
Անզեն աչքով տեսանելի է, որ պետությունն ուղղակի ձախողում է գիտության ոլորտը. Վահրամ Այվազյան
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Վահրամ Այվազյանը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Զորյան Ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ է: Դիմել է մի շարք արտասահմանյան համալսարանների` ցեղասպանության կանխարգելման և գլոբալ կառավարման թեմաներով հետազոտություն իրականացնելու նպատակով: Վահրամ Այվազյանի աշխատանքներին կարելի է հետևել Twitter-ում` @VahramAyvazyan:
Համարում է, որ գիտությունը կյանքի շարժիչ ուժն է, և ընդհանրապես, նոր բացահայտումների պլատֆորմ, իսկ ամեն նորը իրենից ներկայացնում է փոփոխություն, շարժում: Իսկ կյանքն առանց շարժման անհետաքրքիր է. «Գիտությունը կյանք է»: Դպրոցական տարիներին եղել է պրոֆեսիոնալ շախմատիստ, մասնակցել է շատ մրցաշարերի, ունեցել հաջողություններ: Այժմ էլ հետաքրքրվում է շախմատով, ֆոտբոլով և ընդհանրապես սպորտով: Սիրում է ճանապարհորդել, հետաքրքրվում է այլ ժողովուրդների մշակույթով:
Նախասիրած ասույթն է. «Every no gets you closer to a yes»: Որովհետև. «Կյանքը պայքար է, և ես այդ պայքարի կիզակետում եմ: Երբեք չպետք է հուսահատվել և միշտ պետք է նայել առաջ»:
Կյանքի հիշարժան իրադարձություններից նշում է իր` Եվրոպայի խորհրդի կողմից «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» ծրագրի մեջ ընդգրկվելը և այդ ծրագրի սեմինարներին բազմիցս մասնակցելը: Մասնագիտական կարիերայի համար մեծ նշանակություն է ունեցել Կանադա մեկնելը և այնտեղ աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններն ունկնդրելը. դրանք մեծ նշանակություն են ունեցել մասնագիտական կողմնորոշման հարցում:
Հիմնականում աշխատել և աշխատում է ցեղասպանագիտության և գլոբալ կառավարման հարցերի շուրջ, ունի մի շարք գիտական և վերլուծական աշխատություններ, որոնք տպագրվել են Մեծ Բրիտանիայում (Public Service Europe), ԱՄՆ-ում (Diplomatic Courier), Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Խորվաթիայում: Սերտ կապեր է հաստատել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, որոշ գիտահետազոտական կենտրոնների և գիտնականների հետ:
Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների գիտությունների միջազգային ինստիտուտի (IIGHRS-International Institute for Genocide and Human Rights Studies) անդամ է: Ամերիկյան “Diplomatic Courier”-ի կողմից հրավիրվել է՝ դիմելու “Top 99 under 33” նոմինացիային, որն իրականացնում է Young Professionals in Foreign Policy-ն: Մտադիր է նաև աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:
Գտնում է, որ Հայաստանը գիտական մեծ ներուժ ունի, բայց, ցավոք սրտի, այդ ներուժի աննշան մասն է օգտագործվում այժմ: Ներկայիս պայմաններում գիտությունը մղվել է երկրորդ պլան: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ծրագրեր՝ երտասարդ գիտնականների միջև համագործակցություն ստեղծելու համար:
-Վահրամ, ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
-Հիմնականում ստացել եմ դրամաշնորհներ՝ տարբեր մասնագիտական դասընթացների, համալսարանական ծրագրերի, գիտաժողովների մասնակցելու համար: Դրամաշնորհները հնարավորություն են տալիս հանդիպել ու կապեր հաստատել հեղինակավոր գիտնականների հետ, ունենալ գիտական նոր նվաճումներ:
-Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված։
-Իմ աշխատանքներն իմ անհատական գործերն են, համահեղինակներ չկան:
-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
-Անկախության առաջին տարիներին գիտական հսկայական ներուժի արտահոսք եղավ դեպի հեռավոր և մերձավոր արտասահման, և ստեղծվեց աղետալի իրավիճակ: Իսկ պետական իշխանությունը, ցավոք սրտի, դիտորդի դերում էր, և այդ աղետալի քաղաքական գիծը շարունակվում է ցայսօր: Հույս ունեմ, որ նոր սերունդը կարող է աստիճանաբար շտկել այդ իրավիճակը` բացառապես դիմելով նոր, ոչ ստանդարտ մեթոդների, որը կսթափեցնի նաև պետական իշխանությանը, և համակարգը կսկսի աշխատել նորովի: Միջազգային փորձի ուսումնասիրումը, ընկալումը և դրա ներդրումն ու համապատասխանեցումը Հայաստանի գիտական դաշտի պայմաններին անհրաժեշտ քայլեր են: Սփյուռքի գիտական դաշտի հետ համագործակցությունը նույնպես կարող է օժանդակել գիտության դերի բարցրացմանը ՀՀ-ում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական և մասնավոր կառույցների կողմից։
-Այսպիսի ծրագրերը բացառապես ողջունելի են, սակայն անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, նոր եռանդով լծվել այդ գործին, ֆինանսավորման նոր աղբյուրներ հայթայթել:
-Ըստ Ձեզ, ի՞նչ չափանիշներ է պետք կիրառել՝ աշխատանքները գնահատելիս։
-Իմ կարծիքով, պետք է հաշվի առնվեն և՛ միջազգային գիտական շտեմարաններում հոդվածների ինդեքսավորումը, և՛ հղումների քանակը, և՛ տպագրվող նյութերի լսարանը (այսինքն` ինչ գիտական միավորումներ, ասոցիացիաներ, գիտահետազոտական, վերլուծական ինստիտուտներ են տեղադրում տվյալ նյութը իրենց էջերում):
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ որպես հիմք ընդունվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների։
-Ընդհանրապես դեմ եմ ազդեցության գործակցին, որովհետև հանդիպել եմ շատ գիտական ամսագրերի՝ կոնկրետ միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության բնագավառներում, որոնք չունեն ազդեցության գործակից, բայց բավականին հաջողված աշխատություններ են պարունակում իրենց մեջ` գրված հայտնի գիտնականների կողմից: Իմ կարծիքով, ազդեցության գործակիցը կամ ինդեքսավորումը բավարար գործոններ չեն և չեն կարող անհատապես օգտագործվել մրցանակաբաշխությունների ժամանակ:
-Սովորաբար կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, և դա պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել։
-Պետք է բարելավել նյութական բազան։ :) Կարելի է հատուկ տարանջատում մտցնել այդ ճյուղերի մեջ և սահմանել առանձին մրցանակներ` հաշվի առնելով ներկա վիճակը:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր ցուցանիշ է։
-Անկեղծ ասած, բարդ հարց է, քանի որ նվազ ֆինանսական ռեսուրսների պատճառով շատ օգտակար աշխատություններ կարող են դուրս մնալ մրցանակաբաշխություններից:
-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
-Հիմնական խնդիրը ֆինանսավորման բացակայությունն է: Շատ խոստումնալից երիտասարդներ իրենց ապագան տեսնում են ՀՀ-ից դուրս: Դա աղետալի երևույթ է: Անհրաժեշտ է հորդորել պետական իշխանություններին՝ ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլապես կորուստը անդառնելի կլինի: Մեր պետական իշխանության համար, իմ համոզմամբ, ոչ այնքան դժվար է նոր ֆինանսական աղբյուրներ հայթայթելը, որքան դրանք գիտության ֆինանսավորմանն ուղղելը:
-Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։
-Կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե գիտնականը պետք է միայն իր գործով զբաղվի: Գիտնականը նաև քաղաքացի է, հասարակության մասն է կազմում, ուստի չի կարող անտարբեր մնալ հասարակական գործընթացների հանդեպ: Այո՛, ողջունում եմ երիտասարդ գիտնականների ակտիվ քննարկումները սոցիալական ցանցերում և ստեղծված պատային իրավիճակից ուղիներ որոնելը տարատեսակ հանդիպումներում, իրական և վիրտուալ դեբատներում: Վաղ թե ուշ նրանց ձայնը լսելի կդառնա համապատասխան մարմինների համար: Ինչպես նաև նրանց խոսքը հասանելի կլինի ֆինանսավորման ոչ ավանդական աղբյուրներին (ֆինանսական-բիզնես կազմակերպություններ, բարերարներ), ովքեր գուցե ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի գիտության զարգացման մեջ:
-Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։
-Դժվարանում եմ դրական գնահատական տալ պետության կողմից գիտության հանդեպ իրականացվող քաղաքականությանը վերջին տարիներին, քանի որ անզեն աչքով տեսանելի է, որ պետությունն ուղղակի ձախողում է գիտության ոլորտը: Իսկ ոչ պետական կառույցների ակտիվացումը թեկուզ և աննշան, բայց տեսանելի է և պայմանավորված է վերոնշյալ քննարկումների, ֆեյսբուքյան դեբատների հետ, երիտասարդության ձայնի բարձրացման հետ:
-Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես, կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը գիտական ղեկավարները։
-Քանի որ ես Հայաստանում չեմ տպագրել գիտական հրատարակություններ, իսկ արտասահմանում նման դեպքերի (դեռ) չեմ հանդիպել, նման մանիպուլյացիաների զոհ չեմ եղել: Իսկ Հայաստանում կոռուպցիան կյանքի անբաժանելի մասն է կազմում, և գիտությունը, բնական է, դրանից խուսափել չէր կարող: Խայտառակ մեծ չափերի են հասնում գրագողությունը, կաշառքը թեկնածուական և դոկտորական թեզեր պաշտպանելիս և այլն:
-Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
-Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գիտական աշխատանքի համար ստեղծված են իդեալական պայմաններ: Նախ, այնտեղ չկան կամ քիչ են վերոնշյալ արատավոր երևույթները (գրագողություն, կոռուպցիա և այլն), և ապա` գիտության ֆինանսավորմանը և ինովացիոն գաղափարներին այնտեղ մեծ տեղ է հատկացվում:
-Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
Արտասահմանում` ոչ, Հայաստանում` միգուցե (կապված գեղեցիկ սեռի` ընտանիք կազմելու հայկական գերապատվության հետ):
-Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական PostDoc համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։
-Իհարկե, շատ կարևոր է նման ինստիտուտի ներդրումը Հայաստանում, քանի որ այն խորը և համապարփակ հետազոտություն անցկացնելու հիանալի ճանապարհ է բացում գիտնականի համար: Բայց, առանց համապատասխան ֆինանսական ռեսուրսների, կրկին նույն ցածր արդյունավետությունն է ունենալու, ինչ մյուս համակարգերը:
-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Կարճաժամկետ տեսլականով` արտասահմանում, երկարաժամկետ տեսլականով` հայրենիքում:
-Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանն այս տարի։
-Երիտասարդ գիտնականներին մաղթում եմ անկոտրում կամք և պայքարի վճռականություն: Կցանկանայի, որ այս տարին շրջադարձային լիներ՝ մեր երկրում գիտության ֆինանսավորման և ընդհանրապես գիտության զարգացման համար:
Հ.Գ. Նշենք, որ Վահրամի “Genocide: intent, motivation and types”: Contemporary issues, International Journal for Social Sciences & Humanities , Vol. 5, No. 1, pp. 21-36 (2012), աշխատանքը ներկայացված է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության և «Տաշիր» հիմնադրամի կողմից համատեղ հայտարարած` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ` ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար մրցանակաբաշխությանը։ Հիշեցնենք, որ այս մցրույթին իրավունք ունեն ներկայացվելու գրախոսվող՝ ազդեցության գործակից (Impact Factor, IF) ունեցող կամ, նվազագույնը, միջազգայնորեն հաշվառվող (ինդեքսավորվող) միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանությունը լուսաբանող գիտական հոդվածները:
Զրուցեց Մանե Հակոբյանը
Մեկնաբանել