
Բողոքի ցույց Բեռլինում՝ Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ
Երեկ` փետրվարի 25-ին, Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր:
Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ:
Ցույցի հիմնական կազմակերպիչն էր Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Ներկա էին նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանը, Հյուսիսային Գերմանիայում հայկական համայնքների հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանը և հայկական համայնքների շատ անդամներ:
Խաղաղ ցույցի ավարտին հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ՝ նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Գերմանիայում հայոց ցեղասպանության հանձնախմբի ղեկավար, իրավապաշտպան, հայագետ տիկին Թեսա Հոֆմանը, դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Ցուցարարները կոչ են արել եվրոպացիներին անտարբեր չմնալ սումգայիթյան ողբերգության նկատմամբ, որոնց հաջորդեցին վերոնշյալ կոտորածները: Վերջիններս պահանջել են խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների նվաճողական քաղաքականությունը։
Մեկնաբանել