HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Նոր կուսակցություն Արցախում. անդամների մեծ մասը երիտասարդներ են

Հոկտեմբերի 24-ին Ասկերանի շրջանի Խաչեն (Սեյդի-շեն) գյուղում տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը:

Սկզբում ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, հետո համագումարին մասնակցող պատվիրակները ընտրեցին յոթ հոգուց բաղկացած կուսակցության գործադիր մարմինն ու վերստուգիչ հանձնաժողով: Կուսակցության նախագահ ընտրվեց Հայկ Խանումյանը:

Սակայն վեց ամիս անց տեղի կունենա նոր համագումար, երբ կձևավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում և կուսակցության անդամների քանակը կհասնի օրենքով նախատեսված թվին, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ։

Հիմնադիր համագումարի անցկացման վայրը պայմանավորված էր կուսակցության ծրագրում գյուղի զարգացման և ապակենտրոնացմանը տրվող մեծ դերով։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը (ԱՎԿ), որի գերակշրող մասը երիտասարդությունն է, գաղափարապես սոցիալ-դեմոկրատական է և ունի ազգային ուղղվածություն: Ներկա պահին նրա  գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է:

Համագումարի ժամանակ կուսակցության անդամները նշեցին, որ ԱՎԿ-ն, ի տարբերություն արցախյան մնացած կուսակցությունների, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ սատարել են Բակո Սահակյանին, արցախցիներին այլընտրանք է  առաջարկելու:

Նաև որոշվեց, որ կուսակցության նվազագույն անդամավճարը 1 000 դրամ է լինելու: ԱՎԿ-ն սկզբնական շրջանում պլանավորում է անհրաժեշտ ֆինանսները ստանալ հենց անդամավճարներից:

Սակայն Հայկ Խանումյանն ավելի շատ կարևորում է մարդկային ռեսուրսները. «Շատերը հարցնում են, թե առանց փողի ու վարչական ռեսուրսների, ինչպե՞ս պետք է կուսակցություն ստեղծեք: Կարծում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մեր համակիրներն են»:

Ըստ օրենքի՝ կուսակցությունը նաև կարող է ֆինանսավորվել պետական բյուջեից, եթե խորհրդարանական ընտրություններին հաղթահարի 3 տոկոսանոց շեմը:

«Այսօրվա երեք խորհրդարանական կուսակցությունները դառել են միաբևեր ուժ. նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանել են միևնույն թեկնածուին:  Ընտրողների  33 տոկոսը համաձայն չէր այդ երեք կուսակցության հետ, ինչը հուշեց, որ պիտի թարմ ուժ ստեղծենք», - ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լեոնիդ Հայրապետյանը, ով գտնում է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չարժանանան այդ երեք կուսակցությունների ճակատագրին:

Իսկ կուսակցության անդամ, Ասկերանի Պատարա գյուղից Ստեփան Գրիգորյանը կոչ արեց միասնական լինել, որովհետև այդ դեպքում հնարավոր կլինի շատ խնդիրներ լուծել. «Բողոքում ենք գյուղի ճանապարհներից, բայց արդյունքի չենք հասնում, որովհետև մենակ ենք»: Նա Արցախի առաջ ծառացած խնդիրներից մեկն է համարում բիզնեսի ու իշխանության սերտաճումը. «Այսօր, երբ ասում են բիզնեսմեն, հասկանում ենք իշխանության ներկայացուցիչ»:

Ստեփան Գրիգորյանը նաև խոսեց ազատագրված տարածքների վերաբնակեցման անհրաժեշտության մասին: Նա վստահ է, որ կուսակցության ուղին ճիշտ է լինելու, ու իրենք հասնելու են հաջողությունների:

Ըստ կուսակցության անդամ Վլադիմի Դոլուխանյանի՝ ԱՎԿ-ն, ի տարբերություն արցախյան մնացած կուսակցությունների, որոնք ստեղծվել են վարչական ռեսուրսների, մեծ փողերի ու ճնշումների պահանջարկով, ստեղծվում է ժողովրդի կողմից. «Այս կուսակցությունում որոշումներ կայացնողը հասարակ ժողովուրդն է լինելու, այլ ոչ թե կուսակցության վերնախավը»:

Իսկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունում կա՞ ն հանրությանը հայտնի քաղաքական գործիչներ: 

«Ոչ մեկը: Այս կուսակցությունում դեռևս շատ հայտնի անձիք չկան, ինչը մեր ամենամեծ առավելությունն է, որովհետև անձ-կուսակցության դեպքում, երբ անձը գնում է, կուսակցությունը ոչնչանում է»,- ասաց Հայկ Խանումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter