HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթցիները չեն կարողանում ազատվել իրենց հիշողություններից

Փետրվարի վերջին օրը Շիրինյանների ընտանիքում սգո օր է: 1988 թվականին Սումգայիթում կատարվածն առանց արցունքի չեն կարողանում հիշել: Ադրբեջանական ԽՍՀ կառավարության կողմից «Հերոս մայր» մեդալի արժանացած Դոնարա Շիրինյանը հիվանդանոցում խնամում էր կրտսեր որդուն, երբ լսեց հայերի զանգվածային կոտորածների մասին: Ինքը Բաքվում էր, 10 երեխաները տանը` Սումգայիթում: Մի պահ նայեց հիվանդ երեխային ու որոշում կայացրեց. «Ասամ, այ Աստված, ո՞նց կլինի, մի երեխաս ստեղ ա, 10-ը ընդեղ են: Բժշկին ասամ` բժիշկ ջան, իրավունք կտա՞ս գնամ խոխորցըս տեսնամ, էսի ապահով ա»: Պատմում է արցուքների միջից. բժիշկը զարմացավ, ասաց բա չե՞ս վախենում: «Ասամ` ինչ լինելու ա, լինելու ա»,- պատմում է տիկին Դոնարան:

Իր մասին այլեւս չէր մտածում, լուր չկար երեխաներից. պիտի հասներ, որ նրանց էլ տեղափոխեր Բաքու, հետո…: Հետոն չգիտեր:

Դոնարա Շիրինյան

Ադրբեջանցի կնոջ կերպարանքով, ծպտված նա բռնեց տուն տանող ճանապարհը: Խոսում էր միայն ադրբեջաներեն. «ուրացել» էր մայրենին, հանուն երեխաների: Վախից դողում էր, բայց պետք է դա էլ թաքցներ: Ճանապարհին ադրբեջանական հնչերանգով լսեց իր անունը, սարսափեց` գտան: Հետո շրջվեց. ծանոթ ադրբեջանցի էր, անունը` Մաշտի: «Մի վախեցիր,- բարեկամաբար ասաց նա, ես կօգնեմ, նստիր մեքենան»,- ասաց Մաշտին: Տիկին Դոնարան գոտեպնդվեց. դեռ ամեն ինչ կորած չէ: Մաշտիից իմացավ, որ ադրբեջանական գազանը դեռ իրենց շենքին չէր հասել:

Ամբողջ ճանապարհին շտապեցնում էր, հապաղել չէր կարելի: Սակայն, երբ շենքի բակ հասավ… ադրբեջանցի խուժանն իր հետքը շենքում եւ շրջակայում արդեն  թողել էր: «Որ չտեսամ էն էրգյան բալկոնը ջարդած, ասամ Մաշտի, բա ասըմ ես` ոչ մի պյան չկա: Մտածեցի` վերջ, էրեխեքս էլ չկան: Սարսափեցի, էլ ես ինչի էի ապրում: Դուրս թռա մեքենայից, կանգնեցի բակում, ձեռքերս պարզեցի, կանչեցի` ես էլ եմ հայ, ինձ էլ սպանեք: Մեր հաեւանը դուրս էկավ, բերանս փակավ` ախչի, ձենդ կտրի, ու ներս տարավ», - պատմում է տիկին Դոնարան: Հարեւանի տանը…Մի խոսքով, ամենաքիչը դա էր սպասում. ընտանիքի բոլոր անդամներն այնտեղ էին` ողջ ու առողջ: 

Դուստրը` Գայանե Շիրինյանը, հիշում է` գազազած ամբոխից հազիվ կարողացան փրկվել: Օգնեց ադրբեջանցի հարեւանը:

«Մեծ քույրս` Երանուհին, եկավ մեր տուն: Ինքը լսել էր, որ խուժանը հասել էր 12-րդ,  այսինքն` մեր միկրոռայոն: Դե, մաման տանը չէր, որպես մեծ եկել էր, որ գլուխ քաշեր: Պապան էլ էր տանը: Երանուհին ասավ` պապ, ինչի՞ եք նստել, թուրքերը հեսա կհասնեն մեր շենք: Պապան չհավատաց` ոնց կարող ա: Հենց էդ պահին աղմուկ լսեցինք, աստիճանաբար ուժեղացող աղմուկը, պատշգամբից նայեցինք`  50 չի, 60 չի, մոտ մի 100 հոգի: Քույրս` թե պա, էս ա, իրանք են, ինքը` թե, չէ, ֆուտբոլ են խաղում: Էլի չէր հավատում: Բայց ի¯նչ ֆուտբոլ… Մինչ մենք մտածում էինք` ինչ անել, դրանք միանգամից մտան մեր պադեզդ: Հենց հասան մեր դռանը, մենք հետեւի պատշգամբով անցանք հարեւանի տուն: Վերջինը պապաս անցավ: Անցավ թե չէ, դուռը ջարդեցին: Սարսափելի էր: Լսում էինք, թե ինչպես են վայրենիները ջարդուփշուր անում ամեն ինչ: Հետո գնացին:  Մեր հարեւանը դրանց հետեւից մտավ մեր տուն, փաստաթղթերը վերցրեց ու… Նորից եկան, հարեւանի դուռը ծեծեցին, հարցրին, թե հայ եք պահում, ասացին` չէ: Բայց որ իմանային, որ մենք էնտեղ ենք, համ իրանց էին սպանելու համ էլ մեզ: Մեկ էլ էն եմ հիշում, որ հարեւանն ասավ` վայ Դոնարան եկավ ու դուրս թռավ»,- պատմում է Գայանեն:

Դոնարան գտել էր զավակներին, բայց ի՞նչ էր լինելու հետո: Մտածում էին: Իրենց դաձյալ կարող էին փրկել հարեւանները: Մայրը դիմեց նրանց, արցունքն աչքերին աղերսեց: Համաձայնեցին: Ադրբեջանցի հարեւանները` վախը սրտներում, (կսպանեին իրենց էլ հայ փրկելու համար) Շիրինյաններին ուղեկցեցին կանգառ: Դոնարա Շիրինյանի ձայնը դողում է, հայացքը սեւեռում է հեռուն, կարծես նորից է տեսնում կատարվածը. «Հեռվից երեւաց ավտոբուսը: Հույս կար, որ կփրկվենք: Բայց հանկարծ ամբոխն ուղղություն վերցրեց դեպի մեզ: Գոռգոռալով գալիս էին. ինձ թվաց, որ դա վերջն է: Կարինես` թե, այ մամ, եկան: Երեխեքս ոնց ին լաց ինըմ: Ես չգիտեմ, թե այդքան ուժ ինձ որտեղից էր, բայց հասկանում էի, որ պետք է ուժեղ լինել: Վախը սրտումս` երեխաներիս սկսեցի գոտեպնդել. ասում էի` ոչինչ, ոչինչ… Ես էլ էի լաց լինում: Խուճապահար նստեցինք ավտոբուս ու…երբ ավտոբուսը շարժվեց, նորից շունչ քաշեցի: Գիտեք`  հիմա ինձ թվում է` ես ավելի շատ եմ վախնեում»:

Ադրբեջանցիների անուններով Շիրինյաններն անցան սումգայիթյան գեհենի միջով` մահվան սարսափն աչքներում: Շուրթներին ադրբեջաներենն էր, մտքում` հայերեն աղոթքը: Միայն թե փրկվեն:

Հիմա Շիրինյաններն ապրում են Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում:

Այստեղ բնակություն էին հաստատել մերօրյա եղեռնից մազապուրծ եւս 200 հայեր. նրանցից 100-ը սումգայիթյան իրադարձությունների ականատեսներ էին: Տեղանահվածների մի մասը չի հարմարվել գյուղի պայմաններին եւ հեռացել է: Մի քանի ընտանիք է մնացել` Զախարյանները, Աբրահամյանները…

 

Օլյա Զախարյան

Օլյա Զախարյանը հիշում է. «Երեք օր իրար հետեւից փողոցներում տեսնում էինք  երիտասարդների` սրած երկաթները ձեռքներին. գոռում էին` վերջ հայերին: Վախով էինք տանից դուրս գալիս: Մի օր աղջիկս եկավ` թե մամ, հանկարծ չգնաք շուկա: Ասամ` բալա, ախր կարտոշկա չունենք: Ասավ` հայի, թուրքի կռիվ ա, կոտորում են հայերին: Վախեցանք, չգնացինք: Հետո աղջիկս պատմեց, որ պատուհանից թաքուն նայելիս ներքեւից մի թուրք նկատել էր, ասել էր` հայ է, գնացինք: Տուն էին  մտել, նայել ունեցվածքը: Աղջիկս ասել էր` ինչ ուզում եք տարեք, մեքենան էլ դրսում է, տարեք, միայն թե երեխաներին ձեռք չտաք, երկու երեխա ունեմ: Փառք Աստծուն, որ իրենց ձեռք չէին տվել:

Հաջորդ օրը որոշեցի գնալ գործի, ճանապարհին տեսա ամեն ինչ` մեքենա, տան եղած-չեղած ջարդուփշուր արված, թափված: Նայեմ, տեսնեմ` մի խումբ մարդիկ են, իրենց տներից դուրս են եկել, գնում են: Հասկացա, որ դրությունը շատ լուրջ ա, ու հետ դարձա: Իմ բախտը բերել ա, ես  չեմ տեսել այն սարսափելի դեպքերը, որ իրականում կատարվել են Սումգայիթում: Միայն մեր բակում թողնված այն դին չեմ կարողանում մոռանալ, երիտասարդ աղջկա խոշտանգված դի, որ մեր բակ էին բերել Բաքվից: Էդպես էին ասում: Սարսափելի էր»:

74 ամյա Սամվել Աբրահամյանը վստահ է` Սումգայիթում կատարվածը նախապես պլանավորած էր, ամեն քայլը` մանրամասն ծրագրված: Հիշում է.«Փետրվարի 27-ին ես տեսել եմ, որ մի մարդ շլյապան գլխին, պապկան թեևի տակին  եկավ, հայաթըմը կանգնեց: Նայեց, նայեց: Մի երեխա անցնում էր, կանչեց, ասաց` արի ստեղ մի րոպե: Ես չէի լսում, բայց դժվար չէր կռահել: Ձեռքերով ցույց էին տալիս: Նրա հարցին երեխան երկու մատ պարզեց: Ես հասկացա, հարցն էր` ստեղ հայ կա, իսկ պատասխանը` երկու հայ: Հետո երեխան մատնացույց արեց հայերի պատշգամբները: Մեկը մերն էր: Գրանցեց եւ գնաց:  Ես էլի մի բան հասկացա, հաջորդ օրը սեւ պիտի գար մեր գլխին… 27-ին 28-ին արդեն ջարդերը կատարվել էին, զոհերը քաղաքի կենտրոնական հատվածի հայերն էին: Նրանք կենտրոնում շատ էին: Տրամաբանական էր, որ  29-ին մեր հերթը պետք է լիներ:  Առավոտյան տեսա տանկերը քաղաքում: Մենք էլ էդպես փրկվեցինք»,- պատմում է Ս. Աբրահամյանը:

Դոնարա Շիրինյանը սրբում է արցունքները. «Կտորել են. Միշան իրա ընտանիքով, Միշին աղբոր ախչկանը մերկացրել էին, կապել «ՆԻՎԱ»-ի հետեւից ու քարշ էին տալիս: Ո՞ր մեկն ասեմ»: Հետո ավելացնում է. «Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, եթե անգամ ես 70 տարեկան լինեմ, հիմա 66 եմ, առաջին ավտոմատը ես կվերցնեմ, կգնամ: Տատս ճիշտ էր ասըմ` շանը մոտեցիր, փայտը ձեռքիցդ մի գցիր: Ասում էի` այ տատ, քաղաքում շունն ինչ ա անում, ասում էր` թուրքը շուն ա, շան փայ չինեք: Ափսոս, որ ես Հայաստանում չեմ ծնվել, երեխեքս էստեղ չեն ծնվել, էդ դժվարությունները չէինք տեսնի, էդ սարսափը չէինք զգա»:

Շիրինյանները, Աբրահամյանները, Զախարյանները  հիմա մի ցանկություն ունեն` ազատվել սումգայիթյան հիշողություններից: Լռեցնել իրենց ականջներում ցայժմ հնչող աղաղակներն ու աղերսանքները: 

Սրբուհի Գրիգորյան

Սիսիան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter