«Քանի մարդը կապրի, բդի մարդավարի ապրի»
Հայ-թուրքական սահմանից ընդամենը 37 մետր հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում «չկա»-ների ցանկն այնքան շատ է, որ բնակիչները դժվարանում են առանձնացնել ամենա-ամենան: «Որովհետեւ ինչից էլ խոսանք, էսօրվա դրությամբ մեզի շատ պետք է»,-արդարանում են հայկաձորցիները: 58-ամյա 9 երեխայի հայր Վազգեն Գեւորգյանն ամենաառաջնայինը համարում է գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը:
«Նորմալ փողոցներ ունենանք, մայթ էղնի, թե չէ գարունը կբացվի ցեխի մեջ ենք, աշունը գուկա ցեխի մեջ ենք, ամառը քամին կելնի՝ փոշին մեզի կուդե,- դժգոհում է Վազգեն Գեւորգյանը,- ու շարունակում է թվարկել` մանկապարտեզ էղնի գյուղին, ակումբ էղնի, զբաղմունքի տեղ ունենանք, դպրոցը լավ է, կա, բայց երեխեքի համար մանկապարտեզը պետք է, իմ երեխեքս չեն գնացել, բայց գոնե թոռներս էրթան: Մե խոսքով գուզենք նորմալ ապրինք, վերջը մենք էլ ենք մարդ: Կհասկնանք օր սովետի վախտերն անցել են: Էն ժամանակ էս սաղ փողոցները ասֆալտապատ են եղել, բայց հմի հենց էդ մասին կխոսաս, կըսեն ասֆալտը թանկ հաճույք է: Հըմի օր ճիշտը խոսանք` մեռնելն էլ է թանկ հաճույք, ապրելն էլ, բայց քանի մարդը կապրի, բդի մարդավարի ապրի»:

542 բնակիչ ունեցող Հայկաձորում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Վազգեն Գեւորգյանն, օրինակ գերադասում է հիմնականում ընտանի թռչուններ եւ մանր եղջերավոր անասուն պահել: Ասում է` եկամուտը դրանից ավելի շատ է: Գյուղում 27 ընտանիք զբաղվում է մեղվաբուծությամբ, սակայն հայկաձորցին մեղրն արտադրում է հիմնականում սեփական սպառման համար:
Հայկաձորցիները հույսեր չեն կապում նաեւ անասնապահության հետ: Գյուղացիներին պատկանող մոտ 1000 հա արոտավայրի ուղիղ կեսը փշալարից այն կողմ է ու անօգտագործելի: Համայնքի ղեկավար Գեւորգ Սարգսյանն ասում է, որ խնդիրը ոչ մի կերպ չի կարգավորվում՝ չեն կարողանում լեզու գտնել սահմանապահ զորքերի հետ եւ սեփական արոտավայրերում անասունին արածացնելու տանել:
![]() |
![]() |
|
| Վազգեն Գևորգյան | Գյուղապետ Գևորգ Սարգսյան |
«Չեն թույլատրում ու վերջ: Տարիներ շարունակ էս հարցը չի կարգավորվում, դրա համար էլ մարդիկ չեն ձգտում անասուն պահել: Խոտն աչքերի առաջ չորանում-փչանում է, ինքը ստիպված խոտն առնում է: Դա անարդարացի է, գյուղացին էլ թեւաթափ է լինում»,- ասում է Գեւորգ Սարգսյանը: Ամեն տարի գյուղից մոտ 60 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի:
Գյուղում մեղվաբուծությունը զարգացնելու վերաբերյալ հայտնում են, որ դրա համար նախ` պիտի միավորում ստեղծել, համախմբել ցանկացողներին, ներդրում կատարել, իրացման համար շուկաներ որոնել եւ այլն:
«Մենք մի 3-4 փեթակ մեղու ունինք, 5-6 տարի է կզբաղվինք մեղվաբուծությամբ, էնքան օր տունը երեխեքի համար մեղր էղնի, վաճառելու մասին չենք մտածե, որովհետեւ իրացման խնդիր կա: Մեղվաբուծությունը ոչ էդքան ծախսատար է, ինչքան խնամք պիտի տաս, պիտի կարողանաս պահել, շատացնել: Օր վերցնես մեղվաբուծությունն ավելի եկամտաբեր է, քան անասնապահությունը»,- ներկայացնում է Հրաչ Ստեփանյանը:
![]() |
![]() |
| Հրաչ Ստեփանյան | Օվսաննա Ստեփանյան |
Գյուղում ամենաշատ մեղվաընտանիքները համայնքապետինն են: Տարիներ շարունակ այդ գործով է զբաղվել: Անցած տարի, երբ համայնքապետ ընտրվեց, մտածեց, որ գյուղի զարգացման ծրագրերում անպայման տող առանձնացնեն մեղվաբուծության զարգացման վերաբերյալ:
«Հարցը, երբ հասնում է ֆինանսին` խեղճանում ենք, 6 մլն դրամանոց բյուջեով որ մի ծրագիրն անես, որ գյուղդ զարգանա, դժվար է»,- պարզաբանում է Հայկաձորի համայնքապետ Գեւորգ Սարգսյանը:
Գյուղի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից հաջորդը խմելու ջրի խնդիրն է: Հայկաձորցիները ջուրը ստանում են խորքային պոմպերի միջոցով՝ 3-4 օրը մեկ անգամ: Ամռան ամիսներին գրաֆիկը կրճատվում է: Համայնքապետն ասում է` զգուշանում են համաճարակից, դրա համար էլ 2 օրը մեկ են ջուրը բաց թողնում այդ ամիսներին:
«4 օրը մեկ անգամ ջուր կուդան, տոննանոց բոչկա ունինք, էնտեղ կլցնենք՝ լվացք է, ճաշ է, խմել է, պիտի փորձենք տեղավորվինք, թե չէ եթե ստիպված էղար շատ ջուր օգտագործելու, ումից էրթաս ուզես, սաղն էլ իրանց սուղ պաշարով բդի դիմանան, մինչեւ հաջորդ անգամ ջուր տալը»,- նեղսրտում է Օվսաննա Ստեփանյանը: Վերջինիս ասելով, պատահել է, որ շաբաթով, ամսով ջուր չեն ունեցել, ստիպված ուրիշ տեղերից են բերել ցիստեռներով կամ գնել են: Երեխաների համար ջուրը եռացնում են, որովհետեւ հավաքած ջրից 3-րդ, 4-րդ օրն արդեն համ է գալիս:
![]() |
| Զորակ Սարգսյան |
Պոմպերի միջոցով խորքային հորերից գյուղ հասնող ոչ թե ջրի, այլ էլեկտրաէներգիայի վարձն են տալիս հայկաձորցիները: «Գյուղացիների համար ամեն դեպքում թանկ հաճույք կլինի, եթե ամեն օր ջուր տանք: Պոմպը 4 օրը մեկ կմիացնենք, արդեն ամիսը 200 հազար դրամ կկազմե հոսանքի վարձը,- նկատում է աշխատակազմի քարտուղար Զորակ Սարգսյանը,- հետո էլ մեր գյուղի ջրի խողովակները շատ հին են, 8 կմ ներքին ցանցը 1950-ականներին է կառուցվել ու արդեն փտել է»:
«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ Հայկաձորում շուտով համակարգչային կենտրոն կբացվի: Կենտրոնը կգործի համայնքապետարանի շենքում, որի համար համայնքապետ Գեւորգ Սարգսյանը տրամադրել է ներսից կիսավեր շենքի համեմատաբար բարվոք սենյակը: Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար կազմակերպությունը տրամադրել է 1 մլն 400 հազար դրամ, 480 հազար դրամի ներդրում կատարել է համայնքը:
«Ընդհանրապես մեր գյուղի բոլոր շինությունները 100-120 տարվա պատմություն ունեն: Համայնքապետարանի շենքն էլ անցած դարի 40-ականների կառույց է: Սկզբից կոլխոզի, հետո սովխոզի գրասենյակ է եղել, անկախության տարիներին էլ՝ գյուղապետարանն է տեղավորվել այստեղ: Հիմնանորոգելու համար 10 մլն դրամ է պետք, «Քաունթերփարթը» պատրաստ է աջակցել, պարզապես էն 40 % ներդրումը մենք առայժմ չենք կարողանում ապահովել ու այդ ծրագիրը դեռ կասեցված է»,-ասում է համայնքապետը:
Գյուղում նոր շինությունը դպրոցն է, որտեղ 60 աշակերտ է հաճախում, նոր բացված նախակրթարանում էլ՝ 8 երեխա: Հայկաձորում, եթե համայնքային կենտրոն կառուցվեր, ապա կլուծվեր նաեւ մշակույթի տան, գրադարանի, համայնքապետարանի խնդիրը: Դեռեւս թղթի վրա են մնում մանկապարտեզ եւ արվեստի դպրոց ունենալու ծրագրերը:

«Ծրագրեր կազմելը կազմում ենք, խնդիրների առաջնահերթությունն էլ գիտենք, բայց գումար չկա դրանք իրականացնելու համար,- ասում է Զորակ Սարգսյանը,- գյուղը հիմի տրանսպորտի խնդիր ունի: Առաջ մերոնք գնացքից էլ կօգտվեին, երեւի ավելի շատ քան օրն ընդամենը 2 անգամ գյուղ մտնող գազելից, բայց մեր մոտի կայարանը քանդին, աշխատողներին կրճատին, հմի հիմնականում մնացել ենք սեփական ավտոների հույսին»:
Գյումրի-Արմավիր մայրուղուց գյուղ մտնող 3,5 կմ-ի հիմնովին ասֆալտապատման հարցը գյուղի զարգացման ծրագրերում ամենառաջնայիններից է: Հայկաձորն ու պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքն իրարից բաժանում է Ախուրյան գետը: Ամռանը մեկ-մեկ խմբեր են այցելում գյուղ եւ հարմարեցված դիտակետից հեռադիտակների օգնությամբ դիտում Անիի եկեղեցական կառույցները: Քանդված ճանապարհն ամենամեծ խոչընդոտն է զբոսաշրջիկների գյուղ հասնելու համար: Եւս 500 գծամետր էլ հիմնանորոգման կարիք ունի գյուղի հատվածում, դեպի այդ դիտակետ տանող ճանապարհը:
«Առաջիկա քառամյա ծրագրում պիտի ընդգրկենք այդ 3,5 եւ գումարած եւս կես կմ-ի հիմնանորոգումը, բայց որեւէ հույս չունենք, թե սայլը տեղից կշարժվի»,- նկատում է Գեւորգ Սարգսյանը:
Տուրիստների հոսքը, եթե կարողանան ապահովել, ապա գյուղացիները տեղում իրենց բնամթերքը կիրացնեն: Դա մեծ եկամուտներ չի ենթադրում, սակայն որոշակի գումար կմտնի ընտանեկան բյուջե ու հաց, կաթ, մածուն, մեղր վաճառելու համար հարկ չի լինի հասնել Գյումրի: Հայկաձորում խոստովանեցին, որ այս ուղղությամբ մտածել են, սակայն դեռ լավ չեն կողմնորոշվում, լավ չեն պատկերացնում, թե ինչպե±ս են գովազդելու իրենց ունեցածը, ինչպե՞ս են հասնելու նրան, որ տուրիստները հասնեն Հայկաձոր, որ տուրօպերատորներն աշխատեն իրենց հետ:
«6 մլն 700 հազար դրամ սեփական բյուջեն է, 3 մլն դրամ դոտացիան է, որից 5 մլն 700 հազարը աշխատավարձի վրա է գնում, մոտ 1 մլն դրամ սոցիալական աջակցություն ենք տալիս, որոշակի պահպանման ծախսեր ունենք: Ինչ որ ծրագրեր իրականացնելու համար 1 կամ 2 մլն դրամ է մնում, որ կարող ենք ներդնել, բայց ի±նչ գործ անես էդ գումարի շրջանականերում, որ արդյունավետ լինի: Գյուղի 14 կետ գիշերային ցանցն էլ մենք մեր ուժերով չենք արել, էլի «Քաունթերփարթն» է աջակցել,- ասում է Գեւորգ Սարգսյանը,- էնպես, որ մենք էլ ենք հասկանում, որ փայտե զուգարանով, քանդված ճանապարհներով, առանց որոշակի ներդրումների տուրիզմ չես զարգացնի»:
Թեպետ հնչեցրած մի շարք «չկա»-ներին, Հայկաձորում դրականն էլ քիչ չէ: Գյուղից արտագաղթ չկա, անցած 5 տարում ընդամենը 4 ընտանիք է հեռացել Հայկաձորից: Ծնելիության աճ է գրանցվել` անցած տարի Հայկաձորում 8 փոքրիկ է լույս աշխարհ եկել: 2012թ.-ի ուսումնական տարում էլ 6 առաջին դասարանցի են ունեցել:
«Մնում է, որ մարդկային ռեսուրսը սահմանմերձ այս բնակավայրում պահելու համար վերը թվարկված խնդիրները լուծվեն»,- զրույցն ամփոփում է Հայկաձոր համայնքի ղեկավարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ




Մեկնաբանել