
«Ժառանգությունը» հիշեցնում և զգուշացնում է Կազան ուղևորվող Սերժ Սարգսյանին
Կազանյան եռակողմ հանդիպման առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է.
1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումներն իբրև բանակցություն ներկայացնելու և դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը` այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլև նորանոր վտանգներ հարուցող ու ապակայունացման տանող գործընթաց:
2. Ադրբեջանի ճնշումների տակ բանակցային ձևաչափի աղճատումը գնահատում ենք իբրև հակամարտության էության, պատմության ու արդարացի լուծման հեռանկարի խեղաթյուրման քաղաքականություն, որի արդյունքում. ա) հակառակ անառարկելի փաստերի` ճիգեր են գործադրվում ագրեսոր Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով, պարտադրվում է հարգել այլևս գոյություն չունեցող խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ցեղասպան կոտորածներից, նախահարձակ պատերազմից ու շարունակվող խափանարար գործողություններից ինքնապաշտպանվող հայկական կողմին` ճանաչել «օկուպանտ», բ) միակողմանի զիջումներ պարտադրելով ԼՂՀ-ին` փորձ է արվում խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գ) ԼՂՀ կայացումն ապօրինի ճանաչելու հնարքով նպատակ է հետապնդվում իրականացնել անիրականանալին` ԼՂՀ-ն բռնակցել Ադրբեջանին:
3. Ադրբեջանի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ներքո և ԼՂՀ-ի բացակայությամբ մշակված փաստաթղթին Հայաստանի` հավանություն տալու հեռանկարը որակում ենք օրինավոր ինքնորոշված, ապագաղութացած, կայացած ու միջազգային ճանաչման արժանի ԼՂՀ-ի դեմ ձախողման դատապարտված հանցավոր դավադրություն:
4. Հիշեցնում և զգուշացնում ենք Կազան ուղևորված Հայաստանի նախագահին, որ
- առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների` ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առ ոչինչ են,
- իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջև է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ համայն հայության,
- Արցախի սահմանադիր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն ու ճանաչումը Հայաստանի նախագահի սահմանադրական պարտականությունն է և սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու և ճանաչվելու նրա իրավունքը,
- բանակցությունների ներկայիս ձևաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն,
- որևէ ձևով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, և նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
23 հունիսի 2011թ.
Երևան
Մեկնաբանել