
«Հայբիզնեսբանկ»-ն օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքները
Քանի դեռ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հնարավոր բոլոր միջոցներով պայքարում է իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին կանխամտածված սնանկացման տարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, մինչ պահանջում է հարուցված քրեական գործի վրա պետական վերահսկողություն և արդեն տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքում շարունակվում է տարածքների վաճառքը:
Եվ բավական չէ այն, որ շենքն այսօր լցված է ամենատարբեր պաշտոնյաներով, որոնք, իհարկե, իրենց բնակարանները գրանցել են ոչ թե իրենց, այլ ազգականների, կանանց, մորաքրոջ տղաների և անգամ վարորդների անուններով, շենքի տարածքների վաճառքն արդեն բացեիբաց գովազդում է «Հայբիզնեսբանկ»-ը:
Պարզվում է, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի գույքային համալիրը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջոցով թալանելու և փողերի լվացման հարցում «Հայբիզնեսբանկն» էլ ունի իր դերակատարումը:
Նախ բանկը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի կողմից յուրացված և տարբեր անձանց անվամբ գրանցված Մաշտոցի 33ա, Մաշտոցի 33/1 հասցեների գույքերի դիմաց է վարկ տրամադրում: Այնուհետ իր կայքում տեղադրված գովազդով «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին օժանդակում է Մաշտոցի 33/1 հասցեի տարածքների վաճառքի հարցում:
«Հայբիզնեսբանկ»-ի կայքում տեղադրված հայտարարությունը հետևյալն է. «Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մի շարք շինարարական կազմակերպություններ..., «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն Մաշտոցի պողոտա 33/1 շենքի հասցեում սկսել է առանձին բնակարանների վաճառքը` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով սահմանելով շուկայականից ցածր գներ»:
Այս դեպքում, ինչպես նշում է ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ակնհայտ է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն համագործակցել է «Փողերի լվացում» իրականացնող «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ: Այսինքն` բանկը, ըստ իր հայտարարության, գործընկեր է մի ընկերության, որի դեմ շուրջ 2 տարի է՝ դատական գործեր են ընթանում և որի ղեկավարի անունն ու գործերը մանրամասնորեն ներկայացված են մամուլում:
«Առնվազն զարմանալի է, որ «Հայբիզնեսբանկ»-ը գործ ունի մի անձի` Վլադիսլավ Մանգասարյանի հետ, որը 2009 թվականին նախ սնանկ է ճանաչվել, այնուհետ գլխավորել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմված տվյալ տարվա անբարեխիղճ պարտապան ֆիզիկական անձանց սև ցուցակը: Ինչպե՞ս կարող է բանկը համագործակցել «սև ցուցակում» հայտնված անձի հետ, գույքեր գրավ վերցնել նման անձից, ընդ որում՝ այդ գույքերի ապօրինի ծագման, «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջոցով «փողերի լվացման» վերաբերյալ մամուլում առկա են հարյուրավոր հոդվածներ»,- ասում է Էդմոնդ Խուդյանը:
Նշենք, որ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբար անհատույց ձեռք բերված և բանկում գրավադրված ամենարժեքավոր գույքը Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունն է:
Մանգասարյանն այդ գույքը 2010թ. օգոստոսի 10-ին նախ ձևակերպել է իր գործընկեր Սևակ Արզարունու անունով, այնուհետև 2010 թվականի դեկտեմբերի 10-ին այն անվանափոխել է կեղծ գնորդ Ռոբերտ Հարությունյանի անվամբ: Մանգասարյանը վերջինիցս այդ գույքը տնօրինելու լիազորագիր է վերցրել իր եղբայր Ռուբեն Մանգասարյանի անվամբ և 2011 թվականի հուլիսի 11-ին Մաշտոցի 33ա շինությունը գրավադրվել է «Հայբիզնեսբանկ»-ում` «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին 824.600.000 ՀՀ դրամ վարկի տրամադրման դիմաց:
Բազմիցս տեղեկացրել ենք, որ Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011 թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սակայն ՊԵԿ-ի և դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ: Քրեական գործով փորձաքննությունը միայն վերջերս է սկսվել և այնքան էլ պարզ չէ՝ իրականում ընթանո՞ւմ է, թե՞ ոչ: Նախաքննության ողջ ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանը շարունակում է շենքում բնակարանների վաճառքը և նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել