HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատական գանգատ ՄԻԵԴ՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ

Բուդապեշտում սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների և մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:

Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարությանը Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի   պահանջներին պամապատասխան  Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես երրորդ կողմ:

Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն:

Բացի այդ, նախատրաստվում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին  ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականությունը և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:

Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի Նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, և այդ հիմքով ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու և խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար:

Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբարեբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀՀ արդարադատության նախարարություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter