HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիրավորին տերն ա տանում, անտերին՝ գելերը»

52-ամյա Սաղաթել Հանիսյանն ապրում է Լոռու մարզի Շնող գյուղում:

Սաղաթելին բոլորն են ճանաչում: Գյուղում յուրաքանչյուրը նրա մասին ժպիտով է խոսում, որովհետև նրա հետաքրքիր և երբեմն արկածախնդիր պատմությունները բոլորն են լսել:

Վերջերս Սաղաթելը հիվանդացել էր, չէր աշխատում և լավատեսորեն պնդում էր միայն, որ հիվանդությունը իրեն չի անհանգստացնում: Ինքը մտահոգված է, թե ընտանիքն ինչպես է տաքանալու, որովհետև փայտ չունեն:

Սաղաթելը մասնակցել է Արցախի պատերազմին, 5 տարի եղել է ռազմադաշտում և միայն պատերազմի ավարտից հետո է տուն վերադարձել:

Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Ալավերդու պրոֆտեխնիկական ուսումնարանում, հետո՝  Երևանի ռադիոտեխնիկումում: Ծառայել է բանակում ու ռազմաճակատ մեկնել:

Դեռ 1988 թվականին Սաղաթելը Շնողի կամավորական ջոկատի հետ Նոյեմբերյանում էր: Հետո Ալավերդու դաշնակցական կամավորների հետ մեկնել է Ղազանչի, իսկ 1991 թ.-ին՝ Մարտակերտ, որտեղ ընդգրկվել է Մանվել Գրիգորյանի ջոկատ:

Ասում է՝ ոչինչ չեմ մոռացել, և յուրաքանչյուր հնարավորության դեպքում պատմում է իր կյանքի անմոռանալի դեպքերի մասին:

Ոմանք հետաքրքրությամբ են լսում, ոմանք գուցե չեն հավատում, որ նա կռվել է, որ իր անմիջական մասնակցությունն ունի Արցախի պատերազմին: Սաղաթելի ինքնաշեն զենքերը, նռնակները և փամփուշտները շատ հայ զինվորների են օգնել: Զենքը Սաղաթելի տարերքն է: Սակայն մի օր էլ նրան դատեցին հենց իր այդ տարերքի համար:

«Արցախից  մի քանի հատ իմ սարքած փամփուշտներից էի բերել: Եկան բռնեցին, տարան Ալավերդու քրեական բաժին: Ես 5 տարի կռվել էի, ինձ 5 փամփուշտի համար փակեցին: Հարցաքննում էին՝ որտեղից ա: Օրերով չգիտեի՝ լիս ա, թե մութ»,- պատմում է Սաղաթելը:

Սաղաթելը դժգոհող չէ, այս պատմությունն էլ ժպիտով հիշեց: Բայց, ինչպես ինքն է ասում, երբեմն չի հասկանում, թե ինչու իր նման կռվածներին հերոսացնում են, պարգևատրում, հաճախակի ցույց տալիս հեռուստացույցով, իսկ ինքն անտեսված է…

Շատ է ափսոսում, որ ոչ մի հուշ իր հետ չի բերել պատերազմից: Թերևս միակ հուշը իր նկարն է պատմության գրքերից մեկում, որի մասին դպրոցականներն են պատմում, բայց ինքը չի տեսել:

Գյուղացիները պատմում են, որ դեռ փոքր ժամանակ Սաղաթելի մասին արդեն շատերը գիտեին: Պատմում են, որ երկրորդ դասարանում  ջարդել է դպրոցի ճաշարանի դռան կողպեքը  և «գողություն» արել: Նա կերել է ճաշարանի բոլոր քաղցրավենիքների սերուցքները: Ավելի մեծ տարիքում անհաջող փորձարկման հետևանքով հրդեհվել է դպրոցի դասարաններից մեկը, և այսպիսի պատմությունները քիչ չեն:

Երկու տարի առաջ Սաղաթելն ամուսնացավ Սոխակի հետ: Նրանց հետ է ապրում նաեւ Սաղաթելի քույրը՝ Ռոզան: Նրանցից ոչ ոք մշտական աշխատանք չունի:

Նախկինում Սաղաթելը գյուղացիների տեխնիկական սարքավորումներն էր սարքում, ավելի հաճախ՝ անվճար, իսկ մինչև հիվանդանալը անտառում փայտի գործ էր անում:

Կանանց աշխատանքը սեզոնային է. Ռոզան ուրիշների այգիներն է մշակում, իսկ Սոխակը խոտաբույսեր ու ուրց է քաղում և վաճառում: Սրանցից ստացված չնչին գումարն ու Սոխակի հիվանդության 15500 դրամ թոշակն է ընտանիքի եկամուտը:

Սաղաթելը ոչ մի նպաստ կամ պետության կողմից օգնություն չի ստանում, թեև իմիջիայլոց ասաց, որ Վանաձորի հիվանդանոցում նրան անմիջապես վիրահատել էին ցանկանում: Այնինչ քաղաք գնալու ճանապարհածախս անգամ դժվար է գտնել:

«Բուժումը պետք ա անվճար ըլի: Բայց նենց են անվճար տալի, որ չես կարա էլի… Ոնց որ ասում են՝ տիրավորին տերն ա տանում, անտերին՝ գելերը»,- ժպտալով ասում է Սաղաթելը:

Սոնա Ամիրջանյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (3)

Նարե Քարամյան
Ապրես Սոնա ջան, լավ հոդված էր, քեզ էլ բռավո, Սաղաթելին էլ ;) սպասում ենք հաջորդ հոդվածներին
Artush
ura ura ura
Ustian
incha asum?incha asum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter