HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը պետք է ամբողջովին վերանայի տարվող տնտեսական քաղաքականությունը. Վազգեն Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներքաղաքական և տնտեսական զարգացումներ մասին խոսեց Հայրենական ապրանք արտադրողների մության նախագահ Վազգեն Սաֆարյանը` նշելով, որ այսուհետ պետությունը պետք է ամբողջովին վերանայի տարվող տնտեսական քաղաքականությունը, քանի որ բնակչության ստվար զանգվածը դժգոհ է ոչ այնքան արտաքին, ինչքան տնտեսական քաղաքականությունից. «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բնակչության այն հատվածը, ովքեր դեմ են արտահայտվել գործող նախագահին, ցանկանում են տեսնել հանրային կյանքում լուրջ արմատական փոփոխություններ: Հաշվի չառնել այդ զանգվածի կարծիքը, կարծում եմ, սխալ կլինի իշխանությունների կողմից»:

Ապա խոսելով տնտեսական փոփոխություններից՝ նշեց, որ պետք է զարկ տրվի մեր տնտեսության հիմնական ճյուղին՝ արդյունաբերությանը: Իսկ արտահանման քաղաքականության մեջ պետությունը փորձելու է արտահանողի հնարավոր ռիսկերը իր վրա վերցնել, սուբսիդավորել ապրանք արտադրողներին՝ սովորական 11-12  % -ի հարկերը նվազեցնել ինչև 3%-ի:

«Անցած տարվա տվյալներով մենք ներմուծել ենք 4.2, իսկ արտահանել 1.4 մլրդ դոլարի համարժեք ապրանքներ: Համամասնությունը պետք է փոխվի, այսինքն՝ ներմուծվող այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել, պետք է տեղում արտադրենք: Այդ դեպքում նրանք, ովքեր ներմուծմանը փոխարինող ապրանքներ կարտադրեն, կազատվեն շահութահարկից նախկին 3 տարվա փոխարեն 5-6 տարով»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Գյուղատնտեսությանը անդրադառնալով՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերում  ջուրը պետք է տրվի գյուղացիներին շատ խորհրդանշական գնով, եթե այժմ վճարում են 11 դրամ, ապա դա պետք է հասցնել 2-3 դրամի. «Չենք կարող նույն գինը վերցնել և՛  Արարատյան դաշտի բնակինչներից, ովքեր 2-3 անգամ բերք են ստանում, և՛սահմանամերձ գյուղերի բնակիչներից, ովքեր թշնամու կրակի տակ են ապրում»:

Համատեղ ասուլիսում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ խոսեց մեր տնտեսության մասին՝ մասնավորապես նշելով, որ այդ ոլորտում վարվում է կարկատանային քաղաքականություն. «Տնտեսության մեջ կա ղեկավարում՝ օպերատիվ և հեռանկարային: Օպերատիվը լավ կամ վատ, բայց գոնե արվում է, հեռանկարային պլանավորումը խիստ կաղում է, ես ընդհանրապես չեմ տեսնում: Այդ օպերատիվ քայլերը վերածվում են կարկատանային քաղաքականության. այս կամ այն քայլը, այս կամ այն ոլորտը ինչ-որ ժամանակավոր էֆեկտ տալիս է,  բայց զարգացման առումով մեր տնտեսությունը առաջ չի գնում: Մեր հարևանների համեմատ բավականին հետ ենք, նրանք շատ արագ տեմպերով  առաջ են գնում, մենք՝ կրիայի քայլերով»: 

Վերջում էլ անդրադառնալով տրանսպորտին՝ պարոն Պողոսյանը ցավով նշեց, որ մենք չենք գնահատում մեր հնարավորությունները և ռացիոնալ չենք օգտագործում. «Մեր երկիրը գտնվում է բացառիկ նպաստավոր վիճակում, աշխարհում չկա մի այնպիաի երկիր, որ ունենա էլեկտրաէներգիայի ավելցուկ: Շատ երկրներում դրա պատճառով պատերազմներ են լինում, մեր հարևանները  խիստ կարիքն ունեն, մինչդեռ մենք ռացիոնալ չենք օգտագործում: Այն տրանսպորտը, որ կա քաղաքում, ուղղակի չարիք է: Էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող էինք օգտագործել տրանսպորտում, այնինչ ոչնչացրեցին տրամվայը, տրոլեյբուսն էլ հոգեվարքի մեջ է: Փոխարենը այնպիսի մեքենաներ ու միկրոավտոբուսներ են, որոնք տնտեսապես ձեռնտու չեն, էկոլոգիապես էլ վնասակար են»:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter