HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհն օրեցօր ավելի հրդեհավտանգ է դառնում

Զգալի փոփոխություններ են տեղի ունենում շենքերի կառուցվածքահատակագծային լուծումներում և տեխնոլոգիական պրոցեսներում, մեծանում է մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտների տարողունակությունը: Շինարարության մեջ լայնորեն կիրառվում են թեթև մետաղական և փայտե կառուցատարրեր, պոլիմերային ջերմապահպանիչներով բազմաշերտ պանելներ, դյուրավառ ջերմամեկուսիչ, ակուստիկ և հարդարման նյութեր:

Այս ամենը մեծացնում է մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների արագ ներազդեցության վտանգը, դժվարացնում տարհանման գործընթացը, իսկ երբեմն էլ հանգեցնում աղետալի հետևանքների` զգալի մարդկային զոհերով և ահռելի նյութական կորուստներով:

Բազմամարդ օբյեկտների, մասնավորապես տարաբնույթ զվարճանքի կենտրոնների, հանգստի ու ժամանցի վայրերի (ռեստորաններ, դիսկոտեկներ, ակումբներ, բար-սրճարաններ, կարաոկեներ և այլն) հակահրդեհային պաշտպանության հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և մարդկային, և նյութական:

«Կաղ ձիու» աղետը

2009 թ. դեկտեմբերի 5-ին Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվեց հրդեհ, որը վերջին 50 տարվա մեջ ամենախոշորն էր Ռուսաստանի Դաշնությունում: Միայն այդ օրը զոհերի թիվն անցավ հարյուրից, ևս հիսունը հետագայում մահացան հիվանդանոցներում:

Պատճառը մարդկային հանցավոր անփութությունն ու հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջների անտեսումն էր:

Հրդեհ «Քիս» ակումբում

Վերջերս բրազիլական Սանտա-Մարիա քաղաքի «Քիս» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվեց 245 մարդ, ևս 117-ը ստացան տարաբնույթ վնասվածքներ և թունավորումներ: Ականատեսների վկայությամբ` հրդեհն առաջացել էր երաժշտական խմբի ելույթի ժամանակ, երբ հրավառություն էր տեղի ունեցել:

Զոհերի մեծաթիվ լինելուն նպաստել էր նաև հրդեհից հետո սկսված խուճապը: Զոհերի մեծամասնությունը խեղդվել էր ծխից կամ զոհվել խուճապային հրմշտոցի ընթացքում:

Ժամանցի վայրերում հրդեհների թիվը նվազել է

Բարեբախտաբար, մեր հանրապետությունը խուսափել է համանման աղետալի հետևանքներով հրդեհներից, սակայն պետք չէ մտածել, որ մեր նմանօրինակ օբյեկտներում վիճակը շատ բարվոք է, և հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ:

Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհից պաշտպանելու նպատակով՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության հանգստի ու ժամանցի վայրերում պարբերաբար իրականացրել են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ:

Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր, և նրանցից վերցվել են պարտավորագրեր` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ զանազան հրավառությունների չիրականացման վերաբերյալ:

Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և հրավառություններ չօգտագործելու վերաբերյալ:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության իրականացրած լայնամասշտաբ ու արդյունավետ աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տալիս են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել:

Սերգեյ Հայրապետյան
ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter