HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր գիրք, որ կխոչընդոտի «ադրբեջանցի պատմաշինարարներին»

Կիմա Խաչատրյան

«Նովոստի» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» և ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև համագործակցության արդյունքում հրատարակված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանը:

Ղևոնդյանն ասաց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» արդեն տևական ժամանակ հանրային իրազեկման ոլորտում իրականացնում է ակտիվ գործունեություն, որի հերթական հանգրվանը ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանի հետ համագործակցության արդյունքում ռուսերեն լեզվով հրատարակված աշխատությունն է:

Ղևոնդյանը նաև նշեց, որ համագործակցության խնդիրը հստակ է՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ օբյեկտիվ պատմական տեղեկատվության ներկայացում ու հանրային իրազեկում:

«Օտարալեզու լսարանին միշտ չէ, որ հասանելի է օբյեկտիվ տեղեկատվություն, հետևաբար՝ խնդիր դրվեց օտարալեզու հարթակներում հստակ գիտական աշխատությամբ ներկայացնել պատշաճ տեղեկատվություն: Գիրքն ամենատարբեր օղակներով տարածվելու է ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ այլ հարթակներում, եվրոպական համալսարաններում, հետազոտական կենտրոններում և այլն»,- ասաց Ա. Ղևոնդյանը:

Գրքի հեղինակ Արտակ Մաղալյանը ներկայացրեց գրքի բովանդակությունն ու կիրառական նշանակությունը:

«Գաղտնիք չէ, որ հայոց պատմությունը լայն կեղծարարության թիրախ է մեր հարևան երկրի պատմաշինարարների կողմից: Չկա հայոց պատմության մի շրջան, որ հետևողականորն չկեղծվի ադրբեջանցի պատմաշինարարների կողմից: Նրանց կողմից կեղծարարության հիմնական թիրախը Արցախի պատմությունն է՝ իր ներկայով և անցյալով, Արցախում հայկական պետական կազմավորումների՝ Խամսայի մելիքությունների պատմությունը: Մեր խնդիրն է պարզապես օբյեկտիվ փաստերով իրականությունը ներկայացնել»,- ասաց Ա. Մաղալյանը:

Պատմաբանը ընդգծեց, որ աշխատությունում լայնորեն օգտագործված են արխիվային նյութեր, ժամանակակիցների ձեռագրական սկզբնաղբյուրներ, հայ, մահմեդական, պարսիկ, ռուս, վրացի հեղինակների պատմագրական աշխատություններ, որը օտար ընթերցողին մատչելի լեզվով ցույց կտա Արցախի մելիքությունների պատմությունը և նրանց խաղացած առանցքային դերակատարությունը հայոց պատմության մեջ:

«Եթե մենք այսօր ունենք Արցախի ազատ և ինքնիշխան պետություն, ապա այդ պետության ենթախորքում որոշակի դերակատարություն ունեն Արցախի հայկական մելիքությունները: Դա է աշխատության կիրառական նշանակությունը»,- ասաց Ա. Մաղալյանը:

Աշխատության հավելվածում զետեղված 50 փաստաթղթերը, որոնց մեծ մասը հրատարակվում է առաջին անգամ, ներկայացնում է Արցախի մելիքությունների պատմության մի շարք հիմնահարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter