
Արցախի ճանաչման «երկրորդ ճակատում» ձեռքբերումները շարունակվում են
Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորներ փետրվարի 26-ին հռչակագիր են ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին:
«Այդ փաստաթղթի հռչակման միջոցառմանը մասնակցելու համար ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հրավիրված է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ով նույնպես այս հռչակագրի ընդունման ուղղությամբ ջանք ու եռանդ է թափել»,- հայտնում է yerkir.am: Հռչակագրի ընդունումը կարևոր քայլ է համարվում ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին:
«Հետքը» «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանին և Արցախի ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել այս իրադարձությունը:
Խանումյանը համագործակցության խորհրդարանական ձևաչափը շատ ավելի մատչելի և քիչ խոցելի է համարում ադրբեջանական հիստերիայի տեսանկյունից. «Սա բավականին լուրջ գործընթաց է: Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների որոշումը ես կապում եմ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի և Լիտվայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի հետ: Գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի Արցախի Ազգային ժողովում էլ ձևավորվեն տարբեր երկրների հետ բարեկամության պատգամավորական տարբեր խմբեր»:
Ըստ Խանումյանին՝ լուրջ պոտենցիալ կա տասնյակ խորհրդարաններում Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբեր ստեղծելու:
«Հայ հեղափոխականա դաշնակցությունը դեռ տարիներ առաջ էր գտել, որ Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհը ոչ միայն Մինսկի խմբի շրջանականերում բանակցություններն են, այլ նաև Ղարաբաղի ճանաչման գործընթացի, այսպես ասած, երկրորդ ճակատը: Սակայն ՀՅԴ-ն նշել է, որ ինքը կարող է այդ գործունեությանն առավել ակտիվորեն մասնակցել, եթե Ղարաբաղի իշխանությունները հաստատեն այդ քաղաքականությունը: Եվ Ղարաբաղի իշխանությունները հաստատեցին դա, մասնավորապես՝ Բակո Սահակյանը, երբ Ֆրանսիայում հայտարարեց, որ պետք է սկսել Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Եվ Ղարաբաղի իշխանությունների հետ մենք սկսեցինք այդ խնդրի լուծումը»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նա դրա արգասիքն է համարում Ուրուգվայի պատվիրակության այցը Արցախ և Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի, ԱՄՆ Ռոդ Այլենդի ու Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմինների կողմից ԼՂՀ ճանաչումը. «Լիտվան միշտ էլ անկախության կողմնակից է եղել և դեմոկրատական առումով գտնվում է բարձր զարգացման վրա: Եվ ինքնստիքյան այս երկու կետերը հիմք հանդիսացան, որ Լիտվան արձագանքի ազգերի ինքնորոշման իրավունքի հաստատմանը»:
Ըստ Արմեն Սարգսյանին՝ չնայած դրան, պետք է շարունակել սկսածը. «Պիտի օգտագործենք մեր բոլոր հնարավորություննեըև մեր դիվանագիտությունը, որպեսզի շարունակենք Ղարաբաղի ճանաչման գործընթացը»:
Մեկնաբանել