
Ֆրանսիական համալսարանի շրջանավարտը պրոռեկտորին հրավիրում է բանավեճի
Հաշվի առնելով Ֆրանսիական համալսարանի ներկայիս ճգնաժամը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ եղել եմ այդ համալսարանի լավագույն ուսանողներից և վարել ակտիվ հասարակական կյանք, ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ և մատնանշել ելքի ուղիներ:
Համակարգային խնդիրներ
Համալսարանում տիրող իրավիճակը լավագույնս բնորոշվում է կառավարման ոլորտում հայտնի «Խաշած գորտի սինդրոմով», (syndrome de Grenouille ébouillantée). երբ գորտը դնում են կաթսայի մեջ և ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ ահա երբ գորտին նետում են տաք ջրի մեջ, նա միանգամից զգում է ջրի ջերմաստիճանը և իսկույն ցատկում կաթսայից:
Ցավոք, մեր համալսարանի աշխատակիցները, հանդիսանալով աստիճանաբար վատթարացող համակարգի մի օղակ, չեն նկատում այդ համակարգի աստիճանական վատթարացումը: Համակարգում վերացել են այն կառույցները, օրինակ գիտխորհուրդը, որոնք կարող էին սթափեցնող լծակի դեր խաղալ և շտկել իրավիճակը:
Համալսարանի հստակ մոդելի բացակայություն
Կարծում եմ՝ Ֆրանսիական համալսարանը, ցավոք, չունի այն հստակ «բիզնես» մոդելը, որով պետք է դիրքավորվի շուկայում և ապահովի իր զարգացումը: Արդյունքում համալսարանն առաջնորդվում է ինտուիտիվ կառավարման մեթոդով՝ առանց հստակ ռազմավարության մշակման և դրա իրականացման:
Արդյոք անհրաժե՞շտ էր ագրեսիվ տրամադրվել ուսանողների բիզնես նախաձեռնությունների դեմ և ցանկացած գնով փորձել խոչընդոտել դրանք: Ավելի խելամիտ չէ՞ր լինի սատարել այդ խմբին հաջողության հասնելու գործում:
Արդյոք ներկայիս վարչակազմը չի՞ գիտակցում, որ համալսարանին հաջողություն և պատիվ բերողը նրա շրջանավարտներն են: Կրթօջախի ուսանողի հաջողությունը նաև կրթօջախինն է, և այս համատեքստում կարծում եմ, որ համալսարանի դիրքորոշումը, մեղմ ասած, ճիշտ չէ և փոքր-ինչ հեռատես լինելու պարագայում՝ նույնիսկ հակասում է նրա իսկ շահերին:
Ինտուիտիվ կառավարման արգասիք է նաև այն խնդիրների առաջացումը, որոնք հստակ նշված էին դասախոսների և տիկին Բախշյանի նամակներում:
Իրավիճակից ելք
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիական համալսարանի որոշ ուսանողներ, համալսարանն ավարտելով, սկսում են դասավանդել այդ բուհում: Այսպիսով, կարելի է ասել՝ ՀՖՀՀ-ն օգտագործում է իր իսկ ռեսուրսները:
Իսկ ինչո՞ւ այդ նույն բուհը չի կարող օգտագործել իր ուսանողների գիտելիքները կառավարման համակարգը բարելավելու համար, ինչո՞ւ այդ բուհը գյուղինստիտուտի դիպլոմ ունեցողին անհամեմատ բարձր է դասում, քան իր իսկ շրջանավարտներին, ովքեր Եվրոպայում, ԱՄՆ-ում բազում հաջողությունների են հասել: Ինչո՞ւ երբեք չեն հարցնում այն շրջանավարտների կարծիքը, որոնք եվրոպական երկրներների կառավարությունների կազմում են աշխատում:
Մի՞թե Ֆրանսիական համալսարանը Նավոյաններն են, կամ ֆրանսիացի ռեկտորները: Ո՛չ, Ֆրանսիական համալսարանն իր ուսանողներն են, շրջանավարտները, բոլոր նրանք, ովքեր ամբողջ կյանքում կրելու են այդ համալսարանի արժեքները և ուսանող լինելու կոչումը:
Այսօր մենք պայքարում ենք մի համալսարանի համար, որ տեսել ենք, սիրել, և որը հիմա, ցավոք, այնպիսին չէ, ինչպիսին ճանաչել ենք: Սակայն քանի դեռ ջուրը չի եռացել և գորտերն էլ դեռ չեն սատկել, հնարավոր է փրկել այդ համալսարանը:
Հաշվի առնելով վերոգրյալը` ես, որպես Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, պրն Նավոյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի` քննարկելու համալսարանի խնդիրները և իրավիճակից ելքի ուղիներ գտնելու հնարավորությունները:
Պրն Նավոյան, հուսով եմ՝ բավականաչափ քաջություն և կամք կունենաք ինձ հետ բանավիճելու, ապացուցելու, որ Դուք իսկապես նորարար ու բանիմաց մանկավարժ եք և Ձեր ընտրած ռազմավարությունը կապահովի համալսարանի հետագա առաջընթացը: Ձեզ հնարավորություն եմ տալիս դրսևորելու Ձեր բարձր մասնագիտական որակները և մեկընդմիշտ վերջ դնելու այս պատմությանը:
Սոկրատ Մխիթարյան
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել