատկապես գյուղում անասնապահությունը զարգացնելու առումով: Համայնքապետ Արարատ Փնջոյանն ասում է, որ Ձորամուտի գյուղացիների սահմանային հողերի խնդիրներին տեղյակ է պահել Լոռու մարզպետին եւ ՀՀ կառավարությանը: Խնդիրն, այդուամենայնիվ, մնում է անլուծելի: Այն տեղ չի գտել նաեւ գյուղի զարգացման նախկին եւ ներկա` 2010-2013թթ. քառամյա զարգացման ծրագրերում:
![]() |
![]() |
Ձորամուտը գտնվում է Տաշիրից հյուսիս-արեւելք 10 կմ հեռավորության վրա: Ադրբեջանաբնակ նախկին Էլյու գյուղում վերջին 20 տարիներին բնակություն են հաստատել Բաքվից բռնագաղթած 200 հայ փախստականներն ու վիրահայ 30 ընտանիք: Ձորամուտ համայնքի մեջ մտնում է նաեւ Գոգավան գյուղը: «Գոգավանը շագրենի կաշվի նման փոքրանում է, 40 մարդ է ապրում այնտեղ»,- ասաց Արարատ Փնջոյանը: Գոգավանը, որը հազիվ 2 կմ է հեռու Ձորամուտից, անմիջապես սահմանամերձ է Վրաստանին եւ հայտնի է հայ-վրացական մաքսակետով:
«Սեփական խոտհարքը գնում ենք հնձելու, վրացի սահմանապահը գալիս ասում է. «Էս մեր հողն է, իրավունք չունեք էստեղ, մեր կողմի սահմանում էլ, վրացական կողմում էլ հողեր ունենք, սաղի դակումենտացիան մեր վրա է գրված, հարկ էլ վճարում ենք»,- ասում է ձորամուտցի Վենետիկ Սիմոնյանը: Գյուղամիջում կանգնած Հովհաննեսն էլ ավելացնում է, որ վրացիները մինչեւ իրենց գյուղը 500 մետրը չեզոք գոտի են համարում: «500 մետրն արդեն մեր գյուղ է հասնում, էլ ինչի՞ են սեփականաշնորհել այդ հողերը»,- հարց է տալիս է Վենետիկ Սիմոնյանը:
Վրացի սահմանապահների՝ իրենց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հետ կապված գյուղացիները պատմեցին Ղարաբաղի պատերազմի ազատամարտիկ, առաջին խմբի հաշմանդամ, ձորամուտցի Կամո Հակոբյանի որդու հետ կատարվածը: Երկու տարի առաջ Կամոյի հորթը անցել էր սահմանը, տղան վազելով գնացել էր հորթի հետեւից`վրացի սահմանապահները բռնել էին: «Մի հատ տեսեք մեր սահմանն ինչ բան է, ոչ զաբոռ կա քաշած, ոչ մի բան: Կովը կհասկընա՞, չի հասկընա, անցնում է, չէ՞: Երեխա է, անհասկանալ գնացել է հորթի հետեւից»,- ասաց Վահեն:
![]() |
![]() |
| Արարատ Փնջոյանը | Անուշ Փիլոսյանը |
Կամո Հակոբյանն էլ «Հետքին» պատմեց, որ չեղած տեղից 3000 լարի տուգանք է տվել վրացիներին, որ տղային ազատի ու մինչեւ օրս պարտքի տակ է: «Զինված վրացի զինվորն ի՞նչ իրավունքով է գալիս մեր հողի վրա կանգնում, իսկ Կառավարությունը ուշադրություն չի դարձնում: Կառավարությունը գիտե՞, թե Տաշիրի Ձորամուտ գյուղը քարտեզի վրա ուրդի է գտնվում, շուտով վրացին կգա մեր գյուղն էլ ձեռներիցս կառնե»,- վրդովված հայտնեց ազատամարտիկ Սամվել Սիմոնյանը:
Համայնքապետ Արարատ Փնջոյանը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում փորձում էր մեղմել գյուղացիների դժգոհությունը: Նա ասաց, որ գյուղացիները զգացել են, որ պետք չէ այնտեղ հատապտուղ հավաքելու գնալ եւ անասուններին արոտի ուղարկել: «Հիմա արդեն մերոնք լրջացան»,- ասում է նա: Լոռու մարզպետն ու ՀՀ կառավարությունը գյուղացիների սահմանային հողային խնդրիրներից տեղյա՞կ են, հարցնում եմ նրան: «Տեղյակ են, իհարկե, տեղյակ են, ես բարձրաձայնել եմ այդ մասին»,- ասաց Արարատ Փնջոյանը: Վերջինիս ասելով հայ սահմանապահներն արդեն աշխատում են այդ գծի վրա: «Մեր հողերի մեջ մինչեւ 500 մետր չեզոք գոտի է, հենց մերոնք էլ նշանները խփել են, չնայած այդ նշաններից 500 մետր այն կողմ էլի մեր հողերն են»,- հայտնեց նա:
![]() |
![]() |
![]() |
| Կամո Հակոբյանը | Սամվել Սիմոնյանը | Վենետիկ Սիմոնյանը |
Վենետիկ Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ հայ սահմանապահները նույնպես գյուղացիներին չեն թողնում անասունը սահմանամերձ իրենց հողերում արոտի տանեն: «Անցած տարի Երեւանից գեներալների մեծ կամսիա եկավ, ասացին գյուղացիներն իրավունք ունեն քաղելու իրենց տարածքը, ասացին`սահմանապահ եք, գնացեք կանգնեք գլխեքին, բայց ո՞վ է բանի տեղ դնողը, ո՞վ է կանգնողը»,- ասաց Վահեն:
Գոգավանի սահմանապահ ուղեկալում Ձորամուտի գյուղացիների սահմանային դժգոհությունների վերաբերյալ մեր հարցերին հրաժարվեցին պատասխանել: Միայն հրամանատարության թույլտվությամբ կարող ենք պատասխանել Ձեր հարցերին»,- ասաց ուղեկալի պետը եւ փորձեց հեռախոսով ստանալ հրամանատարության թույլտվությունը: Հրամանատարությունն անհասանելի էր:
Ձորամուտը մոռացված գյուղ է եւ ոչ միայն իր սահմանային խնդիրներով: Անանցանելի է Տաշիր-Գոգավան ճանապարհը: «Գյուղից մի ջահել տղա ինֆարկտ էր ստացել, սկոռին շալակով ենք տարել մի 10-15 օր առաջ»,- պատմեցին գյուղացիները: «Ձորամուտում մանկապարտեզը բացառված է»,- ավելացրեց Հովհաննեսը, չնայած նրան, որ գյուղում նախադպրոցական տարիքի 30 երեխա կա: «Մեկ հեկտար հողի համար 10 հազար դրամ հարկ ենք տալիս, համարյա թե Արարատյան դաշտի գներ ենք մուծում»,- դժգոհեց Նիկոլայ Ղափլանյանը: Համայնքապետ Ա. Փնջոյանը «Հետք»-ին ներկայացրեց Ձորամուտի մյուս խնդիրները, որոնց մեջ ամենացավոտը մեծ չափերի հասնող արտագաղթն է. գյուղի 300 բնակիչներից մշտապես 110-ը բացակայում են, միայն 2012թ.-ին գյուղից հեռացել է 20 հոգի:
![]() |
![]() |
Ձորամուտը գազաֆիկացված չէ, գյուղացիներն աթարով են տաքացնում իրենց տները: Կիսաքանդ վիճակում է գյուղի մշակույթի տան շենքը: Դպրոցը, որտեղ սովորում է 81 աշակերտ, վերանորոգման խիստ կարիք է զգում: «Դպրոցը չունի կահավորված դասարաններ եւ մարզադահլիճ»,- ասաց դպրոցի ուսմասվար Անուշ Փիլոսյանը,- ով դժգոհեց նաեւ ուսուցիչների ցածր աշխատավարձից: Այս խնդիրները ներառվել են գյուղի զարգացման 2010-2013թթ.-ի քառամյա ծրագրում, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դրանք մնում են թղթի վրա:
Անկախության տարիներին Ձորամուտի զարգացման համար պետբյուջեից երբեւէ հատկացումներ չեն կատարվել: Որքան էլ զավեշտալի է, սակայն սահմանամերձ գյուղի զարգացման հրատապ ծրագրերի լուծման համար հատկացումներ չի կատարվել նաեւ ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով Լոռու մարզին հատկացված 3,9 մլդ դրամ գումարից: Ձորամուտցիները կարծում են, որ գյուղը փախստականներով է բնակեցված, այդ պատճառով է Կառավարությունն անտեսում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ








Մեկնաբանել