HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ով պոռնկությամբ զբաղվի, ով գնա նստի»,-հայտարարեց ամբաստանյալը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում փետրվարի 27-ին ավարտվեց 8 ամիս տեւած թրաֆիքինգի գործով դատավարությունը: Վիճաբանության փուլին այդպես էլ չմասնակցեցին «Դոկտոր» մականունով ամբաստանյալ Սուսաննա Մ.-ի ոչ նախկին, ոչ էլ էլ նոր փաստաբանը: Նախորդ, հունվարի 15-ին կայացած նիստի ժամանակ Սուսաննա Մ.-ն հայտարարել էր, որ ցանկանում է փոխել փաստաբանին եւ չի ցանկանում օգտվել Մելանյա Սարգսյանի ծառայություններից: Դատարանից խնդրել էր 10 օր նոր փաստաբանի հետ հանդիպելու եւ պայմանագիր կնքելու համար: Դատավոր Էդվարդ Մանուկյանը տրամադրել էր 21 օր, սակայն փետրվարի 27-ի դատական նիստին ներկայացել էր միայն ամբաստանյալ Նարինե Մ.-ի փաստաբան Մամիկոն Մուրադյանմը:

Հերթական անգամ, Սուսաննա Մ.-ն փորձեց միջնորդել, որ հետաձգեն նիստը, հայտարարելով, որ այս ընթացքում իր աղջիկը չի հասցրել հանդիպել նոր փաստաբանի, իրենք չունեն պայմանագիր:

«Ես էսօր սպասում էի, որ ինքը գա, մենք պայմանագիր կնքենք, որ նա շարունակի իմ պաշտպանությունը»,-բացատրեց ամբաստանյալը:

«Ես այլեւս չեմ կարող նիստերը հետաձգել, ես չգիտեմ, թե ինչու եք դուք միտումնավոր փորձում դա անել,-հակադարձեց դատավորը,-գոյություն ունեն գործի քննման ողջամիտ ժամկետներ, իսկ մենք այդ բոլոր ժամկետները վաղուց անցել ենք: Մենք որոշում կընդունենք ձեր վրա դնել պաշտպանությունը, ինքներդ էլ կիրականացնենք, որովհետեւ այլեւս չենք կարող նիստը հետաձգել»:

Մեղադրող Վլադիմիր Հովհաննիսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ամբաստանյալի նախկին փաստաբանի հիվանդության եւ նոր փաստաբանի փնտրտուքների պատճառով 14 նիստ չի կայացել:

«Ես կարծում եմ, որ ամբաստնայալի միջնորդությունը չպետք է բավարարել, հատկապես, որ նրա խնդրանքով տրամադրվել էր ոչ թե 10, այլ 21 օր, իսկ ինքը արհեստական խոչընդոտներ է ստեղծում»,-նկատեց մեղադրողը:

Չնայած ամբաստանյալ Սուսաննա Մ.-ի ընդվզումներին, թե ինքը չի պատրաստվում մասնակցել դատական նիստին առանց փաստաբանի եւ պատրաստ չի պաշտպանական ճառի, դատարանը որոշեց ներկա կազմով շարունակել դատաքննությունն ու մեղադրական ճառի համար ձայնը տվեց Վլադիմիր Հովհաննիսյանին: Վերջինս իր ճառում նշեց, որ երկու ամբասատանյալների մեղքն էլ լիովին ապացուցվել է: Նա դատարանին միջնորդեց Սուսաննա Մ.-ին պատիժ նշանակել քր.օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ եւ 6-րդ կետերով ազատազրկում 9 տարի ժամկետով, իսկ Նարինե Մ.-ին՝ 7 տարի ժամկետով:

Փաստաբան Մամիկոն Մուրադյանի համոզմամբ կատարվածը չի կարելի թրաֆիքինգ որակել, քանզի տուժող Հ. Մ.-ն հստակ իմացել է, թե ուր է գնացել եւ ինչի համար:

«Դա ապացուցվեց նաեւ դատարանում վկաների տված ցուցմունքներով, ովքեր խոստովանեցին, որ իրենք մարմնավաճառներ են եւ չէին կարող տուժողին տանել Թուրքիա դայակության,-հայտարարեց պաշտպանը,-Հ. Մ.-ի արարքը պիտի որակել տիպիկ խարդախություն, ով Սուսաննային 7000 դոլարի հասնող պարտքը չվճարելու համար կազմակերպել է այս ամբողջը»:

Նիստին ներկա տուժող Հ. Մ.-ն, ով բավական հանգիստ լսում էր մեղադրողի ճառը, պաշտպանական կողմի ելույթի ժամանակ սկսեց անհանգստություն դրսեւորել եւ ընդհատել պաշտպանի խոսքը «սուտ է», «ըդպես բան չկա» արտահայտություններով: Այն պահին, երբ լրացման կարգով, սկսեց խոսել նաեւ ամբաստանյալ Սուսաննա Մ.-ն, տուժողն այլեւս չդիմանալով լարվածությանը, «պառվաբոզ», «շան պես բդի սատկիս» արտահայտություններով հարձակվեց ամբաստանյալի վրա:

«Լկտի, միկրոբ» եւ այլ  հակադարձումներով ամբաստանյալը փորձեց թաքնվել ոստիկանների թիկունքում: Դատավորի հրահանգով դատական կարգադրիչները նիստերի դահլիճից դուրս հանեցին լուտանքներ թափող տուժողին ու նրա մորը:

Փաստաբան Մամիկոն Մուրադյանի համոզմամբ ամբաստանյալի նստարանին հայտնվել են ոչ ճիշտ մարդիկ: Թե Նարինեն, թե Սուսաննան որեւէ մեկին չեն շահագործել: Մեկն առեւտրական է եղել, իսկ մյուսը պարզապես իր «գործով» է զբաղվել Թուրքիայում եւ այս պարագայում դատարանը ճիշտ որոշում կկայացնի, եթե նրանց անմեղ հայտարարի եւ արդարացնի: Նարինե Մ.-ն իր վերջին խոսքում դատարանից խնդրեց արդար դատել, իսկ Սուսաննա Մ.-ն, ով հուզվել էր մեղադրողի միջնորդությունից, նկատեց, որ ինքը 65 տարեկան է ու ստացվում է, որ առեւտուր անելու համար պիտի 9 տարի անցկացնի բանտում ու մահանա այնտեղ: Նա նույնպես խնդրեց դատարանին ճիշտ մոտեցում ցուցաբերել:

«Ես սաղ կյանքս առեւտորվ եմ զբաղվել: Սովետի վախտ էլ, անկախացման տարիներին էլ, Թուրքիայում եղած ժամանակ էլ,-հայտարարեց Սուսաննա Մ.-ն,-իսկ Հրանուշի նմանը, ով մարմնավաճատությամբ կզբաղվի, զոհ կհամարվի: Ինքը շատ լավ էլ լեզուների տիրապետում ա, էդքան էլ խեղճ չի: Համ արաբերեն գիտե, համ ռուսերեն, համ անգլերեն: Տրապիզոն իրա համար ազատ տեղաշարժ էլ ուներ, կխմեր, կծխեր, բայց վերջում ստացվում ա, որ ինքը թրաֆիքինգի զոհ ա, որ իմ 7000 հազար դոլարը չի ուզում տա, իրան զոհ ա ներկայացնում: Ես սա ըսենց չեմ թողելու, ես բողոքելու եմ: 9 տարի ինչի համար նստեմ, մարդ եմ սպանե՞լ: Ինքն իրա համար գա, պոռնկությամբ զբաղվի, ես գնամ նստե՞մ: Էդ ինքը պիտի նստի իրա սուտ ցուցմունքների համար»:

Դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց, որից հետո հրապարակեց վճիռը՝ ամբաստանյալ Նարինե Մ.-ին համար սահմանելով պատիժ ազատազրկման ձեւով 7, իսկ «Դոկտոր» մականունով Սուսաննա Մ.-ին՝ 8 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter