HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցը Վիեննա

Փետրվարի 25-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա: Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ:

Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվեց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցելությամբ Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հանդիպումներ են կայացել արտգործնախարարների մակարդակով, խորհրդատվությունները երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական բնույթ են կրել, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Ավստրիայի նախագահի Հայաստան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին։

Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացները։

Ավստրիական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով ելույթ ունեցավ միջազգային հարաբերությունների բնագավառում Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկը հանդիսացող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: Ելույթին ներկա էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար քաղաքագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հանս Վինկելի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին Ավստրիայի դիվանագիտական կրթօջախի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter