Ազգային ժողովի պատգամավորների այսօրվա հայտարարությունները
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյան
Այսօր, ըստ էության, տեղի է ունենում նոր ընդդիմության ձևավորման գործընթաց։ Դա բնական քաղաքական պրոցես է, որը համընկավ հետընտրական շրջանի հետ։ Թե ինչ դեմք ու դերակատարներ կունենա նորաստեղծ ընդդիմությունը, ժամանակը ցույց կտա։ Եվ պետք չէ հանրահավաքներն ու ընդդիմադիր բևեռի ձևավորման առկա պրոցեսները, ընթացող տրանսֆորմացիաները կապել ընտրությունների արդյունքների հետ, արդյունքներ, որոնք ընդունում են միջազգային դիտորդական առաքելությունները։
Ընդդիմությունը նախ պետք է կայանա, ձև ու բովանդակություն ստանա, գտնի իր տեղը քաղաքական դաշտում և նոր միայն հավակնի մարդկանց վստահությունը ստանալուն։ Սա լավագույնս ըմբռնում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Թերևս այդ է պատճառը, որ ընդդիմության արդեն ժամկետանց դեմքերին կամ ուժերին իրեն համախմբվելու կոչ չի անում՝ շատ լավ հասկանալով, որ այդպիսով կարող է վարկաբեկել նոր փաթեթավորմամբ ներկայացող ընդդիմությանը։
Այսօր պայքարը է գնում ոչ թե իշխանություն-ընդդիմություն դաշտում, այլ ընդդիմության առաջնորդի դերի համար։ Եվ այդ կատաղի պայքարում շատ արկածախնդիրներ դիմում են ամեն հնարավորին՝ գործի դնելով հանրությանը սադրելու, մանիպուլյացիայի ենթարկելու իրենց հարազատ մեթոդները։ Ոմանք, որ ժամանակին «Լևոն, նախագահ» էին գոռում ու սադրանքների մղում ժողովրդին, այսօր նույն բառապաշարն օգտագործում են՝ Րաֆֆիի գովքն անելով։
Եվ լավ էլ ընտրել են իրենց կարգախոսը՝ հաղթանակ կամ ոչինչ։ Հաղթանակ, պարոնա′յք արկածախնդիրներ, Հայաստանի Հանրապետությունն արդեն տարել է՝ իր հավատարմությունը հայտնելով ժողովրդավարական սկզբունքներին։ Ձեզ մնում է ոչինչը, քանի որ հայ մարդը շատ լավ գիտակցում է, որ ընդդիմության հիմնական նպատակն իրենց ստացած քվեների միջոցով քաղաքական առևտուր անելն է։
Ընդդիմադիր դաշտում այսօր կատարյալ քաոս է, կոկորդկրծոցի՝ սեփական տեղն ու դերը հաստատելու համար։ Բայց կա մի ճշմարտություն։ Քաոսի գերադրական աստիճանը կարգուկանոնն է։
Իսկ հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսից ստացած տպավորություններս մի քանի տողով:
Չեմ ուզում, դիր գրպանս։ Ակտիվիստների կողմից հրահրված ուսանողական դասադուլի փորձի գնահատական: Ես կրթության կողմ եմ, բայց եթե կամովին ուզում են այն չստանալ, թող չստանան:
Րաֆֆի Հովհաննիսյանը Րաֆֆի Հովհանիսյանը չէ: Պարզվում է՝ շաբաթներ շարունակ ֆեյսբուքում Րաֆֆիի պաշտոնական էջից տարածվող նյութերն իրականում ոչ մի կապ չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հոգնած Րաֆֆին տխուր է լինում: Պարզվում է՝ ՀՀ նախագահի մոտ Րաֆֆին ոչ միայն տխուր է եղել, այլև հոգնած:
Մինսկի խմբում կհամանախագահի Ադրբեջանը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարկ հայտարարեց բոլոր այն երկրներին, որոնք շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ապա ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի համանախագահ կարող է դառնալ միայն Ադրբեջանը: Վլադիմիր Վլադիմիրովիչը և Բարակ Հուսեյնովիչը դեռ իրենց հալը կտեսնեն: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միջուկային տերություններ են, սա թողնենք հեղինակի խղճին:
Ինձ գոնե մի հատ մանդատ տվեք: Րաֆֆին խնդրում է լուծարել Ազգային ժողովը և կազմակերպել նոր ընտրություններ, որ վերադարձնի ժամանակին իրեն պատկանող մանդատը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
Իմ այսօրվա հայտարարությունում մեջբերում եմ արել Լևոն Խեչոյանի «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի» վեպից:
«Թագը ժողովուրդ է, ժողովուրդը՝ հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը»:
Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին դու ապացուցեցիր, որ ունես արժանապատվություն:
Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին դու կրկին ներկայացրեցիր Աստծո կողմից քեզ տրված հայկական բարձրավանդակի նկատմամբ քեզ լիարժեք պատկանող իրավատիրության և հայրենատիրության հայտը:
Խեչոյանը շարունակում է. «Մեր հարևան տերությունները, երբ ցանկացել են ճզմել, ցածրացրել և արհամարել են մեր թագավորներին՝մեր ժողովրդին, մեր հողը, մեր արժանապատվությունը: Միայն Տիգրան Մեծի խորաթափանց միտքն ու հզոր բազուկն էր, որ աշխարհի դրամի մեջ զրնգուն շառաչով մտցրեց հայկական թագի պատկերը: Նրանից հետո, այս էլ քանի դար, մի լումա անգամ չկարողացան կտրել մեր թագավորները: Որովհետև դրամ կտրելը հողագնդի վրա արժանապատվություն և անկախություն էր նշանակում: Երբ ցանկացել են՝ քո թագավորներին նաև շպրտել են գահից, մորթել և գերեվարել են»,- մեջբերման ավարտը:
Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք, թե ինչպես մեր ժողովրդին, որն ունի արժանապատվություն այս կամ այն տերության հանցակցությամբ, թույլ չեն տվել իրացնել իր երկրում թագավոր լինելու իր իրավունքը, ականատես ենք նաև, որ մեզ սպանել և բանտարկել են: Կրկին այս կամ այն տերության մասնակցությամբ և հանցակցությամբ տեղի է ունենում փորձ օտարել մեզանից մեր երկրում թագավոր լինելու մեր իրավունքը և իրավազորությունը:
Սակայն պետք է այս կամ այն տերության հանցակից մասնակիցներին իրազեկենք, որ այս անգամ ձեր ջանքերը՝ Սերժ Սարգսյանին կարգելու ՀՀ նախագահ, դատապարտված են և ապարդյուն:
Թող որևէ մեկը չկասկածի հայ ժողովրդի կամքի և հավատի հաստատակամության մեջ:
Մենք կարճ չենք մտածում և հեռուն չենք անտեսում: Մենք զինված ենք համառ համբերությամբ, առյուծին բնորոշ զոհաբերությամբ և նվիրվածությամբ, մեր հազարամյա հայակական վիշապների իմաստությամբ և մեր լեռների տիրակալ հայակական արծվի սրատեսությամբ, որի արդյունքում ճշմարտությունը նվաճելու է մեր Հայրենիքի բոլոր տաճարները:
Մեր ժողովուրդը և հայրենիքը կանչում է:
Լավագույն տղերքը վերդարնում են, իսկ սիրելի կանայք նոր հույս են գտնում մեր հայրենիքում:
Հայկական հազարամյակների անցյալը, ներկան և ապագան բոլորիս պարտադրում է սիրել, ապրել և պատերազմել մեր «Թագի՝ ժողովուրդի, մեր ժողովուրդի՝ մեր հողի, մեր հողի՝ մեր թագավորի: Մեր լավ թագավորի՝ ժողովրդի արաժանապատվության համար»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը
Հարգելի՛ գործընկերներ,
2013 թվականի նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունեինք բոլորս: Հիմա, հետ նայելով անցած ընտրություններին, մենք պետք է կարողանանք պատասխանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս ընտրությունները նպաստեցին մեր հասարակության մեջ վստահության բարձրացմանը, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ համընդհանուր տրամադրվածություն կա ձեռք ձեռքի տված ողջ հասարակությունով առաջ գնալու ու մեր բոլորի հայրենիքը նոր բարձունքների հասցնելու: Անձամբ ես նման համաժողովրդական ոգևորություն չեմ տեսնում: Հասարակության վստահության բարձրացում էլ չեմ տեսնում:
Բայց մի կարևոր ու շատ ուրախալի փաստ չտեսնել հնարավոր չէ՝ քաղաքացիական հասարակությունն այսօր Հայաստանում ամուր է ավելին, քան երբեք: Նա խոսք ունի ասելու մեր հասարակության համար նշանակություն ունեցող բոլոր հարցերում, և նրա ձայնը չլսել հնարավոր չէ: Այս ընտրություններում դա հատկապես ընդգծվեց ու տեսանելի է նաև հետընտրական գործընթացներում:
Այս ամենը մի բանի մասին է վկայում: Ե՛վ քաղաքացիական հասարակության, և՛ քաղաքական դաշտի և՛, որ ամենակարևորն է՝ մեր ողջ հասարակության պահանջը մեկն է. այս հուսահատ վիճակը ուղղակի անտանելի է, անհեռանկարայնության զգացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այս օրերին Հայաստանի քաղաքներում, գյուղերում և Երևանում՝ մասնավորապես Ազատության հրապարակում շարունակվող պայքարը հենց անհեռանկարայնության դեմ է, օդի նոր հոսքի համար է, թարմության համար է, լուսավորության համար է: Այն որևէ մեկի դեմ չէ, բոլորի համար է, ապագայի համար է, մեր երեխաների համար է: Եվ ինչքան էլ ընդունվի կամ չընդունվի, հավատ ներշնչի կամ ոմանց մոտ անգամ թերահավատություն, ինչպիսի երանգ ու ձև էլ ստանա այդ պայքարը, այն անպայման հաջողություն է բերելու: Չեմ կասկածում: Բոլորիս է բերելու:
Շնորհակալություն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.
ԲՀԿ-ի կողմից վերջին քաղաքական առաջարկը, բոլոր քաղաքական ուժերին կայանում է նրանում, որպեսզի երկրում տեղի ունենա համակարգային փոփոխություն ուր կառավարման հիմքում կլինի ժողովրդի գործոնը: Գործոն, որով հնարավոր կլինի կատարել արժեքների վերարժեքավորում, հնարավոր կլինի երկրում ստեղծել նոր կացութաձև, նոր մարդկանցով, նոր էլիտար զանգվածով՝ ուր բոլորի մեջ հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու գաղափարը կդառնա էության պահանջ:
Տարվող ոչ ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականության շնորհիվ երկիրը լքվում է սեփական ժողովրդից: Եթե այդպես շարունակվի կորցրած կլինենք հայրենիքը: Վարիչ մեքենան սլանում է այնպիսի ուղղությամբ, ուր բացակայում է ժողովրդի գործոնը:
Իսկ վարիչ մեքենան դա մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը դեպի հուսալի ապագա տանող պետական մեքենան է, ուր ցավոք առանց սեփական ժողովրդի գործոնի նման պետական կառավարման մեքենայում ավտոմատ կերպով միացվում է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ԲՀԿ պատգամավորներից կազմված մի խումբ, վերջին 4-ը ամիսների ընթացքում անընդմեջ լինելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, կարողացան ծանոթանալ և ականատեսը լինել բնակչության առավել խորքային ու ցավոտ խնդիրներին:
Ամենացավալին այն է, որ գյուղերում ապրող ժողովուրդը գտնվում է սոցիալական ծանր բեռան տակ միայնակ ու դատապարտված:
Կառավարության կողմից այդպես էլ չընկալվեց, որ այդ գյուղերում ապրող բնակչությունը ոչ միայն շարքային քաղաքացիներն են մեր երկրի, այլ նաև պահապանն են իրենց բնակավայրերին հարակից սահմանի: Ի վերջո սահմաններից է սկիզբ առնում հայրենիքը և այդտեղից ամեն մի գյուղացու հեռանալը երկրի համար սահմանապահ զինվորի կորուստ է:
Ամեն ինչով պետությունը պետք է պատասխանատու լինի սահմանամերձ գոտում ապրող մեր բնակչությանը: Այո, պատասխանատուն ՝ հիմա և հետո, այսօր ու միշտ, քանի դեռ կան կրակոցների տարափի տակ ապրող ժողովուրդ և օրօրոցային երգի փոխարեն կրակոցների ձայնի տակ՝ վախը սրտում, մոր աչքերին նայող անքուն երեխա:
Իսկ այդ պատասխանատվությունը կլինի այն ժամանակ, երբ երկրում իշխանավորը կլինի վերագտնված մարդը, վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ կիմանան մեր ժողովրդի ցավն ու վիշտը և այրմամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը:
Ինչևէ մինչ այսօր իշխանավորներից շատերի կողմից ինչպես չի ընկալվել ազատագրական պայքարի կարիքը, այպես էլ չի հասկացվել մեր ժողովրդի հաղթանակը: Իսկ հաղթանակը միայն վայելք չէ, այն պետք է նախ հասկանալ, իսկ ցավոք հասկանում են միայն նրանք, ովքեր ապրում են երկրի և ժողովրդի հոգսերով ու ճակատագրով և հասկանում են նրանք ում համար երկրում ամենամեծ արժեքը հայ մարդն է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը
Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրություն, ինչի արդյունքները մեր գնահատմամբ կեղծված են և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները:
Կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքով բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք՝ ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը մեր Սահմանադրության հրամայական նորմերից է: Եթե դեռևս ոմանք համոզված չեն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կփորձեմ ներկայացնել որոշ փաստեր:
Այսպես՝ նույնիսկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկագրի՝ 223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83.13%-ը, որից 10.78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81.61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93.57%-ը, որից 6. 72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 92.18%-ը՝ Սերժ Սարգսյանին:
Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5.28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93.33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը մասնակցել է ընտրություններին և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ թվարկված այս տեղամասերի բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում են:
Կարծում եմ՝ տեղյակ եք, որ գյուղերից կրկնակի արտագաղթ է կատարվել: Նրանց մի մասը տեղափոխվել են շրջկենտրոն կամ, հիմնականում, Երևան, իսկ մի մասն էլ ընդհանրապես լքել է Հայասատանը: Մեր գյուղերի բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում: Իսկապես «քաղաքական շառլատան» պետք է լինել այս փաստերի հետ հաշիվ չնստելու համար: Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից:
Հիշեցնեմ, որ դրանք նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին: Եվ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ճշմարտացիորեն նրանց բնորոշել են որպես «խավիարակերներ»: Հավատացեք, որ այդ «խավիարակերը» Հայաստանում էլ նույն «խավիարակերն» է:
Հասկանալով դիվանագիտական խոսքի արժեքն ու որոշակիորեն տիրապետելով դիվանագիտական բառամթերքին, դրանով հանդերձ հայտարարում եմ, որ ներկայացրած այս և նմանատիպ բազմաթիվ փաստերի առկայության դեպքում, երբ արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունեցել մեկ քայլ առաջով արդար ընտրություններ, ուղղակի արհամարհում եմ բոլոր այդ կազմակերպությունների կողմից տրված դրական բոլոր գնահատականները:
Խոսքս ուղղում եմ Սերժ Սարգսյանին: Կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին լարված իրավիճակ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններին Ձեր կողմից «ոչ»-ով արձագանքելը վտանգավոր փուլ է տեղափոխում զարգացումների ընթացքը: Դուք պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն, պատրաստակամություն, կոմպրոմիսային քայլեր ձեռնարկել՝ պետությանը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հակառակ պարագայում, դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող վարչախմբի և մասնավորապես Ձեզ վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել