Վարչապետի դիտարկումը. պետությունը 100 տոկոսով բավարարել է գյուղացիական տնտեսություններից ստացված հայտերը
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերից, ՀՀ մի քանի նախարարությունից և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել դիզելային վառելանյութի ավելի քան 300 հազար լիտրի, ազոտական պարարտանյութի ավելի քան 4 հազար տոննայի լրացուցիչ պահանջարկ` ՀՀ կառավարությունը որոշել է բավարարել այն` ավելացնելով մատակարար կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի և դրամաշնորհի չափը։ Այսպիսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունը 100 տոկոսով բավարարել է գյուղացիական տնտեսություններից ստացված հայտերը։
Սա երկրի հողօգտագործողների համար լուրջ աջակցություն կհանդիսանա գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում, մասնավորապես կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակը և գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի շահավետ։
Կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների իրականացման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել մոտ 680 մլն դրամ։ Դրանով իսկ գարնանային վարարման ժամանակ կկանխվի գետերի ամենախոցելի 14 տեղամասերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։
«Այս խնդրին մենք անդրադառնում ենք տարեկան երկու անգամ և կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 700 մլն դրամ հատկացնում դրա իրագործմանը, - հավելել է վարչապետը։ - Սա այս տարվա առաջին հատկացումն է, աշնանը կլինի նաև երկրորդը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել