
Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդես 2013. տարածաշրջանի համայնապատկերը
Այսօր Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև այլ շահառուներ: Կովկասյան զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը խթանում է զբոսաշրջությունը և իր շուրջը համախմբում Երևանից և Հայաստանի մարզերից եկող շուրջ 18 հազար այցելուների: 1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և գործնական կապերի հաստատման հարթակ:
Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին մասնակցում են զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 11-ը` ՀՀ մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից:
Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերությունների հետ, տեղեկանալու ոլորտի նորություններին և զբոսաշրջային ապրանքին, ներկայացնելու իրենց բիզնեսները և տեղում վաճառելու զբոսաշրջային փաթեթներն ու ծառայությունները:
Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:
Ցուցահանդեսը կազմակերպել են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը : «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջոցով տրամադրվող օժանդակությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի մարզերին զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերություններին, աշխատանքի տոնավաճառի կազմակերպմանը և միջոցառման մարքետինգի իրականացմանը:
CTS 2013-ին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, «Մարիոթ Արմենիա» և «Անի պլազա» հյուրանոցները, «Էլիտ բաս» տրանսպորտային ընկերությունը, «Ֆայվ Սթարզ Թրավել» զբոսաշրջային ընկերությունը, «Իվենթս Սոլուշնս էնդ Ինսենթիվս» ընկերությունը, «Կիլիկիա» և «Ակումբ» ռեստորանները, «Արձագանք» ռադիոկայանը, «Տուրինֆո» ամսագիրը և «Սփյուռ» գործարար տեղեկատվական համակարգը:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Մեկնաբանել