
Վիշապների այգին ժամանակավորապես փրկված է
Այսօր Երեւանի քաղաքապետի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն Վիշապների այգու տարածքում բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու մասին, որում մասնավորապես ասված է. «Նոր Նորք վարչական շրջանի Վիշապների կոթողների այգում կառուցապատողի կողմից նախաձեռնած շինարարարական նախապատրաստական աշխատանքները դադարեցված են , քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից հարցը ուսումնասիրվում է կառուցապատողի հետ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու
համար՝ ի նպաստ այգու պահպանման: Քաղաքապետի մամուլի քարտուղար»:
Դեռ երեկ «Տեր կանգնենք Վիշապի պուրակին, կանխենք ոչնչացումը» հասարակական խումբը, որն ակտիվ գործում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ինֆորմացիա էր տարածել, որ այգում շինարարական աշխատանքները վերսկսվել են:
Քաղաքապետի հաղորդագրությունն ակտիվիստներին հույս է տալիս, որ այգին ամբողջությամբ կպահպանվի ու ոչ մի պատմամշակութային արժեք չի վերացվի: Ֆեյսբուքյան էջում ակտիվիստները գրում են, որ չեն սպասելու հետագա զարգացումներին, աշխատելու են հին սխեմայով՝ տարածքի բնակչության հետ շարունակել, մինչեւ չհասնեն բարձրահարկ շենքի կառուցման դադարեցմանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Երեւանի Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթերի կեղծում, իրացում կամ օգտագործում): Քրեական գործի հարուցման հիմք էր դարձել ԹԻՀԿ-ի եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հաղորդումը, ըստ որի՝ «Կաէռ Քնթսթրաքշն» ՍՊԸ-ի Բաղյան 1 հասցեում անցկացրած «Վիշապի կոթողներ» պուրակում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ կեղծվել են հանրային լսումներին մասնակցած առնվազն 11 բնակիչների համաձայնությունը հաստատող ստորագրություններ:
Մեկնաբանել