HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ ու գիտակից մարդը ինքն է գրում իր կյանքի սցենարը

Ազատ ու գիտակից մարդը ինքն է գրում իր կյանքի սցենարը` հարազատ իր հոգևոր-մշակութային ապրումներին ու համոզումներին: Նույնը ազգի դեպքում է: Հետևաբար իմ կյանքի ու գործի վրա հիմնված համոզմամբ` սերունդներին անհրաժեշտ է կրթել այդ արժեհամակարգով, որ դառնան ազատ ու գիտակից անհատներ և որ նրանց ոգին տոգորված լինի հոգևոր-մշակութային ժառանգությամբ և այն վերաիմաստավորելու ստեղծագործականության ունակությամբ:

Ուրեմն մեր ձեռքում է, թե ինչ երեխաներ, ինչ սերունդներ ենք կրթում և ինչ ազգ ու պետություն ենք կերտում: Ամեն մեկս մեր անելիքը գիտակից անելով` իրականությունն ավելի լավը կդարձնենք:

Ազատ ու գիտակից մարդիկ ու ազգերը` մենք, մեր ազատ կամքով ենք մեր խաղի օրենքները մշակում և ՄԻԱՅՆ ու ՄԻԱՅՆ այդ դաշտում ենք խաղում և երբեք հակառակ արժեհամակարգը կրողի ու պարտադրողի խաղի օրենքներով Ո՛Չ խաղում ենք և Ո՛Չ էլ ԽԱՂԱԼԻՔ դառնում, հանուն քաղաքացիական, իրավական ու սահմանադրական հայոց պետության կերտման, առանց դիմակների, առանց թույլ տալու այլասերված ու արատավոր «թաքուն համաձայնության խավար ոգով» տարիներ գործող քաղաքական էլիտայի դավադրությունները:

Մենք` հայ ժողովուրդս ենք տերը և կերտողը մեր ազգի և մեր պետության: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն ձևով կեղծ դիմակներ են հագնում և մեր մեջ հորդորներ են անում ժամանակավոր մեխանիզմների և այլնի մասին, իբրև թե` ժողովրդավարության հառաջադիմության անվան տակ, թող հասկանան, որ այս ազգի մեջ կան գործոններ, ովքեր ԼԱՎԱԾԱՆՈԹ են դրսից ներմուծված այս սցենարներին, որ տարիներ շարունակ բեմադրում եք միասին և գագաթնակետին հասցրիք այս վերջին «ընտրություններով»: Մենք դրա խայծը ո՛չ կերել ենք ու ո՛չ էլ ուտելու ենք և Ո՛Չ էլ կրավորական ձևով մարսելու ենք՝ մեկ անգամ ևս հայոց պետության առողջ համակարգափոխության վիժեցման գործընթացները: Խոսքն ուղղում եմ դրսի համաշխարհային օլիգարխային և ներքին այլասերված ու մեղսակից հին ու նոր տարբեր դիմակակիր քաղաքական էլիտային: Հասկացողաց բարի:

Համակարգային դրական փոփոխություններ գեներացնող արժեհամակարգի հիմնասյուններն են ազատությունը, արդարությունը և արժանապատվությունը/սոլիդարությունը: Եթե մարդը և ազգը իրենց ներսում վերականգնում և սնում են ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, այն հակակշռում է քրեաօլիգարխիկ ՆԱՄՈՒՍԻՆ, ՍՏՐՈՒԿԻ ու ԱՄԲՈԽԻ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆԸ:

Արժանապատվությունը մարդ-անհատի և ազգի (իբրև հավաքական անհատականություն) մարմնական, զգացական ու հոգևոր աշխարհի/տարածքի ամբողջականության անձեռնմխելիության գիտակցումն է: Ազատ ու գիտակից մարդ-անհատն ու ազգն այն տնօրինում են իրենց ազատ կամքի միջոցով և թույլ չեն տալիս ՈՉ ՈՔԻ միջամտել այդ ամբողջականության տնօրինման գործընացին: Արժանապատվության արժեքը գիտակցող ազատ ու գիտակից մարդ-անհատն ու ազգն են, որ ընդունակ են ՆՎԱՃԵԼ իրենց բոլոր անբաժանելի ու ամբողջական իրավուքները՝ մշակութային, սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, մարդկային սոլիդարությամբ և արդարության օրինաչափ հաստատմամբ:

Արմինէ Առաքելեան
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հիմնադիր, քաղաքագետ, միջազգային իրավաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter