HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովուրդը երբեք դուրս չէր գա բողոքի, եթե չունենար օբյեկտիվ պահանջներ. Վարդան Խաչատրյան

Այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանը նշեց «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, ժողովրդի վերջին շանսն է հրապարակ դուրս գալ,   բարձրաձայնել իր բողոքի ձայնը. «Վերջին տասնամյակում ընտրություններն այնպիսի բնույթ են կրում, որ ժողովրդին այլ բան չի մնում, քան շանսն օգտագործել և հրապարակ դուրս գալ: Պետք է հանգուցալուծումը լինի այնպիսին, որ բավարարի երկու կողմին էլ: Այս պարագայում  միակողմանի հանգուցալուծումը բառացիորեն անթույլատրելի է»:

Խոսելով այս ընտրություններից` Վ. Խաչատրյանը նշեց, որ կիրառվել է ընտրախախտումների ողջ հանրագիտարանը. «Սրանք  համակարգային ընտրախախտումներ են, որոնք սկսվել են դեռևս օրենքի մշակումից, երբ եղել են այնպիսի  բացթղումներ, որոնք թույլ են տվել զանգվածային կեղծիքներ իրականացնել՝ սկսած կրկնաընտրություններից և ավարտած լցոնումներով»:

Համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ բացի ներքին խնդիրներից, ունենք նաև բավականին լուրջ արտաքին խնդիրներ, որոնք պարզապես իրավունք չունենք հաշվի չառնել: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, վերջինիս խոսքերով, բնականաբար ընտրությունների արդյունքներին ամբողջ հասարակությունը չէր  կարող համամիտ լինել, քանի որ ընտրողների մի ստվար զանգված քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: 

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև վստահեցրեց, որ իրականում ընդդիմությունը չունի այն փաստերը, որոնց մասին խոսում է: Իսկ այն տեղամասերում, որտեղից  բողոքներ են եղել,  իրականացվել է ձայների վերահաշվարկ, եղել է մի քանի ձայնի տարբերություն, ինչը չէր կարող էական ազդեցությոն ունենալ ընտրությունների արդյունքների վրա. «1988 տեղամասում, որտեղ անցկավել են ընտրությունները, հետո նաև վերջնահաշվարկ է անցկացվել, գրանցվել են արդյունքները և այդ արդյուների տակ ստորագրել են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Չի եղել ոչ մի բողոք»:

Ի պատասխան` Վարդան Խաչատրյանը նշեց, որ տոտալ կեղծիք եթե չկա, այսպիսի կոնտրաստ չէր կարող լինել. «Եթե լինեին նորմալ ընտրություններ, նման բազմություն չէինք ունենա օպերայի տարածքում: Իսկ եթե ժողովուրդը կողմ չէ, եթե ժողովուրդը չի համակերպվում, ուրեմն պետք է լինեն ոչ միայն նոր ընտրություններ, այլև նոր ամեն ինչ»:

Իսկ ՀՀԿ ներկայացուցիչը միակ լուծումն համարեց երկխոսությունը. «Ազատության հրապարակում հավաքվել են բոլոր այն մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանությունների գործողություններից: Իմ մտահոգությունը այժմ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ո՛չ էլ իշխանությունը, այլ հենց ժողովուրդը: Ուստի նախագահի, ինչպես նա և Րաֆֆի Հովհաննիսյանի  հիմնական խնդիրը պետք է լինի լսել և հաշվի նստել մարդկանց հետ»:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter