HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Մաղալյան. դրամաշնորհներ չունենալն ինձ երբեք չի կաշկանդել հերթական գիտական աշխատանքն իրականացնելիս

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը 2007 թ.՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարվա ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:

-Արտակ, կպատմե՞ք, թե ինչու որոշեցիք գիտնական դառնալ, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ։

-Իմ պատանեկության տարիներին, որոնք համընկան համազգային զարթոնքի և Արցախյան ազատամարտի հետ, ես չափազանց սիրում էի ընթերցել գրքեր հայոց պատմության հերոսական էջերի, ֆիդայական շարժման, անցյալի նշանավոր գործիչների, զորավարների և դիվանագետների մասին: Իմ ամենասիրելի գրողը հայ նշանավոր պատմավիպասան Րաֆֆին է:

Սիրում էի կարդալ գրքեր նաև հեռավոր ճանապարհորդությունների մասին: Այդ առումով կարող եմ հիշել Ստեֆան Ցվայգի «Մագելանի սխրագործությունը», Քրիստափոր Կոլումբոսի, Միկլուխո-Մակլայի, Թուր Հեյերդալի ճանապարհորդությունները և նմանատիպ այլ գրքեր: Ընդ որում, այդ գրքերը ես կարդում էի համապատասխան քարտեզներով «զինված», փորձելով մտովի պատկերացնել մեծ մարդկանց դեգերումների ողջ հետագիծը:

Ի դեպ, այդ սովորությունը պահպանվել է առ այսօր: Այժմ էլ իմ աշխատասենյակում և համակարգչի մեջ կարելի է տեսնել տարբեր աշխարհամասերը, պատերազմական գործողությունները, ռազմարշավներն ու ճանապարհորդների ուղևորությունները ներկայացնող ամենատարբեր մասշտաբների հին ու նոր բազմաթիվ քարտեզներ: Հենց պատմության հանդեպ սերն էլ ինձ ուղղորդեց դեպի պատմագիտություն:   

-Իսկ ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք, էլ ինչո՞վ եք հետաքրքրվում։

-Պատմագիտությունից ազատ ժամերին կրկին զբաղվում եմ պատմությամբ: Իմ գրասեղանին մշտապես կարելի է գտնել գրքեր Հայաստանի հարակից և հեռավոր երկրների պատմության, Հնդկաստանում իշխած Մեծ Մողոլների արքայատոհմի, Միջին Ասիայի ժողովուրդների, մինչկոլումբոսյան Ամերիկայի քաղաքակրթությունների մասին:

Սիրում եմ զբաղվել նաև դրամագիտությամբ: Ունեմ թղթադրամների բավականին հարուստ հավաքածու: Գուցե հետագայում մի օր, երբ համարեմ, որ պատմագիտությանը տալու այլևս ոչինչ չունեմ, մեր երիտասարդների համար գիտահանրամատչելի մի գիրք պատրաստեմ թղթադրամների զարմանահրաշ աշխարհի մասին:

-Ձեր կյանքի, նաև մասնագիտական կարիերայի ամենաշրջադարձային պահերը որո՞նք եք համարում ։

-Իմ մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային պահ էր 2003 թ. ամառային մի օր, երբ զեկուցումով հանդես եկա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողովի ընթացքում, ինչից հետո, որպես կրտսեր գիտաշխատող, աշխատանքի անցա նույն ինստիտուտում, որտեղ և աշխատում եմ առ այսօր: Արդեն շուրջ 10 տարի է անցել այդ օրից, սակայն անխախտ է մնացել իմ սերն ու նվիրումը հայոց պատմության սպիտակ էջերը հետազոտելու և լուսաբանելու հանդեպ:     

- Կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ ունեք, ինչպիսի՞ հաջողություններ ընդհանրապես։

-Չորս գրքի և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ եմ, որոնք պարզապես անհնար է ներկայացնել մեկ հարցազրույցի շրջանակներում: Հիմնականում զբաղվում եմ Արցախի միջնադարյան պատմության և աղբյուրագիտության, Խամսայի մելիքությունների և մելիքական տների պատմության հիմնախնդիրներով: 2007 թ. պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով, որը նույն թվականին լույս է տեսել որպես առանձին մենագրություն:

2006 թ. Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» հայագիտական տարեգրքում հրատարակել եմ Հակոբ Զաքարյան Շուշեցու «Պատմութիւն գաւառին Արցախու» պատմագրական աշխատությունը: 2007 թ. իմ խմբագրությամբ լույս է տեսել Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» գիտական հոդվածների ժողովածուն:

Իմ գիտական աշխատությունների մյուս ուղղությունը նվիրված է Իրանի նշանավոր տիրակալ Նադիր շահի գործունեությանը վերաբերող սկզբնաղբյուրների հայտնաբերմանն ու հրատարակմանը: 2010 թ. լույս եմ ընծայել «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը, որում ընդգրկված են Իրանի XVIII դարի պատմության երկու սկզբնաղբյուրների հայերեն թարգմանությունները` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով:

Ակտիվորեն մասնակցում եմ նաև ադրբեջանցի «պատմաշինարարների» դեմ մղվող քարոզչական պայքարին: Այդ թեմայի շրջանակներում վերջերս լույս է տեսել իմ «Արցախի մելիքությունները և մելիքական տները» աշխատության ռուսերեն թարգմանությունը, Арцахские меликства и возникновение Карабахского ханства, («Русский сборник», том VIII, Москва, 2010), Кончина азербайджанской историографии началась с выявления "поздних албанцев" և մի շարք այլ հոդվածներ:   

-Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։

-Մասնակցել եմ մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների: Դրանցից կցանկանայի առանձնացնել ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ասոցիացիայի առաջին համաժողովը, որը կայացավ 2006 թ. սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ինչպես նաև այդ ասոցիացիայի կազմակերպած երկու միջազգային ամառային դպրոցները, որոնցից վերջինը` «20 лет СНГ: историко-культурное наследие» թեմայով, տեղի ունեցավ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում, Իսսիկ-Կուլ գեղատեսիլ լճի ափին (12–19 հունիսի 2011 թ.):

Միջազգային գիտաժողովներից կցանկանայի նշել նաև ԼՂՀ կազմավորման 15-ամյակին նվիրված «ԼՂՀ անցյալը, ներկան և ապագան» ներկայացուցչական գիտաժողովը (21–24 հունիսի 2006 թ., Ստեփանակերտ), ինչպես նաև Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովների շարքը` նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյա տարելիցին (9–11 հոկտեմբերի 2008 թ.), Մատենադարանի հիմնադրման հիսնամյակին (20–22 հոկտեմբերի 2009 թ.) և, վերջապես, «Մատենադարանի հին ձեռագրերի իրանագիտական արժեքը» հայագիտական և իրանագիտական II միջազգային կոնգրեսին (18 մայիսի 2011 թ.):

Մասնակցել եմ նաև մի քանի տասնյակ հանրապետական գիտաժողովների, որոնցից շատերն իրենց ներկայացուցչականությամբ և կարևորությամբ կարող են համեմատվել հայագիտական ցանկացած միջազգային գիտաժողովի հետ:

-Ի՞նչ կարգի հղումներ կան Ձեր աշխատանքներին, և ընդհանրապես, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել:

-Իմ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.»  մենագրության հրապարակումից հետո այդ գրքի մասին հանրապետության գիտական հանդեսներում և մամուլում լույս տեսան շուրջ մեկ տասնյակ գրախոսություններ: Այդ աշխատությունը քանիցս հղված է «Հայոց պատմություն» նոր ակադեմիական բազմահատորյակի III հատորի առաջին գրքում (Երևան, 2010):

Արցախի միջնադարյան պատմությանը նվիրված իմ մի շարք հոդվածներ հղված են նաև Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» հայտնի աշխատության իտալերեն թարգմանության մեջ, որը 2008 թ. լույս է ընծայել Միլանի «MIMESIS» հրատարակչությունը:

Առհասարակ, Արցախի մելիքությունների պատմությանը նվիրված իմ վերոհիշյալ մենագրությունը և մի շարք հոդվածներ այժմ հղվում են Արցախի միջնադարյան պատմությանը վերաբերող գրեթե բոլոր աշխատություններում, թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում և այդ թեզերի հիմնադրույթներն արտացոլող սեղմագրերում:                                    

-Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված, և ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

-ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ասոցիացիայի աշխատանքներում: Ինչպես արդեն նշեցի, ես ինքս մասնակցել եմ այդ միության անդրանիկ համաժողովին, որը գումարվել էր 2006 թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:

Մեր ինստիտուտի աշխատակիցները և երիտասարդ գիտաշխատողները ակտիվորեն մասնակցում են այդ ընկերակցության շրջանակներում կազմակերպվող երիտասարդ պատմաբանների ամենամյա միջազգային ամառային դպրոցներին, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ պատմագիտության նորագույն նվաճումներին, ինչպես նաև անձնական հարաբերություններ հաստատել ԱՊՀ երկրների առաջավոր պատմաբանների հետ:

Ի դեպ, այդ համագործակցության շրջանակներում 2009 թ. հունիսի 15–21-ը կայացած հերթական միջազգային ամառային դպրոցը` «История повседневности в изучении истории стран СНГ» թեմայով, որը նվիրված էր առօրեական պատմության հիմնախնդիրներին, տեղի ունեցավ հենց մեր ինստիտուտում: Այդ օրերին մենք հյուրընկալել էինք ԱՊՀ երկրների լավագույն պատմաբաններից շատերին: Մեր ինստիտուտը սերտորեն համագործակցում է նաև Սփյուռքի հայագիտական կենտրոնների և սփյուռքահայ հայտնի պատմաբանների հետ:

Չափազանց սերտ են մեր հարաբերությունները նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Այդ համագործակցության շրջանակներում մեր ինստիտուտի աշխատակիցները հաճախակի են դասախոսություններով հանդես գալիս հեռավոր և սահմանամերձ զորամասերում: Այդ ծրագրի շրջանակներում ես ինքս քանիցս դասախոսություններով հանդես եմ եկել մի շարք հեռավոր և սահմանամերձ զորամասերում, այդ թվում Սրխավենդի և «Եղնիկներ» հայտնի զորամասերում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, այն է` ՀՀ-ում գործող գիտնականների ներքին համագործակցության մակարդակին, ապա համարում եմ, որ այն հեռու է բավարար լինելուց: Ինձ համար տեսանելի են նաև դրա պատճառները, սակայն սույն հարցազրույցի շրջանակներում չէի ցանկանա այդ մասին բարձրաձայնել:  

-Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

-Դրամաշնորհների երբեք չեմ դիմել, քանի որ ես հիմնականում զբաղվում եմ Արցախի մելիքությունների և հայ իշխանական տների պատմության հարցերով: Տրամաբանական է կարծել, որ այս և նմանատիպ հետազոտությունների համար օտարերկրյա որևէ կազմակերպություն ինձ դրամաշնորհ չի տրամադրի: Սակայն դրամաշնորհներ չունենալու փաստն ինձ երբեք չի կաշկանդել նվիրումի հաշվին սկսած հերթական գիտական աշխատանքն իրականացնելու համար: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրամաշնորհը միջոց է, այլ ոչ թե նպատակ:

Ինչ վերաբերում է մրցանակներին և շնորհակալագրերին, ապա իմ «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գրքի համար շնորհակալագիր եմ ստացել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանից: Իր գրության մեջ մեծարգո դեսպանն այսպես էր արժևորել իմ աշխատանքը. «Անշուշտ, նման մնայուն ստեղծագործությունների հրատարակումը առավել կամրապնդի բարեկամ ու հարևան Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակութային հարաբերությունները և որպես փայլուն էջ հավետ կմնա երկկողմ հարաբերությունների պատմության մեջ» (քաղվածք շնորհակալագրին կցված ոչ պաշտոնական թարգմանությունից, 24.01.2011 թ.): Ես կարևորում եմ այս շնորհակալագիրը, քանի որ այն տրված է օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի կողմից:

Նաև ՊԳՖԱ մրցանակակիր եմ: Իմ «Արցախի մելիքական տների տոհմածառերը» եռամաս հոդվածաշարը, որը լույս է տեսել Վենետիկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հեղինակավոր հանդեսի 2004-2006 թթ. երեք շարունակական համարներում, արժանացել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության խրախուսական մրցանակին` միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթում հաղթող ճանաչվելու համար:            

-Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞ր մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

-Իմ չորս գրքերը և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածները ես գրել եմ առանց որևէ համահեղինակի: Առհասարակ, ես ինքս եմ հղանում իմ աշխատանքների գաղափարը, որից հետո իրականացնում եմ համապատասխան փաստերի հավաքումը, ինչին հետևում է բուն շարադրանքի փուլը: Այս ամենը, նայած աշխատանքի ծավալին ու բարդությանը, կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:

Իմ ամենամեծ` «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» մեծածավալ աշխատությունն, օրինակ, ես գրել եմ շուրջ յոթ տարվա ընթացքում, իսկ «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը հրատարակության եմ պատրաստել երեք տարում: Ունեմ նաև մի քանի անտիպ աշխատություններ, որոնց վրա աշխատում եմ տարիներ շարունակ:

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Քրիստինե Դանիելյան
Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան պատմաբաններ, որոնք լուսաբանում են և հավերժացնում են իրենց աշխատանքներով մեր իրական և ոչ շինծու պատմությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter