
Դասադուլ անողները օրենք չեն խախտում
«Դասադուլավորները ոչ մի օրենք չեն խախտել, քանի որ դասադուլն, ինչպես նաև գործադուլը, սահմանադրական իրավունք է և պայքարի բավական ընդունված միջոց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Ըստ նրա` այդ հավաքների իմաստն այն է, որ կազմակերպվում են դասի կամ գործի ժամանակ:
Դասադուլի ակտիվիստ Դանիել Իոնիսյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ ընդվզման հիմնական պատճառը կայացած ընտրություններն են. «Դասադուլը բավական հայտնի և նորմալ բողքի միջոց է: Դասադուլ եղել է նաև 2008-ին, դրանից հետո նաև 2010-ին` պարզապես փոքր մասշտաբի»: Նրա խոսքերով`ուսանողական խորհուրդները, որոնք ուսանողների իրավունքների պաշտպաններն են, ոչինչ չեն անում արատավոր երևույթների դեմն առնելու համար. «Կրթական համակարգր գլխին հազար ու մի փորձանք բերվեց, իսկ նրանք ի՞նչ արեցին, ոչինչ»:
Համատեղ ասուլիսի ժամանակ բժշկական համալսարանի ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը նշեց, որ սա որպես դասդուլ բնորոշել չի կարելի. «Դասադուլը լինում է ինքնաբուխ, սակայն այս դասադուլի կազմակերպիչներն ու մասնակիցների մեծ մասը բնապահպաններ են,- ասա նա և ապա հավելեց,- շատ ուսանողներ սովորում են վճարովի համակարգում: Հնարավոր է, որ հոսանքի տակ ընկնեն ու մասնակցեն դասադուլներին, իսկ արդյունքում չափից շատ բացակայությունների դեպքում դուրս մնան համալսարանից, արդյունքում ջուրն է ընկնում այդ տարվա վարձավճարը»:
Անդրադառնալով թեմային` ՀՊՄՀ-ի ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը հայտնեց, որ ցանկացած ուսանող կարող է մասնակցել դասդուլին. համալսարանը նրանց դա չի արգելում:
Մինչդեռ ակտիվիստ Աննա Դավթյանն, ով սովորում է նույն բուհում, հակադրձեց, ասելով որ ուսանողներն անձամբ են հայտնում, որ բուհի դռները փակ են և դուրս գալ չեն թողնում:
ԵՊՀ ՈւԽ նախագահ Րաֆֆի Քարամյանը կարծում է, որ դասադուլը խախատում է այն մարդկանց իրավունքները, ովքեր ուզում են սովորել. «Եթե բողոքի ակցիա անելու ցանակություն կա, ապա պետք է այնպես արվի, որ չխանգարի դասապրոցեսին: Դասադուլ անելը նրանց իրավունքն է, բայց մյուսների խանգարելու իրավունք չունեն»:
Արև Ավագյան
Մեկնաբանել