HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հարություն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված սպանության մեղադրանքը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Դատական նիստը սկսվեց դատակոչված վկաների հարցաքննությամբ: Նախ վկայություն տվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանն, ում գործի շահերից ելնելով՝ ներգրավել էին որպես վկա: Վերջինս պատմեց, որ դեպքի նախորդ օրը՝ 2012թ-ի ապրիլի 11-ի երեկոյան, տղան ընկերոջ՝ Ռոմանի հետ, մեքենան տարել է ավտոլվացման կետ եւ վերադարձել առանց մեքենայի:

«Դրսում անձրեւային եղանակ էր ու Կարենս ասաց, որ մեքենան թողել է այնտեղ, կվերցնի վաղ առավոտյան: Հաջորդ օրը տղաս գնաց տանից ու էն գնալն էր, որ գնաց: Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, հետո իմացա, որ Կարենը տանից 10-ի կողմ է դուրս եկել: Երեւի ժամը 11-ի կողմերն էր, ինձ զանգեց Ռոմանը, Կարենիցս հարցրեց, հետո հայտնեց, որ հեռախոսազանգերին չի պատասխանում»,-պատմեց Անահիտ Իսկանդարյանը:

Վկան ասաց, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15-ին ինքը, ամուսինը եւ տղան պիտի գնային Վարդան Ղուկասյանենց տուն, որտեղ կատարվելու էր Կարենի եւ Մայայի նշանադրության արարողությունը: Մինչ այդ պիտի «Գալանտուս» ծաղիկների սրահից վերցնեին պատվիրած ծաղկեփունջը, մնացած նվերները վաղօրոք էին պատրաստել: Երբ հասկացել են, որ Կարենն անհետացել է, ընկերները գնացել են ավտոլվացման կետ, հարցուփորձ արել աշխատակիցներին, այնուհետեւ խնդրել ավտոլվացման կետում տեղադրված տեսախցիկների կատարած ձայնագրությունները: Վկան ասաց, որ այդ տեսաերիզներն ինքն էլ է նայել ու համոզված է, որ տղային մեքենայով օրեր շարունակ հետեւողն ու նրան սպանողը Հարություն Սարգսյանն է:

Դատարանում վկան հիշեց, որ NEO 595 համարանիշով արծաթագույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որ պատկանում է ամբաստանյալին, դեպքից մեկ շաբաթ առաջ տեսել է իրեն պատկանող խանութի դիմաց: «Այդ նույն մեքենան մեզ հետեւել է նաեւ, երբ մենք Երեւան գնալիս ենք եղել»,-պնդեց Անահիտ Իսկանդարյանը: Այս մասին վկան իր նախաքննական ցուցմունքներում չէր նշել եւ ասաց, որ միայն վերջերս է հիշել:

Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանին հետաքրքրում էր, թե Անահիտ Իսկանդարյանը որ օրը եւ որ ժամին է դիտել լցակայանից բերված տեսաերիզները: «Նույն օրը, երեւի մի երկու ժամ անց Կարենի անհայտանալուց հետո»,-պատասխանեց Անահիտ Իսկանդարյանը: Վկան պնդեց, որ իրենց ձեռքի տակ եղած տեսաերիզները ապացուցում են, որ տղային սպանել է Հարություն Սարգսյանը: Փաստաբանը միջնորդեց դատարանին, որպեսզի պաշտպանական կողմին տրամադրվի վկայի մոտ եղած, սակայն քրեական գործից բացակայող տեսաերիզները: Այնուհետեւ Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց վկայից, թե Կարենը տանից դուրս գալուց առաջ նախաճաշել է: «Չեմ կարծում,-պատասխանեց վկան,-ես տանը չեմ եղել, բայց Կարենն այդ ժամին դժվար թե հաց ուտեր: Ինքն ու հայրն են եղել, սուրճ է խմել ու դուրս է եկել»: «Իսկ ալկոհոլ օգտագործում էր»,-հարցրեց փաստաբանը: «Իմ տղեն խմող չէր, միայն ծխում էր»,-պատասխանեց վկան: «Իսկ նրա մոտ գումար եղե՞լ է այդ օրը»,-կրկին հետաքրքրվեց փաստաբանը: «Ոչ,-պատասխանեց վկան,-միայն տաքսու փող, որ վերցրել էր հորից, որ գնա մենքենայի հետեւից»:

Վկաներից Ռոբերտ Քոչարյանն, ով նշված ավտոլվացման կետի աշխատակից է, պատմեց, որ ապրիլի 11-ի երեկոյան Ռոման Ղարաքեշիշյանը լցակայան է եկել ընկերոջ հետ, ում ինքը չի ճանաչել: Նախ լվացել են Ռոմանին պատկանող «Լեքսուս», մակնիշի մեքենան: Այդ ընթացքում երկու տղաները արծաթագույն «Մերսեդեսով» գնացել են ու վերադարձել կես ժամ անց: Այնուհետեւ իրենք լվացել են Կարենին պատկանող «Մերսեդեսը», աշխատանքն ավարտել են մոտավորապես 21:30-ի կողմերը: Դրսում անձրեւ է սկսվել, եւ Կարենը հարցրել է, թե կարող է արդյոք մեքենան թողնել լցակայանում եւ վերցնել հաջորդ օրն առավոտյան, իրենք էլ պատասխանել են, թե՝ հարց չկա: Ռոմանի եւ Կարենի հեռանալուց հետո վկան ու իր գործընկերները այլ մեքենայի չեն սպասարկել: Լցակայանը փակել են ժամը 22-ին:

Հաջորդ օրը վկան, թեպետ աշխատանքային գրաֆիկով իր ազատ օրն է եղել, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում գնացել է աաշխատանքի վայր ու տեղեկացել, որ ժամը 10:00-ին Կարենն եկել տարել է մեքենան: Հետո մի քանի ժամ անց ոստիկաններ են եկել ավտոլվացման կետ ու աշխատակիցներին տարել ոստիկանություն, այնտեղ էլ իմացել է Կարեն Եսայանի անհետացան մասին: Վկան նաեւ հայտնեց, որ թեեւ անձամբ լավ չի ճանաչում ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, սակայն հաճախակի է նրան տեսել լցակայանում: «Դե կբերեր ավտոն լվանալու: Հիմնականում արտասահմանյան ավտոներ էին իրանը»,-հիշեց վկան:

Մինչեւ ավտոլվացման կետի աշխատակից Անդրանիկ Մուրադյանի հարցաքննությունը սկսելը, ամբաստանյալի շահերի պաշտպան Հունան Բաբայանը հայտարարեց, որ արդեն երկրորդ վկան է հարցաքննվում առանց անձը հաստատող փաստաթղթի, եւ դա պարզապես անթույլատրելի է: Պարզվեց՝ վկան դատարան էր ներկայացել առանց անձնագրի եւ դատավոր Մարտին Սարոյանը հարցաքննության հրավիրեց հաջորդ վկային՝ Անդրանիկ Մուրադյանին ուղարկելով տուն՝ անձնագրի հետեւից:

Դատակոչված հաջորդ վկան սպանվածի մոտ ընկերն էր: Ռոման Ղարաքեշիշյանը դեպքի նախորդ օրն ուղեկցել էր ընկերոջը՝ միասին մեքենաները տարել են լվացման կետ: Վկան շատ ցածր էր խոսում եւ պաշտպանական կողմը պահանջեց, որ Ռոման Ղարաքեշիշյանը հնարավորինս բարձր ձայնով պատմի դեպքի մանրամասները: «Մոտ եկեք»,-ի պատասխան փաստաբանի պահանջի՝ անվրդով նետեց վկան: Ռոմանը պատմեց, որ նախ լվացել են իր մեքենան, հետո Կարենի: Քանի որ դրսում անձեւ է եղել, Կարենը գերադասելէ մեքենան թողնել լցակայանում: Հաջորդ օրն ինքը քնով է անցել ու արթնացել միայն 10:30-ի կողմերը: Զանգել է ընկերոջը, որ տեղեկանա, թե վերջինս գնացել է մեքենայի հետեւից: Զանգերին Կարենը չի պատասխանել: Այնուհետեւ զանգել է Անահիտ Իսկանդարյանին: Վերջինս նույնպես տեղյակ չի եղել, թե ինչու տղան չի պատասխանում հեռախոսազանգերին:

Երբ ճշտել են, որ ընկերներից ոչ ոք տեղյակ չէ Կարենի մասին, խառնվել են իրար, գնացել ավտոլվացման կետ, խնդրել տեսաերիզները: «Դե էդ ձայնագրություններից էլ կերեւար, որ էդ իրիկուն մեզնից հետո մարդ է եկել մոյկա ու հարցրել է, թե առավոտը որ ժամին կբացվին: Հետո մյուս ձայնագրության մեջ կերեւա, թե Կարենի ավտոյի շարժվելուց հետո մի մեքենա էլ կշարժվի իրա հետեւից: Մոյկի աշխատողներից իմացանք, օր գերմանական համարներով ավտո է եղել, իսկ էդպիսի մեքենա քաղաքում Հարութը մենակ կքշե»,-նկատեց վկան:

Գործում ներգրավված մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստի ընթացքում: Ի դեպ, այս քրեական գործում ներգրավված վկաների թիվը հասնում է 40-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter