Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյաական իրավունք չունի կասկածի տակ դնել մեր ընտրությունները. Համլետ Հարությունյան
Ելենա Թորոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, նախ ցավակցեց բոլոր զոհերի հարազատներին, ապա նշեց, որ այդ դեպքերը քաղաքական անհեռատեսության հետևանք էին. «Իհարկե, պետք է հայտնաբերվեն և պատժվեն կոնկրետ մեղավորները, բայց անդառնալի կորուստը չենք կարող հետ բերել: Այդ դեպքերի համար մեղավոր ենք բոլորս»:
Պատգամավորի խոսքերով, բոլոր տեսակի քաղաքական ճգնաժամերը հղի են անկանխատեսելի հետևանքներով, իսկ այն, որ կլինեն զոհեր, գրեթե անխուսափելի է: Բայց մեր ժողովրդի պատմության մեջ Մարտի 1 այլևս չպետք է կրկնվի:
Անդրադառնալով այսօրվա դեպքերին՝ Հ. Հարությունյանը նշեց, որ ամեն օր ինչ-որ ուժեր փորձում են քաղաքական ճգնաժամ պարտադրել ժողովրդին, ինչը մեզ համար լեցուն է մահացու հետևանքներով, քանի որ ներքին տնտեսական և սոցիալական խնդիրներից բացի՝ ունենք ավելի կարևոր` արտաքին խնդիր. «Այսօր բազմաթիվ ուժեր ուղղորդվում են մեզ ոչ բարեկամ կազմակերպությունների և պետությունների կողմից, քաղաքական ճգնաժամ են պարտադրում ժողովրդին: Դա առաջին հերթին ձեռնտու է արտաքին թշնամիներին: Հնարավոր է՝ խորանա ճգնաժամը, ստեղծվի անկառավարելի վիճակ, այդ ժամանակ չեմ բացառում, որ թշնամին կօգտվի դրանից»:
Պատգամավորը նաև հավելեց, որ այսօր դասադուլի, ցույցերի կոչ անողներն էլ հիմնականում այն կազմապերպություններից են, որոնք ֆինանսավորվում են դրսից: Ապա, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներից՝ նշեց, որ վերջինս ոչ մի բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել ընտրությունները, քանի որ նա և իր թիմը չունի ոչ իրավական, ոչ քաղաքական փաստարկ, ապացույց, որ ընտրակեղծիքնր են եղել: Իսկ ժողովրդին այսօր առաջին հերթին անհրաժեշտ է ոչ միայն եւ ոչ այնքան նախագահ, որքան գլխավոր հրամանատար:
Համլետ Հարությունյանը խոսեց նաև Ռուբեն Հախվերդյանի երեկ` Ազատության հրապարակում արած հայտարարության մասին՝ նշելով, որ նման բան կարող էր ասել միայն արցախցիների նկատմամբ անասնական ատելություն ունեցող հայ մարդը. «Եթե այն մակարդակի ենք հասել, որ այսպես ասած՝ մեր «մշակույթի» մարդը Արցախը համարի Ադրբեջանի հեռավոր շրջան… Պատերազմում 15 հազարից ավելի երիտասարդներ են զոհվել, որ այսօր Ռուբեն Հախվերդյանը կանգնի և ասի Արցախը Ադրբեջանի հեռավոր շրջան է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել